Ստեփանակերտ մտնող բոլոր գետերի ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստին քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն խմ:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ, երբ խոսվում է մեր ջրային պաշարների կամ դրանց կառավարման մասին, պարտավոր ենք խնդրին անդրադառնալ հետպատերազմյան տրամաբանության ներքո, ապա մանրամասնեց, թե ինչու․

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը, որով նախատեսված էր 3 շրջանների՝ Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի հանձնումն Ադրբեջանին, մեզ համար բացի երևացող և բազմիցս քննարկված հարցերից՝ խնդիրներ են առաջացել նաև ջրային անվտանգության առումով։ Քարվաճառը և՛ Արցախի համար, և՛ Հայաստանի համար ջրային անվտանգության առումով ունի կարևոր նշանակություն, դա որոշակի ապահովում ունի և առնչվում է և՛ Սևանա լճի ավազանի հետ կապված հարցերին, և՛ ուղիղ ձևով կապված է Արցախի Հանրապետության ջրային ընդհանուր համակարգի հետ։ Միայն այն ցուցանիշը, որ Արցախի գետերի ակունքների մոտ 98 տոկոսը գտնվում է Քարվաճառում, իսկ Քարվաճառը, ինչպես ասացի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնվեց Ադրբեջանին, արդեն իսկ խոսում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամի մասին»։

Պատգամավորը հիշեցրեց, որ Ստեփանակերտի բնակիչներն արդեն 2 շաբաթ զրկված են խմելու ջրից, մի մասն էլ այն ստանում է խիստ ընդհատումներով, ապա շեշտեց, որ Ստեփանակերտ մտնող հիմնական  գետերը, որոնք խմելու ջրի նշանակություն ունեն, դրանց ակունքներն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տիգրան Աբրահամյանն իր ելույթում նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Քարվաճառ և Քաշաթաղ այցերին և կարևոր դրվագ առանձնացրեց․

«Մի քանի կադրերում խոշոր շինարարական տեխնիկա նկատեցի, տարբեր գետերի հատվածում աշխատանք է իրականացնում, չեմ ուզում կանխատեսումներ անել, իհարկե, որոշակի դիտարկումներ ունեմ այս տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու առաջիկայում, բայց ես կարծում եմ, երբ խոսում ենք Հայաստանի ջրային անվտանգության կամ ջրային ռեսուրսների կառավարման մասին, սրան զուգահեռ՝ պետք է դիտարկենք նաև Արցախում այսօր ստեղծված խորը վիճակը, որովհետև այս դահլիճում առաջին իսկ օրվանից մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների մասին, բայց ասեմ, որ այսօր ջրի հետ կապված խնդիրները, որոնք այսօր ստեղծված են Արցախում, ոչ պակաս կարևորություն և նշանակություն ունեն, քան անվտանգային խնդիրներն են․․․ Այս տեսանկյունից ես կկարևորեի, որպեսզի այսօրվա բանախոսը Սևանա լճի խնդրին անդրադառնալիս նաև նշեր, թե արդյո՞ք հետպատերազմյան ժամանակահատվածում խորը հետազոտություններ իրականացվել են ստեղծված ջրային անվտանգության սպառնալիքների մասով, և արդյոք արդեն պա՞րզ է՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ինչ ազդեցություն է ունենալու այս ջրային պաշարների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս