Հասկանանք՝ ջուր չի՞ եղել, թե՞ ջուրը սխալ է կառավարվել. Արթուր Խաչատրյան
Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց էր՝ Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն:
ԱԺ ամբիոնից նախագիծը ներկայացնող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, թե 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ՝ պայմանավորված կլիմայով: Եվ որպեսզի ընդհանուր 2021թ.-ի համար ջրի դեֆիցիտը չկազմի 97.53 մլն խորանարդ մետր, ինչպես նշված է նախագծում, առաջարկվում է 2021թ. ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանել 245 մլն խորանարդ մետր՝ լճից լրացուցիչ 75 մլն խորանարդ մետր ծավալով ջրբացթողում իրականացնելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած նախագծում չկան փաստարկված տեղեկություններ, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք կա ջրի դեֆիցիտ, թե՞ խնդիրն առաջացել է սխալ կառավարման հետևանքով:
«Հարգելի ֆերմերներ, գյուղատնտեսական տնտեսություններ, ես պատկերացնում եմ ՝ այս քննարկումն ինչ սոուսի տակ է ներկայացվելու, որ «կառավարությունը փորձում է ձեր դարդին դարման անի, ձեր այգիները և դաշտերը չորանում են, ուզում ենք վայրկյան առաջ ջուր հասցնել, բայց էս վատ ընդդիմությունը փորձում է դա տապալի»: Հիմա այդ մտահոգությունները փարատելու հետ կապված մի քանի հարց տամ (ափսոս չկարողացա, ժամանակը չհերիքեց, որ հարցեր տայի, որ ավելի հստակ լիներ):
Պարոն Սարգսյան, Ձեր ներկայացրած հիմնավորման մեջ անընդհատ հղում է կատարվում, շոգ և սակավաջուր պնդումներն է արվում: Ավելի վստահ լինելու համար ես, օրինակ, կցանկանայի իմանալ՝ վերջին 10 տարվա միջին ջերմաստիճանը և այս տարվա միջին ջերմաստիճանը, ինչքան է տարբերությունը եղել, վերջին 10 տարվա ընթացքում տեղումները և այս տարվա տեղումները, արդյո՞ք մենք ունեցել ենք երաշտ, կամ արդյո՞ք մեզ մոտ եղել է այնքան անապատային վիճակ, որ առաջացել է այդ պահանջը: Չեմ վիճում, իհարկե, բայց հիմնավորումն ավելի հիմնավոր դարձնելու համար, կարծում եմ՝ այդ թվերը պետք է բերված լինեին, որ մենք իմանայինք, որ ջուր չի եղել, և դա համադրեինք վարչապետի կամ ժամանակավոր պաշտոնակատարի, ժամկետը չեմ հիշում, արտահայտության հետ, որ մեր 3 ջրամբարները լիքն են, և գյուղատնտեսության համար լավ տարի է լինելու: Խոսքը նաև վերաբերում էր Սևանին:
Հասկանանք՝ ջուր չի՞ եղել, թե՞ ջուրն ուղղակի սխալ է կառավարվել, ինչո՞ւ է ոռոգման սեզոնը 10 օր շուտ սկսվել, և այդ 10 օրը, վերջիվերջո, չմոռանանք, պլյուս-մինուս մի քանի օրով համընկել է արտահերթ ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Վերջիվերջո, հասկանանք՝ մեր տնտեսության մեջ ջրի պահանջարկն ինչքա՞ն է կազմում, ինչքա՞ն ջուր է գնում խմելու, ինչքա՞ն ջուր է գնում գյուղատնտեսությանը, դրա հետ միասին հիդրոէներգետիկային ինչքա՞ն է գնում… Այդ անալիտիկան էլ ընդհանրապես չունենք: Այսինքն՝ կշռադատված, տեղեկացված որոշում տալու համար մեզ տեղեկություններ չի տրամադրվել: Ուղղակի ասում են՝ «ջուր չկա, վատ է վիճակը»»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում