«Այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, ինքը պետք է հիմք հանդիսանա, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր». Հ2-ի փոխտնօրեն
Հանրային երկրորդ հեռոստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանն այսօր հրավիրել էր ասուլիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծման վերաբերյալ, մասնավորապես, թե ՀՌՀ որ անդամն ինչպես է քվեարկել:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային սլոթի լիցենզիայի մրցույթը կայացել էր հուլիսի 4-ին, որին մասնակցել էին Հ2-ը, «Փաստ ինֆո»-ն և Հանրային հեռուստատեսությունը, հաղթել է Հանրային հեռուստաընկերությունը: ՀՌՀ որոշումը Հ2-ը բողոքարկել է, բողոքն էլ դատարանը վարույթ է ընդունել:
Ըստ Սուլթանյանի՝ մրցույթի ավարտից մինչ օրս տեղի են ունեցել բացահայտումներ, որոնք ամփոփված են եղել Հ1-ի ռեպորտաժում: Ռեպորտաժում ասված է, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ծավալուն մոնիտորինգից հետո եկել է եզրակացության, որ «հանձնաժողովի երկու անդամներ բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ»: Ըստ ՀԿ զեկույցի ու Հ1-ի ռեպորտաժի՝ հակասությունը հանձնաժողովի անդամներ Դավիթ Ամալյանի և Արմեն Մկրտչյանի քվեարկության մեջ է: Ռեպորտաժում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ նշում է, թե հանձնաժողովի հիշյալ երկու անդամները մտածված գործողության են դիմել, «որպեսզի ամեն գնով զրկեն Հանրային հեռարձակողին եթերից»:
Ռեպորտաժում նաև նշվում է, որ Դավիթ Ամալյանը և Արմեն Մկրտչյանը մասնակցել են «քաղաքական ակցիաների», ու հիշեցվում է, որ Ամալյանը ՀՌՀ անդամ է նշանակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ-ի կողմից 2019թ.:
Հ2 հեռուստատեսության փոխտնօրենի խոսքով՝ Հ1-ի ռեպորտաժում բացահայտվում են մի խումբ խնդիրներ՝ իրավական, բարոյական:
««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը հոդված 46-ով ուղիղ սահմանում է, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է կարգավորող պետական մարմնի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով: Այսինքն՝ օրենքի ուղիղ պահանջ կա, որ այս քվեարկությունը պիտի լինի փակ: Այսինքն՝ որևէ մեկը չպիտի իմանա՝ ով ոնց է քվեարկել: Մենակ այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, ինքը պետք է հիմք հանդիսանա, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր»,- հրավիրված ասուլիսում ասաց Լևոն Սուլթանյանը:
Սուլթանյանի խոսքով՝ այն վերլուծությունները, որոնք նկարագրված են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նյութում, ամբողջությամբ վերցված են ՀՌՀ հուլիսի 4-ի որոշումից: Միակ բացահայտումն էլ, ըստ Սուլթանյանի, քվեարկողների բացահայտումն է:
Անհրաժեշտ է ընդգծել, որ այս մրցույթին չի մասնակցել Հանրային հեռուստաընկերության գլխավոր ալիքը, որն առանց մրցույթի ստանում է հանրապետական լիցենզիա: Խոսքը Հանրային հեռուստաընկերության նոր ալիքի մասին է, որը մրցույթի ժամանակ դեռևս գոյություն չի ունեցել, եթեր չի ունեցել:
Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամների նշանակումներին՝ Սուլթանյանի խոսքով՝ հանձնաժողովի բոլոր 7 անդամներն էլ նշանակվել են մինչև 2018թ. իշխանափոխությունը ու այդ տեղեկությունը հասանելի է հենց ՀՌՀ կայքում:
«Եթե ընդհանրապես կա նման դիրքորոշում, ապա բոլորն էլ նախկին են»,- նշեց Սուլթանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում