Բաժիններ՝

Տեղի ունեցավ Րաֆֆի Հերմոն Արաքսի հուղարկավորությունը

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Պոլսահայ հայտնի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության և հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր Րաֆֆի Հերմոն Արաքսի վերջին հրաժեշտի արարողությունը. Նրան հրաժեշտ տալու եկել էին բազմաթիվ հասարակական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու ընկերներ:

«Արմենպրես»- լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ ծանր է պատկերացնել, որ բազմաթիվ ծրագրերի ձեռնամուխ եղող անձն այլևս ողջ չէ:

«Թուրքերենի ողջ խմբագրության հետ միասին շատ սեղմ ժամկետում կարողացանք կազմակերպել այդ բաժնի աշխատանքները և ծանր է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ: Օրեր առաջ նոր նախաձեռնություններ էինք քննարկում, Րաֆֆին էլ իր գործին նվիրվել էր մեծ պատասխանատվությամբ: Մենք կորցրել ենք լրջագույն մտավորականի, գործընկերոջ, բանիմաց խմբագրի, ում բացակայությունը գործակալության և իրեն ճանաչողների համար զգալի ու տեսանելի է լինելու»,- ասաց Անանյանը:

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ ինքը Րաֆֆիի հետ ծանոթ է եղել շուրջ 30 տարի:

 

«Ծանոթացել եմ իր հետ, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել: Նա այդ ժամանակ փորձեց իր հնարավորություններն օգտագործել Հայաստանի լրագրության ասպարեզում: Աշխատել է «Ազգ» թերթում: Նա ոչ միայն լրագրության, այլև արվեստի, գրականության ոլորտներում էր իրեն դրսևորում: Րաֆֆին փորձում էր այնպես անել, որպեսզի կարողանա Հայաստանը ներկայացնել սփյուռքում, մյուս կողմից էլ ձգտում էր սփյուռքը ներկայացնել Հայաստանում: Նա անհանգիստ մարդ էր, մշտապես գործում էր, օգտագործում էր թուրքերենի, ֆրանսերենի, անգլերենի իմացությունն ու այդ ճանապարհով փորձում էր մեր ազգային նվիրվածությունը ցույց տալ: Այդ ամենը երևում էր իր հրապարակումներում»,- ասաց Երիցյանը և հավելեց, որ Րաֆֆին եղել է առանձնակի հայրենասեր, Հայաստանին նվիրված մարդ անհատականություն:

Տայք Միրիջանյանն էլ, ով Րաֆֆի Հերմոն Արաքսին ճանաչում է դեռ շատ վաղուց, նշեց, որ կորուստը մեծ է ու ցավալի:

 

«Մենք մանկուց ճանաչում էինք իրար, մեր հայրերն ընկերներ էին և տարիների բարեկամական կապ կար մեր միջև: Կարող եմ ասել, որ կարևոր անձնավորություն կորցրինք, Պոլսի համայնքի համար շատ մեծ նշանակություն ուներ Րաֆֆին: Նա շատ ուղիղ խոսող մարդ էր, դիմացինին էլ մշտապես ցանկանում էր որևէ բանով օգտակար լինել»,- ասաց Տայք Միրիջանյանը:

Թուրքագետ Գևորգ Կալլոշյանն էլ ընդգծեց, որ չափազանց մեծ կորուստ էր Րաֆֆի Հերմոնի անժամանակ մահը:

 

«Ես նրան վերջն տարիներին եմ ճանաչել՝ չնայած նրան, որ բավականին ընդհանուր ծանոթներ և ընկերներ ենք ունեցել: Մի քանի տարում նրանից միայն դրական տպավորություններ եմ ունեցել, ջերմ, ընկերական հարաբերություններ ենք ունեցել մշտապես, չնայած տարիքային մեր մեծ տարբերությանը: Մենք նոր էինք սկսել «Արմենպրես»-ում թուրքերեն լրատվության բաժնի աշխատանքները, որն իր վաղեմի երազանքն է եղել, սակայն ճակատագիրը չար կատակ խաղաց: Մեր նախաձեռնության հենց սկզբին մենք կորցրինք Րաֆֆիին, մեր խմբագրին, ընկերոջը, ուղղակի կենսախինդ մի մարդու, ով դեռ կարող էր շատ օգտակար լինել շատերիս»,- ասաց Կալլոշյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս