«Այդ ոսկե միջին գտնելը բարդ է, որովհետև ջուրը չի օգտագործվում նպատակային». բնապահպանը՝ Սևանից հավելյալ ջրառի մասին
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․ բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գործադիրում հավանության արժանացած այս նախագիծը, սակայն, հավանության չի արժանացել բնապահպանների կողմից. նշում են՝ 170 մլն խմ ջրառի գերազանցումը նշանակում է խախտել Սևանա լճի հաշվեկշիռը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն, դժվարանում է օբյեկտիվ գնահատել կառավարության այս որոշումը՝ նկատելով, որ մի կողմում գյուղատնտեսությունն է, մյուս կողմում՝ Սևանի խնդիրները:
«Սևանի համար դա կործանարար է. ամեն լիտր ջուր ավելացնելը Սևանի համար լավ է, վերցնելը՝ վատ: Այժմ հարցն այն է, որ մյուս կողմից՝ ունենք ոռոգման խնդիր. կլիման այնպիսին էր այս տարի, որ դաշտերը չորանում են: Այստեղ ոսկե միջինը պետք է գտնվի,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը՝ նկատելով, որ այդ ոսկե միջին գտնել բարդ է, որովհետև ջուրը չի օգտագործվում նպատակային,- Կորուստները շատ մեծ են եղել միշտ, իսկ այս պարագայում կորուստներ ունենալը թույլատրելի չէ իհարկե: Պետք է փոխել մեր վերաբերմունքը ջրի օգտագործման նկատմամբ»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ջրի ոչ նպատակային օգտագործումը, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Նախ՝ վատ կառավարում, երկրորդը` համակարգը ծերացել է, և շատ տեղերում ջրի արտահոսք կա՝ ջրամաբարներից, ջրատարներից. այստեղ մեծ աշխատանք է պետք:
Այնպես որ, ես լրիվ հասկանում եմ էկոլոգներին և համաձայն եմ իրենց հետ, բայց մյուս կողմն էլ պետք է հաշվի առնենք՝ կկորցնենք գյուղատնտեսությունը, դաշտերը կչորանան»:
«Մենք միշտ խնդիր ենք ունեցել, որ մեր կառավարությունները մասնագետների ներուժը քիչ են օգտագործել, իսկ մենք շատ լավ մասնագետներ ունենք բոլոր ոլորտներում: Եթե կառավարությունը կարողանա նրանց համախմբել, կառավարությանն առընթեր խորհուրդներ ստեղծել այդ ամենացավոտ խնդիրների վերաբերյալ, որոնք կլինեն ոչ ձևական, կարծում եմ, կարելի է բոլոր խնդիրներն ուղղել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ բնապահպաններն իրենց բողոքի ձայնն են արտահայտել նաև «S.O.S. Սևան» նախաձեռնությամբ և կոչով դիմել կառավարությանն ու Ազգային ժողովին.
«Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին՝ կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը:
Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը:
Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանը, արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից»:
Նախաձեռնության անդամներն անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին՝ նշել էին, որ դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ է դարձել որ չկա որևէ առաջընթաց Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում:
«Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին՝ ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները, մինչև հարցի կարգավորումն ընդհուպ նույնիսկ դատական կարգով: Կոչ ենք անում ապահովել Սևանա լճի դրական հաշվեկշիռ»: