«Պետք է լինի իրավական բողոքարկման փուլ՝ դատական համակարգի միջոցով, նաև  հետագայում ՄԻԵԴ դիմելու միջոցով». Շուշան Դոյդոյանը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Ութերորդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժը շենքի ներսում սահմանափակվել է։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այս ամենն անում են անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի լրագրողները կարող են աշխատել միայն միջանցքի մի փոքր հատվածում։

168.am-ի հետ զրույցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն անդրադառնալով խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին՝ այդ ամենը բնորոշեց՝ որպես վատ նախադեպ:

«Նման աշխատելաոճ և սահմանափակում ԱԺ ղեկավարության կողմից երբևէ լրագրողական համայնքը չի տեսել, և այն ամենը, ինչ նրանք ասում են դրա հետ կապված, ոչ այնքան բացատրություն է, որքան արդարացում՝ իրենց ոչ ողջամիտ վարքագծի համար։ Առհասարակ, իրենց և՛ Մարդու իրավունքների պաշտպանն է քննադատել ու հրապարակավ արտահայտել իր դիրքորոշումը, և՛ լրագրողական կազմակերպությունները, նախորդ շաբաթ երեք հայտարարություն են տարածել՝ օգոստոսի 2-ին, 5-ին և 11-ին, կոշտ քննադատելով ԱԺ ղեկավարության քայլերը։ Այս բոլորը ոչ համաչափ ու ոչ իրավաչափ սահմանափակումներ եմ գնահատում»,- նշեց Շուշան Դոյդոյանը։

Ըստ նրա, այն բացատրությունները, թե իբր ահաբեկչության վտանգից են խուսափում և այլն, պարզապես անհիմն են, քանի որ դրա համար որևէ նախադրյալ չի եղել, որպեսզի նման քայլի գնան և տան նման բացատրություն։

«Կարծում եմ՝ լրագրողական համայնքը միասնական դիրքորոշում պետք է արտահայտի և ընդվզի՝ ներառյալ նաև դատական բողոքարկման գործընթացը, որովհետև փաստացի մենք առաջին անգամ մի իրավիճակում ենք, երբ և՛ ՄԻՊ-ի դիրքորոշումը, և՛ մասնագիտական լրագրողական համայնքի կարծիքը ակնհայտ արտահայտվում է, սակայն բանի տեղ չեն դնում։ Խնդիրը չեն կարողանում մինչև այժմ լիարժեք ձևակերպեն, թե ԱԺ-ում այդ ինչի՞ց են այդքան անհագստացած, որն ուզում են լուծել։ Շատ կարևոր է, որ համայնքին վերաբերող որոշումները կայացվեն թափանցիկ և ուղղակի համայնքի մասնակցությամբ, այլ ոչ թե փակ դռների հետևում՝ իրենց երևակայությամբ մշակված կարգավորումներով, որից հետո դրանք պարտադրեն լրագրողներին»,- հավելեց Շուշան Դոյդոյանը։

Նա նաև ընդգծեց, որ իշխանության այս պահվածքն իր համար առհասարակ հասկանալի չէ, այդ պատճառով էլ քննադատում է և պահանջում, որպեսզի հրապարակային ու թափանցիկ աշխատեն՝ հստակ ձևակերպեն խնդիրը և իրենց մոտեցումները։

«Կարծում եմ՝ պետք է սկսել բողոքարկման գործընթաց, լրագրողական համայնքին տալիս են անընդունելի, շատ անընդունելի բնորոշումներ և իրենք իրենց սխալները փորձում են բարդել լրագրողների վրա, իրենց անտեղյակության մեղավորները համարում են միայն լրագրողներին։ Տպավորություն է, թե իրենք իրենց աշխատանքն իդեալական են կատարում, և այն, որ ԱԺ-ն վերածվել է թատրոնի՝ դրա միակ մեղավորներին համարում են լրագրողներին»,- շեշտեց Շ. Դոյդոյանը։

Նա նաև ասաց, որ օգոստոսի 2-ից փորձում է երկու կողմերին բացատրել՝ ինչն է անընդունելի և ինչն է ընդունելի։

«Հետևաբար՝ պետք է արդեն լինի իրավական բողոքարկման փուլ՝ դատական համակարգի միջոցով, նաև հետագայում ՄԻԵԴ դիմելու միջոցով, քանի որ հրապարակային քննադատությունը, ցավոք, որևէ արդյունք չի տալիս։ Պետք է նաև ՄԻՊ-ին, որպես լավ գործընկեր՝ մշտապես մեր կողքին լինի, որովհետև նրա դիրքորոշումը համընկնում է լրագրողական համայնքի պատկերացումների հետ»,- եզրափակեց Շուշան Դոյդոյանը։

Տեսանյութեր

Լրահոս