«Ինքնաթիռներն ու մնացածը, ինչ ունեին-չունեին, ամբողջությամբ թափեցին Մարտունու վրա, բայց մարտունեցիները՝ մեծ, ահել-ջահել, բոլորը կանգնել ու հերոսաբար կռվել են». Ազնավուր Սաղյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, և բնակիչները վերադառնում են իրենց բնականոն կյանքին։

Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանի խոսքով՝ Մարտունին հերոսական քաղաք է եղել և այդ ամենն ապացուցել է Արցախի առաջին ազատամարտի ժամանակ, նաև 44-օրյա պատերազմի օրերին։

Ամբողջ պատերազմի ընթացքում մարտունեցիները կանգնել են  բանակի ու դիրքերը պաշտպանող զինվորների կողքին, որի արդյունքում էլ հնարավոր է դարձել Մարտունու պաշտպանությունը և թշնամուն ոչնչացնելը։

«Նոյեմբերի 3-ին առաջին լայնամասշտաբ հարձակումն է եղել Մարտունու վրա, բայց դրա դեմն առել ենք, որոշակի զիջումներ ենք արել, բայց հենց նույն օրը հետ ենք բերել։ Թշնամու յաշմաններին ու ամբողջ զինտեխնիկան ոչնչացրել ենք։ Մի բարձունք կա, որին ասում ենք՝ մեր Մարտունու դարպասն է, այնտեղից ամբողջությամբ վերահսկվում է մեր քաղաքը։ Այն ռազմավարական առումով շատ կարևոր դիրք է, բարեբախտաբար, մենք շուտ ենք կարողացել այն հետ բերել թշնամու մոտից, եթե մի քիչ ուշացնեինք, ապա դժվար էր լինելու, կդիրքավորվեին, ու գործը կդժվարանար։ Նույնը նաև նոյեմբերի 9-ին, շատ կարևոր մեկ բարձունք կրկին հետ նվաճեցինք, կոնկրետ Մարտունի քաղաքը պաշտպանված է եղել։ Մեծ, ահել-ջահել բոլորը կանգնել ու հերոսաբար կռվել են»,- 168.amի հետ զրույցում նշեց Ազնավուր Սաղյանը։

Ըստ նրա, իրենց նահանջի հրաման չեն տվել, չեն ասել, որ Մարտունին լքեն, եթե նույնիսկ նահանջի հրաման լիներ, ապա, նրա խոսքով՝ որևէ մեկը քաղաքը միանշանակ չէր թողնի։

«Մոնթեն մեր հերոսն է, մարտունեցի մանուկները Մոնթեով են մեծացել, նրա գաղափարախոսությամբ, նրա պահվածքը, անշահախնդիր լինելը, ագահ չլինելը մեծ ներդրում է եղել Մարտունի համայնքի ու մարտունեցիների համար, գուցե դրա շնորհիվ էլ Մարտունին կանգուն մնաց»,- նշեց Ա. Սաղյանը և ցույց տվեց սեղանին դրված լուսանկարը՝ նշելով, որ Մարտունին կանգնուն է մնացել նաև լուսանկարում եղած մարդկանց շնորհիվ, ովքեր իր երկու տեղակալներն են, մեկը՝ 61, մյուսը՝ 63 տարեկան է։

«Անկախ տարիքից, բոլորը մեծ ներդրում են ունեցել, գուցե Հայաստանում էլ են ասում, որ ղարաբաղցին պատերազմից փախել է, բայց իմ համայնքում նման մեկը չի եղել, մենք ընդհանուր ունեցել ենք 49 զոհ, ընդհանուր շրջանում զոհերի ու անհետ կորածների թիվը 209 է։ Երևի տեղյակ եք՝ Ստեփանակերտից ու առհասարակ ընդհանուր Արցախից որքան զոհեր կան»,- հավելեց նա։

Մարտունին պատերազմի հետևանքով ամենաշատը տուժած համայնքն է, այս ամենի մասին Ազնավուր Սաղյանն ասում է ոչ որպես մարտունեցի ու համայնքապետ, այլ որպես մարդ, ով պատերազմից հետո տեսել է հարազատ քաղաքը։

Ասում է՝ պատերազմից հետո այն ամբողջությամբ ավերված էր, 1000 տներից 850 տարբեր աստիճանների վնասվել էր։ Հետո էլ կատակով ասում են՝ գուցե թշնամին Մարտունու վրա ամենաշատն է «մուռ ունեցել»։

«Ինքնաթիռներն ու մնացածը, ինչ ունեին-չունեին, ամբողջությամբ թափեցին Մարտունու վրա։ Պատերազմից հետո Մարտունիում կյանքը դժվար սկսվեց, ոչ թե մարդիկ չուզեցին, այլ իսկապես կային դժվարություններ, երկու ամիս առաջ է մեր լույսերը կարգավորվել։ Լույս, գազ ջուր չունեինք, բնակչությունը գալիս էր, ահավոր վիճակ էր, փառք Աստծո, այդ ծանր վիճակն անցավ, այժմ ամեն ինչ վերականգնվում է»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ այս պահին Մարտունիում բնակվում է Արցախի այլ շրջաններից տեղահանված 156 ընտանիք՝ 708 բնակիչներով։ Նրանք տներով ապահովված են, հիմնականում վարձով են ապրում։

«Սա մեր հողն է, պետք է մնանք այս հողում, որպեսզի կարողանանք ապրենք։ Մենք մնալու ենք ու այստեղ ապրենք»,- եզրափակեց նա։

Զրույցի վերջում Ազնավուր Սաղյանը ցույց տվեց հենց համայնքապետարանի բակում տեղադրված Մոնթեի հուշարձանը, որի հետ ևս թշնամին կռիվ էր տվել՝ վնասելով հուշարձանի ներքևի հատվածը: Այն այսօր վերականգնվում են:

Ներկաներից մեկն էլ պատմեց, որ պատերազմի օրերին մարտունեցի տղամարդիկ միաբերան ասել են, որ ոչ մի տեղ տեղ չեն գնալու ու պետք է պաշտպանեն ոչ միայն Մարտունին, այլև Մոնթեի հուշարձանը:

Տեսանյութեր

Լրահոս