Չինացիք այդ միջոցառումը նշանակեցին այն օրը, երբ Երևանում նշվում էր Քաղաքացու տոնը, և հայաստանյան որևիցե բարձրաստիճան պաշտոնյա չգնաց Պեկին. պատգամավորը՝ դիվանագիտական ձախողումների մասին

«Այսօր Նավասարդի օրն է. 4500 և ավելի տարի առաջ Հայկը հաղթեց Բելին,  և սկիզբ առավ հայոց ազգն ու պետականությունը: Այսօր մենք էլի կանգնած ենք Բելին հաղթելու մարտահրավերի առաջ, և Բելին հաղթելու համար, զենքից բացի՝ անհրաժեշտ է նաև դիվանագիտություն:  Իսկ որքանո՞վ է հաջող մեր դիվանագիտությունը, մանավանդ վերջին մի քանի տարվա ընթացքում»,- ԱԺ նիստում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ դիվանագիտական լռությունը 44-օրյա պատերազմի ընթացքում պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ:

Ի թիվս դիվանագիտական ձախողումների՝ նա հիշեցրեց. «Երևի երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այցելեցին Շուշի, ընդ որում՝ նրանց կազմում կային այն երկրների դիվանագետները, ում որ մենք տրադիցիոն համարում ենք մեզ բարեկամ.  երկրների ցանկը ասե՞մ, թե՞ գիտեք: Ուրեմն ինչ-որ մի բան փոխվեց, չէ՞ : Միգուցե մե՞նք էլ դրանում ինչ-որ պատասխանատվություն ունենք, և ոչ թե միայն Ադրբեջանն է մեղավոր:

Չինաստանը, որ համարում էինք մեզ տրադիցիոն բարեկամ, իր դեսպանը գնաց Շուշի, ինչո՞ւ ՝ վերադառնանք 2019 թվական, երբ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային հսկայական միջոցառումն էր, որտեղ բազմամիլիարդանոց ծրագրեր էին քննարկվում: Չինացիք, թարսի նման, այդ միջոցառումը նշանակեցին այն օրը, երբ Երևանում նշվում էր Քաղաքացու տոնը, և հայաստանյան որևիցե բարձրաստիճան պաշտոնյա չգնաց Պեկին. խորոված էին անում բարձրաստիճան պաշտոնյաները»:

«Դիվանագիտական պրոբլեմի մեկ այլ դրսևորում՝ նաև ԱԳՆ-ում իրավիճակն է. պատերազմից անմիջապես հետո Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Զոհրաբ Մնացականյանին ասեցի՞ն՝ գնա, թե՞ նա վարվող քաղաքականության հետ այդքան էլ համաձայն չէր, որովհետև նաև թիմի գնալու խնդիր կար:  75 օր արտգործնախարար չունենք. ամբողջ թիմը հրաժարական տվեց: Այսօր էլի հասկանալի չէ:  Արդյո՞ք դա ցույց չի տալիս, որ մենք ունենք որոշակի խնդիրներ,- նկատեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ  միջազգային հանրությունը երբեք այդքան ձեռնպահ չէր մնացել արցախ-ադրբեջանական կոնֆլիկտից, ինչպես 2020 թվականի աշնանը: Այսօր մենք էլի կանգնած ենք մեծ մարտահրավերների առաջ. ադրբեջանցիք նոր ճանապարհ են կառուցում: Ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքի հյուսիսով. հասկանում եք, չէ՞, որ դրանով կատարելապես մեկուսանալու է Աղավնոն, Բերձորում մնացած մի բուռ հայերը և Բերդաձորի ենթաշրջանի հինգ հայկական գյուղեր: Ո՞րն է մեր դիվանագիտության արձագանքն այդ մարտահրավերին: Մյուս «միջանցքի» մասին չեմ խոսում. Եթե նայենք ադրբեջանական ներխուժման աշխարհագրությունը, շատ հավանական է, որ իրենք «միջանցք» ասելով՝ հենց դա էլ հասկանում են, և միջանցքի եզրերի վրա ինչ-որ մի բան ուզում են ստեղծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս