Որքանո՞վ են գեներալներն անկեղծ
Վերջին օրերին ՀՀ զինված ուժերում ևս մի քանի պաշտոնանկում եղավ: Մասնավորապես, օգոստոսի 6-ին զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը, օգոստոսի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ Վալերիկ Քոչարյանը:
Հուլիսի 7-ին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից իշխանություններն ազատեցին Գրիգորի Խաչատուրովին: Իրականում որոշում էր կայացվել չերկարացնել նրա պայմանագիրը:
Հունիսի 24-ին պաշտոններից զրկվել էին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը:
Ավելի վաղ պաշտոնազրկվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից փետրվարի 24-ին գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ազատվեց մի ծիծաղի պատճառով, իսկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը սրա արդյունքում սկսված գործընթացի ֆոնին՝ «իրավունքի ուժով»:
Զբաղեցրած պաշտոններից այս ազատումները համացանցում և մեդիահարթակում շատերը միանշանակորեն կապում են փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարության տակ ստորագրելու հետ: Մինչդեռ դա այդպես չէ ընդհանուր համատեքստում, ինչը հաստատեցին նաև այսօրվա կադրային որոշումները ՀՀ զինված ուժերում:
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Մարտիկյանը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ:
Ավելին, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի կարգավիճակում գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, և այսօր ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է նշված կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Նա իր կեցվածքով իրականում Նիկոլ Փաշինյանին ընդդեմ չէ, եթե չասենք՝ հակառակը:
Փետրվարյան հայտնի հայտարարության տակ ստորագրածների մեջ էլի կան այդպիսիք: Չմոռանանք, որ միայն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր իր անունից և առանձին շարունակել պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը չներվեց: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել էին, որ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ 3-րդ բանակային կորպուսը միակն էր, որ, ըստ էության, չէր ենթարկվում Փաշինյանին: Իսկ դա լինում էր, երբ տարածքային և ինքնիշխանության զիջումների հարց էր լինում: Իհարկե, Փաշինյանի ռազմաքաղաքականությունից դժգոհ և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին իրապես աջակցած էլի մեկ-երկու զինվորական կարելի է գտնել, բայց, ընդհանուր առմամբ, պարզից էլ պարզ էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին ստորագրությամբ համաձայնած գեներալները և բարձրաստիճան զինվորականները գործել են սեփական կարիերան պաշտպանելու նպատակից ելնելով, որովհետև այդ պահին իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է: Բայց երբ հասկացան, որ հաղթելու է «իրավունքի ուժը», սկսեցին համակերպվել իրավիճակին: Եվ այսօր որոշ պաշտոնազրկվածներ և այս ճանապարհին կանգնածներ պիտի լոյալ պահեն իրենց, որ հանկարծ քրեական գործեր չհարուցվեն, ինչը միանգամայն հնարավոր է, հիմքեր կգտնվեն (եթե չկան դեռ), ինչպես պատերազմի օրերին պարգևատրումների համար է գտնվել:
Ում պարագայում էլ քր. գործ կա արդեն, պետք է լոյալ վարք դրսևորեն, որ չլինի անցանկալի հանգուցալուծում, ինչը վերաբերում է, օրինակ, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, ով, ի դեպ, չէր ստորագրել հայտարարության տակ հենց սրանից ելնելով:
Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի փետրվարի 25-ի հայտարարությանը, դրա նպատակահարմարությանը, հնարավոր հետևանքներին, այդ ֆոնին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանից սպասելիքներին, նրան հասցեագրված մեղադրանքներին, ապա դա բացարձակ ռազմական հեղաշրջման փորձ չէր, ինչպես այսօր հերթական անգամ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, քանի որ այն ի պատասխան զինված ուժերի դեմ այլևս ոչ հանդուրժելի գրոհների էր, երկրորդ՝ անվտանգային խնդիր էր դրված, երրորդ՝ ի սկզբանե Օնիկ Գասպարյանը նպատակ չի ունեցել ռազմական հեղաշրջման՝ տանկերի կիրառմամբ: Անդրանիկ Քոչարյանն ինքն էլ, ըստ էության, հաստատեց սա՝ հակասելով իր իսկ խոսքին, երբ նշեց, որ հայտարարության տակ ստորագրած կորպուսի հրամանատարները իրենց ենթականերին համապատասխան հրահանգ չեն տվել:
«Բոլոր կորպուսի հրամանատարները, որոնք էդպիսի կոչով էին հանդես եկել, ըստ էության, մեր երկրի դեմ նման քայլ, առաջարկ չեն արել»,- ասել է Քոչարյանը:
Այսինքն, բանակը հայտարարություն արեց և պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ, և սպասեց, որ մնացածն օգտագործվեր ընդդիմության կողմից, որն իր հերթին՝ մեղադրեց ԳՇ-ին այլ կտրուկ քայլերի չգնալու մեջ, մինչդեռ, ըստ էության, քաղաքականությունից հեռու Օնիկ Գասպարյանը գուցե ուշ, բայց հաշվարկել էր, որ կտրուկ քայլերի դեպքում «հանցագործության» տակ է մնալու: Գուցե ոչ միանգամից, բայց զգացել էր, որ իր այդ նախաձեռնած պայքարում մենակ է մնացել, և հեռանալն էլ, թերևս, այս պատճառով էր:
Ի վերջո, եթե այդ գեներալները ցանկանում էին ճգնաժամ ստեղծել, կարող էին միասնաբար զորացրման դիմում գրել: Իսկ հայտարարությունը այն միակ քայլն էր, որը ի սկզբանե նախատեսել էր Գասպարյանը: Իսկ զինված ուժերում պաշտոնանկությունները շարունակվելու են՝ անկախ փետրվարյան հայտարարության տակ ստորագրելուց և չստորագրելուց: ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը խաղի իր կանոններն է սահմանում: