Բաժիններ՝

«Ես Արցախում երբեք փողով չեմ երգել, ուր մնաց՝ հիմա». Անդրեն՝ երեկ Ստեփանակերտում կայացած հուշ-հանդիպման ու իր պաստառը պատռած քաղաքացու հետ զրույցի մասին. NEWS.am STYLE

Մեկ րոպե լռությամբ, միասնական աղոթքով ու Արցախի օրհներգով երեկ՝ օգոստոսի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ Անդրեի՝ արցախցիների հետ նախատեսված հանդիպումը: Հրապարակում հավաքված բազմությունն Անդրեի հետ աղոթել է Արցախյան պատերազմում զոհված հերոսների հոգիների հանգստության համար, այնուհետեւ՝ քայլերթով շարժվել դեպի Ազատամարտիկների պուրակ ու մոմավառությամբ պատվել նրանց հիշատակը:

Ինչպես երգիչն ավելի վաղ հայտարերել էր, հանդիպման ընթացքում պետք է հնչեին հայրենասիրական ու հոգեւոր կատարումներ, սակայն դրանից մի քանի օր առաջ նախ՝ քաղաքացներից մեկը պատռել էր երգչի հուշ-երեկոյի մասին ազդարարող պաստառը, այնուհետեւ՝ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ում հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, առնվազն մինչեւ նոյեմբերի 11-ը, որեւէ համերգ չի կազակերպվելու:

Անդրեի համար անհասկանալի են հանդիպմանը նախորդող մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ հանդիպումը կազմակերպելուց մեկ ամիս առաջ հեռախոսազրույց ունեցել է համապատասխան ներկայացուցիչների հետ, եկել են ընդհանուր համաձայնության, որ Մշակույթի կենտրոնում նման հանդիպում կազմակերպելը հարմար չի լինի՝ հաշվի առնելով փոքր տարածքը, մինչդեռ հուշ-երեկոն անվճար էր, եւ իրավունք ունեին ներկա լինելու բոլորը: Դրանից հետո համաձայնության են եկել, որ այն կարող են իրականացնել հրապարակում: Երգչի խոսքով՝ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Վերածննդի հրապարակում արդեն սկսել էին կառուցել բեմը, որը, սակայն, կիսատ են թողել:

«Անգամ ռուպր չեն տրամադրել: Այն Երեւանից ինձ հասցրել է իմ շատ լավ ընկեր Ելենա Բորիսենկոն: Ինձ համար, սակայն, այս տեխնիկական հարցերը երկրորդական են. ամենակարեւորն այն է, որ մարդիկ ինձ հասկացան, եկան տեսան, որ ես իրենց կողքին եմ ու միշտ այդպես կլինի»,-ասաց նա՝ հավելելով.

«Գիտե՞ք՝ հետաքրքիր է՝ եթե ի սկզբանե թույլ չէր տրվելու հրապարակում նման հուշ-համերգ կազմակերպել, ապա ինչո՞ւ էին սկսել բեմը դնել: Կեսից որոշեցի՞ն, որ չէ, չի կարելի: Մեկ ամիս առաջ ասել են «այո» այս հանդիպմանը, իսկ դրանից 3-4 օր առաջ ասո՞ւմ են՝ «ոչ»… Կամ՝ ասում են «այո» ու անում այնպես, որ չստացվի՞: Ամեն ինչ պարզ երեւում էր՝ այդ հուշ-երեկոն տանում էին ձախողմաn, մինչդեռ ութ ամսվա ընթացքում, գոնե, մեկ սգո օր չհայտարարեցին… Հիմա երբ եկել եմ, նո՞ր են հիշել, որ ցավի մեջ մարդիկ կան, որոնց զգացմունքների վրա ստեղծել են սադրանք: Ոմանք էլ հնարում էին, թե ես եկել եմ փողով համերգ տալու: Ես Արցախում երբեք փողով չեմ երգել, ուր մնաց՝ հիմա… Այնքան ծախված են դարձել մարդիկ, որ մտածում են՝ դիմացինն էլ է այդպիսին»:

Երգչի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ անհետ կորած զինվորներից մեկի հայրը, որը հանդիպումից մեկ օր առաջ պատռել էր դրա մասին ազդարարող պաստառը: Անդրեի խոսքով՝ իր համար անչափ կարեւոր էին այդ հանդիպումն ու զրույցը.

 

«Երեկ իմ կողքին էին ծնողներ, որոնք, ցավոք, կորցրել են իրենց զավակներին, ծնողներ, որոնք սպասում են իրենց որդիներին, ես՝ անձամբ, նրանց հետ զրուցել եմ: Ես եմ իրենց հրավիրել ու ասել, որ հենց իրենց ու իրենց տեսակի արցախցիների համար էր այս հանդիպումն արված: Միասին էինք թե´ հրապարակում, թե´ Ազատամարտիկների պուրակում: Անհետ կորած մեր հերոսի հայրիկը, որը պատռել էր իմ պաստառը, եկավ, գրկախառնվեցինք, զրուցեցինք: Պայմանավորվեցինք մյուս անգամ միասին պատռել դավաճանների պաստառները, որոնք նրա ցավն օգտագործել ու սադրանք են ստեղծել, որ միջոցառումը ձախողեն: Նա ասաց, որ անգամ չի ճանաչում այն մարդկանց, ովքեր այդ ամենը տեսագրել ու դրել էին համացանցում: Հասկանո՞ւմ եք՝ մարդու էմոցիայի վրա ստեղծել են տհաճ պատմություն, ինչին սովոր ենք հետեւել վերջին երեք տարիների ընթացքում: Ֆեյսբուքյան այդ վայրահաչոցներն ստեղծողներն ապրում են միայն այդ Facebook-ով ու այնտեղի կարծիքներով: Այդ պատճառով էլ, երբ ինչ-որ բան ես անում, բայց ցույց չես տալիս դա Facebook-ով, քեզ սկսում են քննադատել, որովհետեւ արդեն սովոր են, որ պարտադիր զենքը պետք է բռնես, նկարվես ու դնես Facebook, բարեգործություն անես ու դնես Facebook… Նկարվելով էինք զբաղված պատերազմի ժամանակ, դա է խնդիրը»,-նշեց երգիչը, որը Հայաստանում էր նաեւ պատերազմի օրերին. իր միջոցներով օգնություն է հավաքել ու ուղարկել սահման ու Արցախից տարհանված ընտանիքներին, թեեւ այդ մասին այն ժամանակ չի խոսել, հիմա էլ կողմ չէ զրուցել այդ թեմայով.

«Ես չեմ էլ պատրաստվել հրապարակումներ անել այդ թեմայով, մի՞թե դրա ժամանակն էր: Ապշելու բան է, թե ինչպես են մարդիկ հիանում նման հրապարակումներով: Զենքով նկար տեղադրելը, բայց այդ պահին Կասկադում սուրճ խմելը կապիկություն է: Մեզ պետք է թափ տանք, հին ազգ ենք՝ առաջին քրիստոնյաները, պարզապես ամոթ է»:

Անդրեն նշում է՝ Արցախում հարգանքի հանդիպում կազմակերպելն իր հոգուն էլ էր պետք. հիմա ավելի հանգիստ է.

«Հանգստություն եմ ձեռք բերել: Հասկացել եմ, որ ես միշտ ուժեղ եմ եղել ու այդպիսին էլ մնալու եմ, որքան էլ իմ հետեւից լինեն վայրահաչոցներ: Ամբողջ կյանքս է այսպես եղել՝ ծայրահեղ ատելության ու սիրո մեջ: Այս ընթացքում ես հասկացա, որ իմ կողքին այնքան որակով մարդիկ կան: Կյանքում ամեն բան չի Like-ով ու «վյուերով»: Երբ սոցցանցերում գրում են, թե «Ո՞ւր էիր պատերազմի օրերին», իսկ ո՞ւր եք դուք հիմա: Ո՞վ է ասել, որ Արցախը հիմա ձեր կարիքը չունի: Թե՞ այդ 44 օրն էր մոդա լինել Արցախի կողքին: Հիմա էլ մոդա չի՞: Նորմալ չէ, որ թշնամին մտնում է քո տուն, զբաղեցնում սենյակներիցդ մի քանիսը, իսկ դու դրան ուշադրություն չես դարձնում, որովետեւ քո սենյակի դուռը փակ է: Կարողանո՞ւմ ես մի բան անել, արա դա ռեալ: Շատ պաշտոնյաներ են իմ առջեւ դռներ փակել՝ թե Հայաստանում, թե´ Արցախում… Գիտեք՝ որքան էլ չարախոսում են ինձ, ես վստահ կարող եմ ասել՝ չլինի մշակույթ, չի լինի նաեւ ազգ: Իսկ ես այդ մշակույթը կրողներից եմ: Մշակույթի, սպորտի ու գիտության ոլորտի ներկայացուցիչներն այսօր ամենից շատ խոսքի իրավունք ունեն՝ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ազգի դրոշ են պատվով վեր բարձրացրել, օրհներգ են հնչեցրել աշխարհում…Բայց այսօր ինչ խոսում ես, քաղաքականացնում են, ասում՝ «էսինչական ա»: Չէ, ես, ուղղակի, հայի տեսակ եմ, ու ոչ ոք իմ մեջքին կանգնած չէ: Ո՞վ էր ինձ հետ… Ես էի, քույրս ու ընկերներս, երբ մեր առջեւ բոլոր դռներն էին փակում: Ես չեմ կիսում իմ ազգը լավերի ու վատերի, սեւերի ու սպիտակների, խելացիների ու անխելքների, դավաճանների ու հայրենասերների՝ բոլորս հայ ենք, ես էլ՝ այս ազգի ներկայացուցիչներից մեկը, որը միշտ հպարտորեն ներկայացրել ու ներկայացնելու է մեր մշակույթը, խոսելու մեր ցավի ու դժվարությունների մասին, մեր հպարտության մասին՝ ուզեն դա որոշ զանգվածներ, թե ոչ»:

Երգչի հետ խոսեցինք նաեւ պատերազմից հետո առաջին անգամ Արցախ այցելության ու ապրումների մասին.

«Նոյեմբերից հետո առաջին անգամ էի Արցախում: Դժոխքի ճանապարհ էր… Մի քանի ամիս հոգեպես պատրաստել եմ ինձ… Արցախի երգերը լսելով՝ մտանք Արցախ, տառապեցինք, լաց եղանք, բայց հասկացանք, որ մենք կանք, կան այն փոքրիկները, որոնք ինձ մոտենում էին, գրկում: Այն կյանքը, որը ես նրանց մեջ տեսա, հուսադրող է»,-հավելեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս