Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձնաժողովի մասին, նշանակում է՝ իշխանությունն ապաշնորհ է, չի կարողանում օգտագործել իրեն տրված լծակները. Արթուր Վանեցյան

«Մենք տեսանք, թե այս մեկ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի իշխանական թևի պատգամավորներն ինչպես իրենց պահեցին. հենց ստանում են մի անհարմար հարց, ուղղակի չեն պատասխանում այդ հարցին, կամ պատասխանում են այլ թեմայի շուրջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նկատելով, որ իշխանությունն ունի մեծամասնություն ու կարողանում է բոլոր հարցերը քվեարկությամբ անցկացնել:

Լրագրողի հարցին, թե հանրությունը չի կարո՞ղ այս խորհրդարանից ակնկալել հանրօգուտ, կառուցողական աշխատանք, որովհետև արդեն իսկ հնչում են քննադատություններ, թե եկել են միմյանց նախկին արածը հիշեցնելու և ոչ թե հանրօգուտ աշխատանք կատարելու, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Կան տարբեր կարծիքներ. կա կարծիք, որը դուք մատնանշեցիք, և մեր ժողովրդի մի ստվար զանգվածի մոտ կա կարծիք, որ՝ եկել եք և այն մարդկանց հետ, որոնք, ըստ էության, մեղավոր էին մեր հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսի կորստի համար, որոնք մեղավոր էին հազարավոր զոհերի համար, որոնք մեղավոր են այսօր ՀՀ սահմանները խոցելի դարձնելու համար, ՀՀ անվտանգային մակարդակն իջեցնելու համար, որոնց մենք մեր փողոցային պայքարում որակել ենք ամենածանր մեղադրանքներով, նրանց հետ աշխատենք, կառուցողական, հանրօգուտ աշխատանք իրականացնենք: Բայց ԱԺ-ն այն վայրն է, որտեղ պետք է այդ երկու կարծիքների մեջ բալանս գտնենք, և, ի վերջո, կարողանանք կատարել աշխատանք, որը օգուտ կբերի ՀՀ և հայ ժողովրդին:

Միևնույն ժամանակ՝ ընդդիմությունն իրավունք չունի մոռանալու, թե ինչ բերեցին մեր երկրի գլխին այս իշխանությունները. դրա մասին պարտավոր ենք մշտապես այս իշխանություններին հիշեցնել և չթողնել, որպեսզի նրանք դա մոռացության տան, կամ փնտրեն այլ մեղավորներ: Իսկ ուրիշ մեղավորներ փնտրելու և ուրիշ մեղավորներ նշանակելու աշխատանքն արդեն սկսված է»:

Լրագրողների դիտարկմանը, թե նկատի ունի նաև 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշո՞ւմը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն արձագանքեց.

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ քննիչ հանձնաժողովը իշխանության գործիքը չէ. քննիչ հանձնաժողովը բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է: Քննիչ հանձնաժողովը, բացի քաղաքական եզրակացություն անելը, որևէ այլ իրավասություն չունի, որովհետև քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը և կարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Ւսկ եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձնաժողովի մասին, նշանակում է՝ իշխանությունն ապաշնորհ է, չի կարողանում օգտագործել իրեն տրված լծակները՝ Դատախազություն, քննչական մարմիններ, օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմիններ, որոնք ի պաշտոնե պարտավոր են իրականացնել քննություն և ի հայտ բերել մեղավորներին կամ էլ ասել, որ մեղավորներ չկան: Ուստի, եթե քննիչ հանձնաժողովն առաջարկվում է իշխանությունների կողմից, դա հերթական քայլն է 44-օրյա պատերազմի իրական մեղավորներին, պատասխանատուներին թաքցնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս