Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում միացրեց Փաշինյանի ելույթը, Քրիստինե Վարդանյանն էլ հիշեցրեց «ամայի տարածքների» մասին Վլադիմիր Վարդանյանի խոսքերը
Ազգային ժողովը նիստում քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանին: Նա նախորդ գումարման խորհրդարանում ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը: «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրեց Վահե Հակոբյանին:
Վլադիմիր Վարդանյանի ելույթին հաջորդեցին հարցերը:
«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը նախ նկատեց. «Ձեզ որ չուտենք-չխմենք-լսենք, Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է՝ մի երկու իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք, ու արդեն ամեն ինչ լավ կլինի, բայց ցավոք, մենք ձեր ու «Քաղաքացիական պայմանագրի» իրականությունում չենք»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցրեց, որ մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես ասել է, որ «մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ», և հետաքրքրվեց. «Ի՞նչ նկատի ունեք՝ «ամայի տարածքներ» ասելով՝ նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ, և երկրորդը՝ ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության Հոդված 14-րդ-ը, որով ամրագրվում է, որ ՀՀ ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամը նախ հորդորեց՝ և՛ կերեք, և՛ խմեք, առողջությանը վնաս կարող է պատճառել, ապա նշեց, որ ինքը երբեք վարդագույն ակնոցով չի նայել իրավական ակտերին, և հավելեց.
«Մենք հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն այնպիսին է, որ անդադար է, որովհետև հասարակական հարաբերությունները զարգանում են, նոր իրավակարգավորումների պահանջ է առաջանում, և մենք պետք է ընթանանք առաջ»:
Անդրադառնալով իր հայտարարությանը՝ պատգամավորը աշխարհագրական ինչ-որ էքսկուրս կատարեց՝ իր խոսքերը հիմնելով լատինական ասույթի վրա. «Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված այն մանիպուլյացիոն նյութին, որը, իմ կարծիքով, առաջացավ ոչ թե նրա համար, որ ես բառը արտաբերեցի, այլ որոշակի խիզախություն ունեցա որոշակի ուժերին անվանել հինգերորդ շարասյուն, և դրանից հետո այդ տասը վայրկյանանոց հատվածն առանձնացվեց ամբողջ նյութից և ներկայացվեց, շատ հստակ ասեմ՝ Ձեզ երբևիցե պետք է ծանոթ լինի Terra nullius դոկտրինը, որը նշանակում է՝ տարածք, որը որևիցե մեկին չի պատկանում: Խոսքը վերաբերում է տեսականորեն կղզիների մասին, որոնք կարող են առաջանալ հրաբուխից:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ դերակատարությանը, ապա 14-րդ հոդվածը ես չէ, որ պետք է վերացնեմ, ՀՀ ԶՈՒ պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը: Չի՛ կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի առանձնացնել իմ խոսքերը կոնտեքստից»:
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Չի՛ կարելի խուսափել պատասխանից, կրկնում եմ նորից՝ թեկուզ այդ ձեր բերած կղզիների օրինակով՝ ասեք՝ կա՞ արդյոք աշխարհագրական կետ, որը ՀՀ-ում համարում եք ամայի տարածք, որն ինչ-որ պայմաններում հայոց բանակը պետք է չպաշտպանի. Ձեր ուղիղ խոսքն է, այստեղ որևէ մանիպուլյացիա չկա:
Չե՞ք ուզում կոնտեքստից կտրվի ու այսպիսի պատմություն դառնա, կարող եք հիմա ներողություն խնդրել, ասել, որ սխալ եք արտահայտվել, կանցնի այս հարցը, կվերջանա»:
«Ինձ թվում է՝ ներողություն ոչ թե ես պետք է խնդրեմ, այլ ձեր խմբակցության այլ անդամ և այլ հարցի հետ կապված, բայց ես, այդուհանդերձ, ասում եմ հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պերիմետրի ներքո գտնվող ցանկացած թուփ, ցանկացած քար գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր հարցից առաջ արձագանքելով գործընկերոջն ուղղված Վարդանյանի հորդորներին՝ նկատեց. «Ես էլ կարող եմ ձեզ խորհուրդ տալ՝ քիչ ուտել և շատ աշխատել. Եկեք հասկանանք փոխաբերական իմաստը նրա ասածի»:
Արեգնազ Մանուկյանը հետևյալ հարցադրումն ուղղեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանին.
«Ըստ Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորը առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով. ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, թե ինչպես եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, ովքեր որոշակի հակաօրինական պարտավորություններ են ստանձնում իրենց առաջնորդների առջև, և որպես դա վկայող առհավատչյա՝ «ղազագիր» են ստորագրում»:
«Հարցը կհամարեի հռետորական, որովհետև, իմ կարծիքով, Դուք դրա պատասխանն ունեք, երկրորդը՝ այո՛, կհետևեմ ձեր խորհրդին՝ ավելի շատ կաշխատեմ (դուք նոր պատգամավոր եք ՝չգիտեք իմ աշխատանքային գրաֆիկը, բայց որոշակի նիհարելու հետ կապված բաներ չէր խանգարի):
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին և նրանց վարքագծին՝ քաղաքական գործիչը, ըստ էության, պետք է հետևի և՛ օրենքներին, և՛ Սահմանադրությանը և չխախտի ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը: Ինչ վերաբերում է աբստրակտ հարցերին, գիտեք, ես աբստրակտ հարցերին պատասխանելու համար աբստրակտ պատասխան պետք է օգտագործեմ:
Նախ՝ խնդրում եմ սահմանեք՝ ի՞նչ է ղազագիրը, սահմանեք, թե ՀՀ օրենսդրության մեջ այդ եզրույթն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ, խնդրում եմ նաև բացատրեք նաև այդ բառի իմաստը, որովհետև ես, ճիշտն ասած, բառարաններում այդ բառին չեմ հանդիպել: Եվ եթե դա անեք, ես կփորձեմ հասկանալ, թե դուք ինչի մասին եք խոսում:
Արեգնազ Մանուկյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի՝ «ղազագիր» ստորագրելու հետ կապված հայտարարությունները և ցույց տվեց պատգամավորներից մեկի ստորագրած «ղազագրի» պատճենը՝ նշելով. «Խնդրում եմ նրան հարցրեք, թե ինչ նկատի ուներ «ղազագիր» ասելով, եթե պատասխանը ստանաք, մեզ ներկայացնեք, թե ինչ էր պատաասխանել:
Ինչ վերաբերում էր աբստրակտությանը՝ դուք շատ լավ գիտեք՝ ում նկատի ունեմ, ես նկատի ունեմ ձեր այն թիմակցին, խնդրեմ, սա էլ նրա ստորագրած «ղազագիրը», որ կա համացանցում (պատգամավորը ցույց տվեց Սերգեյ Բագրատյանի հայտնի գրությունը):
Այսինքն՝ Դուք և ձեր քաղաքական առաջնորդը հերթական անգամ ստեցիք. խոստացել էիք, որ «ղազագիր» ստորագրածների «վզից կբռնեք» ու դուրս կնետեք ԱԺ-ից, բայց փաստորեն բերեցիք և ձեր ցուցակով դարձրիք ձեր թիմի անդամ, պատգամավոր»։
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Եթե կարիք լինի ու ժամանակ գտնեմ, որպեսզի այն աստիճանի կարևորեմ այս երևութի սահմանման հարցը, ես կհարցնեմ այս կամ այն քաղաքական գործչին:
Ես ուզում եմ հասկանալ՝ մեր քաղաքական թիմին… Դուք մի հատ ձեր քաղաքական թմին նայեք, ձեր քաղաքական թմի վարքագծին նայեք։ Եվ հետո, մի հատ էլ հարց, էլի՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հետ ի՞նչ կապ ունի։
«Կարգին հաղորդման» մեջ է, չէ՞, ասվում՝ իսկ կներեք, իսկ ձեր ի՞նչ գործն է․․․»։
Այս ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղից խոսելու համար նախազգուշացում տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին։ Իր հերթին էլ Վլադիմիր Վարդանյանը Մինասյանին խնդրեց իր հետ ձեռքով չխոսել, որովհետև ինքն այդպես չի խոսում։
Հիշեցնենք՝ 12 մշտական հանձնաժողովներից 9-ում նախագահելու է ՔՊ-ն, 3-ում` «Հայաստան» խմբակցությունը: