
Կարևոր է, որ ոչ թե ամռանը, այլ տարին 12 ամիս ուշադիր լինեն, որ սպառողին նորմալ արտադրանք տան. Մելիտա Հակոբյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջիկայում ստուգումներ է իրականացնելու 40-ից ավելի կաթնամթերք արտադրող ընկերություններում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն օգոստոսի 4-ին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արդեն աշխատանքները մեկնարկել են, ու երկու ընկերությունում արտադրական գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել:
«Խախտումները բազմաթիվ են ու բազմաբնույթ. արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացում, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորվածություն, սանհանգույցների բացակայություն կամ եղածի ոչ պատշաճ վիճակ, և այլն: Հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի թողարկում. այս ամբողջ շղթայում արձանագրել ենք նման իրավիճակ: Խախտումներ գրանցվել են թե´ պահեստներում, թե´ հումքի մթերման փուլում, և այլն: Այդ ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթացը կասեցնենք»,- ասել է Վահե Դանիելյանը:
Նրա փոխանցմամբ՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող երկու ընկերության գործունեությունը կասեցնելու որոշումից հետո ընկերություններից մեկը թերությունները վերացրել է և կասեցումից հանվել: Մյուս ընկերության դեպքում դեռ չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տրվել են տեսչական մարմնի կողմից:
«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ սննդամթերքի շուկան կամ արտադրությունը մշտապես պետք է ստուգվի, որովհետև դա կապված է ազգաբնակչության առողջության հետ:
Հարցին՝ նախքան լիցենզիա տալն արդյոք չեն ստուգո՞ւմ, թե ինչ պայմաններ են, նոր թույլտվություն տան, վերջինը պատասխանեց.
«Գնում, տեղում գնահատում են կատարում, ամեն ինչն ուսումնասիրում, ապա նոր լիցենզիան տալիս են: Այդ ընկերությունը, որ իրենք ասում են (նկատի ունի «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ն,- Ա.Կ.)՝ մոտ երկու տարի առաջ գնացել ենք, իրենց մոտ ամեն ինչ շատ նորմալ է եղել, արտադրությունը՝ նույնպես, և Իսրայելը, որ ոչ մեկից պանիր չի ներկրում, իրենց ընկերությունը մատակարարում էր: Ուղղակի կարող է ընթացքում որոշ բաներ փչանան: Երբ մենք զգեստ ենք հագնում, փչանում է, չէ՞, ընթացքում: Կարևոր է, որ ոչ թե ամռանը, այլ տարին 12 ամիս ուշադիր լինեն, որ սպառողին նորմալ արտադրանք տան»: