Բաժիններ՝

Ի՞նչ կապ ունի պատվերի ընդունման եղանակը կառավարության որոշումների հետ. Վահագն Սահակյան

Տաքսիների մատուցած ծառայությունների որակի հետ կապված որոշակի ստանդարտ պետք է ունենանք։ Օգոստոսի 6-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ստանդարտ տաքսի ծառայությունը մեռնող ծառայություն է` նկատի ունեմ այն դեպքը, երբ մարդիկ ձեռքով տաքսի են կանգնեցնում ու նստում։ Հարցն այն է, որ հիմա ավելի շատ ինտերնետային տաքսի ծառայություններն են ավելացել։ Տաքսի ծառայությունների որակի հետ կապված ստանդարտների ներդրումը պետք է սկսենք օդանավակայանում ծառայություն մատուցող տաքսիներից` հետագայում այն տարածելով ամբողջ հանրապետության վրա»,- ասել է Փաշինյանը։

Բացի այդ, ըստ նրա, հարկային հատվածն ու որակի մասը պետք է իրարից առանձնացնենք։

Փաշինյանի խոսքով` հարկային առումով անհրաժեշտ է ունենալ այնպիսի մեխանիզմ, որ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա անհատի հետ։ Իսկ որակի առնչությամբ տեսչական վերահսկողություն պետք է իրականացվի։

Ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը. այն դեռ հայաստանյան շուկայի կեսից ավելին է։

«Ինչ վերաբերում է հարկային մասին, ապա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները միջնորդավճար են վերցնում վարորդից, որի համար ընկերությունը պարտավոր է պետությանն ԱԱՀ վճարել։ Սակայն տաքսիստն իր եկամուտներից հարկ չի վճարում` այս հարցը պետք է լուծվի»,- ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով` այլ երկրներում հարկային ծախսերն իր վրա վերցնում է պլատֆորմը` վարորդներին ազատելով հարկերից, և պետությունն աշխատում է ոչ թե ամեն մի տաքսիստի հետ առանձին, այլ հենց պլատֆորմների հետ։

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը չի հասկանում, թե ի՞նչ տարբերություն՝ ինչ մեթոդով են պատվեր ընդունում:

«Էլեկտրոնային ասվածն ընդամենը պատվեր ընդունելու մասն է: Ծառայություն մատուցելը սրա հետ կապ չունի: Սա արդեն ներդրված է, մարդիկ մտնում, հավելվածով կանչում են, տաքսին գալիս, իրենց տեղափոխում է: Խնդիրն այստեղ կոնկրետ տաքսունն է. կլինի ավանդակա՞ն, թե՞ էլեկտրոնային, դա պատվերի ընդունման ձևն է: Այլ հարց է, թե ինչո՞ւ է կառավարությունը կենտրոնացել սրա վրա, եթե շահագրգռվածություն չունի, օնլայն տաքսիների շահն առաջ չի տանում: Ի՞նչ կապ ունի պատվերի ընդունման եղանակը կառավարության որոշումների հետ:

Եթե գյուղերից մեկում սովորական տաքսի ծառայություն լինի, դա ի՞նչ է, հակասո՞ւմ է մեր օրենքներին:

Մեր գյուղի պապիկներն ի՞նչ գործ ունեն էլեկտրոնային տաքսու հետ, եթե մի տեղ են ուզում գնալ: Օրինակ, «Yandex» տաքսին օրինավոր երկրներում չի աշխատում: Աշխատում է այն երկրներում, որտեղ տաքսու մասին օրենք չկա կամ կարելի է «փողով առնել» այդ օրենքը: Տերը Ստամբուլից է, հրեա, ինչո՞ւ չեն թողնում, որ Ստամբուլում էլ լինի: Դե թող ծառայություն մատուցի»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը՝ հավելելով, որ ժամանակին առաջարկել է առկա օրենքի որոշ թերություններ վերացնել, տաքսու լիցենզավորման գործընթացը սկսել ու աշխատել:

«Իրենք հարցը հիմա դրել են պլանշետի վրա, որովհետև դա պետք է օնլայն կոչվող տաքսիներին, քանի որ բիզնեսը հենց դրա վրա է հիմնված: Պարզապես մեքենաները հարկավոր է լիցենզավորել՝ թեկուզև հին օրենքով, և վերջ:

Այդտեղ երկու բան է վատ. այն, որ մեքենայի դեղին համարանիշը վարորդի մոտից վերցնում, ճանապարհային ոստիկանությունում պահում էին, հետո երբ մարդը գնում էր, ստիպված ճանապարհային ոստիկանին կաշառք էր տալիս: Դա է հարկավոր վերացնել:

Ես լիցենզիայի երկու տարբերակ եմ առաջարկել. մեկը դեղին համարներով, որը շատ առավելություններից կարող է օգտվել՝ առանձնացված ավտոկայանատեղիներից սկսած: Ու դա կլինի կոնկրետ հարկ վճարող՝ բոլորից կարող է պատվեր ընդունել և քշել՝ թե՛ փողոցից, թե՛ էլեկտրոնային հարթակներից: Թող լինի նաև սովորական տաքսի՝ առանց դեղին համարների, որն ինքն իրեն կազմակերպվող բիզնես է։ Այսինքն՝ ոչ մեկից պատվեր չի վերցնում, տաքսու կանգառներից չի օգտվում, պետությանը հարկ չի վճարում, բայց լիցենզիան հանում է, որպեսզի հասկանան՝ մեքենան ինչ վիճակում է, ով է վարորդը: Սակայն, երբ սկսեց պատվեր վերցնել հավելվածներով, զանգերով, նշանակում է, որ պետք է դեղին համարանիշ ունենա, վճարի բոլոր հարկերը»,- նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս