
CNN-ը իմացել է, որ ԱՄՆ-ի հետախուզությունը Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին տվյալներ է ստացել

Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:
Հեռուստաալիքին չի հաջողվել պարզել, թե ինչպես է հետախուզությունն այդ տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ունեցել: CNN-ի զրուցակիցները պարզել են, որ մեքենաները, որոնք մշակում են նման տեսակի գենետիկ տեղեկատվությունը, սովորաբար կապված են ամպային սերվերների հետ, եւ դա հնարավորություն է տալիս՝ կոտրելով բացել: Այս ծավալի չմշակված տվյալների մեկնաբանման համար հետախուզական գործակալություններն օգտագործում են էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների գերհամակարգիչները:
Բացի տեխնիկական դժվարություններից, հետախուզությունը դժվարությունների է բախվել այն գիտնականներին գտնելիս, որոնք զբաղվում են վերծանմամբ. նրանցից պահանջվում է ոչ միայն գաղտնիացված տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն, այլեւ չինարենի մանդարինյան բարբառի իմացություն, որով գրվել է տվյալների բազան: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հատուկ ծառայություններին հանձնարարել էր «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի ծագման աղբյուրը գտնելու հարցում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացրել 90 օրվա ընթացքում:
The New York Times-ի տվյալներով՝ դրանից առաջ ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել է Սպիտակ տանը, որ ինքը դեռ չուսումնասիրված որոշ տվյալներ ունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Հաղորդվում է, որ հետախուզությունը գործի կդնի արտակարգ համակարգչային հզորություններ, որպեսզի ստուգի Ուհանի լաբորատորիայից COVID-19 վիրուսի արտահոսքի մասին վարկածը, հաղորդել է ,ինտերֆաքս»-ը: