Ինչո՞ւ Ալիևին թույլ տվեցին իրականացնել այն, ինչ թույլ չէին տալիս իրականացնել նախկինում. ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիևը, Փաշինյանն անմասն չէ

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահներ տեղակայելու առաջարկը:

«Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

Նա նշել է, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանազատմամբ: «Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը: ՌԴ ԱԳՆ պաշտոնյան պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել: Բնականաբար, ՌԴ ԱԳՆ այս որոշումը ակտիվացրել է Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունները, Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները խզելու և Արևմուտքի կողմ թեքվելու կողմնակիցների դիրքորոշումները: Սակայն, ըստ միջազգայնագետների, ռուսական արտաքին քաղաքականությունը և հատկապես քաղաքականությունը հետսովետական երկրների նկատմամբ փոխվել է, որի ֆոնին Հայաստանում ռուսամետների և արևմտամետների ավանդական դիսկուրսն ու փաստարկներն իմաստազրկվում են:

Փաշինյանի առաջարկը՝ սադրանք կամ հիմարություն

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՌԴ վերոնշյալ որոշմանը և ՌԴ հարավկովկասյան նոր քաղաքականությանը: Նա ասաց, որ ՌԴ ԱԳՆ որոշումը պետք է դիտարկել քաղաքական-իրավական հարթության մեջ, կան շատ նուրբ ու սկզբունքային հարցեր. Ռուսաստանը փորձում և ձգտում է գործել միայն իրավական շրջանակի սահմաններում, կա՞ նման իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարցը, ոչ, գոյություն չունի, իսկ հնարավո՞ր է նման փաստաթղթի ձևավորում, հնարավոր է:

«Ներկայումս Ռուսաստանի վզին փորձում են փաթաթել գործառույթներ, որոնք մեծացնում են իր լիազորությունները միջազգային իրավունքի տեսանկյունից, որոնք, ի դեպ, գոյություն չունեն, դա կամ սադրանք է, կամ հիմարություն: Եկեք հասկանանք՝ այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանի կամ Սյունիքի ուղղությամբ, պատերազմ չէ, դրանք փոքր սադրանքներ են, որոնք, կարծես, միտված են խափանել այն բանակցային գործընթացը, որը Պուտինը փորձում է կարգավորել Բաքվի և Երևանի միջև: Այն բանից հետո, երբ Փաշինյանը հաղթեց, պարզ դարձավ, որ Երևանը դավաճանեց Ղարաբաղին, և պարզ դարձավ, որ երևանյան հայերը ցանկանում են իրենց ինքնուրույն կյանքով ապրել, նրանք իրենց պրոյեկտն ունեն, և այդ պրոյեկտում Փաշինյանը փորձում է Ռուսաստանի միջնորդությամբ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այն, ինչ հիմա է տեղի ունենում, անտեղի շրջանառության մեջ դրված թեմաներ են՝ սահմանի սահմանագծում-սահմանազատում, որոնք կարելի է լուծել բացարձակապես այլ պայմաններում:

Ավելին, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրագործումից հրաժարումը խոսում է այն մասին, որ, պայմանական ասված, երրորդ ուժի գործոնն է դեր խաղում, պահպանելով լարվածություն երկու երկրների հարաբերություններում: Հարցը հետևյալն է՝ ո՞վ է դրանից շահում: Կարելի է ենթադրել, որ Հայաստանը ժամանակավոր կամ պատմական հարթության մեջ հաղթում է, ինչի՞ համար, ի՞նչ է պատրաստում, պատրաստում է ռևանշի քաղաքականությո՞ւն, ռազմական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր դիվանագիտություն»,- իր դիտարկումները ներկայացրեց Տարասովը:

Կա Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունին և դրա շուրջ մեծ բարդություններ

Տարասովի խոսքով, Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը, Ադրբեջանը վերադարձրեց այն, ինչ ցանկանում էր, և փաստացի միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը մնացել է Ադրբեջանի տարածքում, իսկ Ղարաբաղում սահմանափակ ռուսական կոնտինգենտ է մնացել, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում: Դրան, նրա որակմամբ, ողջ Հայաստանն է նպաստել: Տարասովը հիշեցրեց, որ Արցախում տեղակայված ռուսական կոնտինգենտը կարգավիճակ չունի, այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակում: «Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունին կարող է նրանց համարել խաղաղապահներ, բայց ոչ միջազգային հանրությունը: Սրան զուգահեռ՝ այլ գործընթաց կա՝ Երևանն ակտիվացնում է Մինսկի խումբը, որը դնում է Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, Մոսկվան չի մերժում, Բաքուն մերժում է, այսինքն՝ կա եռանկյունի և դրա շուրջ մեծ բարդություններ, բազմաթիվ խնդիրներ: Մեծ դիվանագիտության շրջանակում կան լուրջ հանգամանքներ՝ գուցե պայմանավորվածություններ, որոնք չեն ասվում»,- ասաց Տարասովը:

Պուտին-Ալիև պայմանավորվածություն կա, Փաշինյանն անմասն չէ

«Ռեգնում» գործակալության սյունակագիրն ասաց՝ կա վարկած, որ Ալիևի և Պուտինի միջև կա պայմանավորվածություն, որ Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, և, որ Փաշինյանը ևս անմասն չէ այս ամենից:

«Այդ վարկածի համաձայն՝ այս տարածքում ձևավորվում է, վերականգնվում է ԽՍՀՄ-ին նմանվող միություն, բայց դա ԽՍՀՄ չէ, որի շրջանակում Ղարաբաղի ստատուսը լուծվելու է հատուկ ձևով, և չի բացառվում, որ Ղարաբաղը ստանա Սան Մարինոյի կարգավիճակը: Երևի թե հենց այսպես էլ կլինի: Ադրբեջանն իրեն անտրամաբանական չի դրսևորում, Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում հայերի և Ղարաբաղի հայերի հետ, որոնց մոտ չկա անվտանգության զգացում, և հայերը ուրախ կլինեն, որ կոնտինգենտը լինի Ղարաբաղում»,- ասաց Տարասովը:

Հարավկովկասյան երկրները ռուսական նոր քաղաքականության շրջանակում դիտարկվում են՝ որպես բալաստ

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, ՌԴ-ն հայտնվել է անսովոր իրավիճակում, Ղարաբաղի հայերին ֆիզիկապես փրկում է, դրանից առաջ 2008 թվականին՝ Հարավային Օսիան, Աբխազիան: «Ռուսաստանն իբրև թե ազգերի փրկիչ է, դա նոր ինչ-որ գաղափարախոսություն չէ, որը Ռուսաստանը կրում է, սա Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան գաղափարախոսություն էր, ներկայումս Ռուսաստանը գտնվում կապիտալիստական երկրների հետ նույն շարքի վրա և ինքն է սովորում կապիտալիզմ, այդ հարցում ՌԴ-ն որպես կապիտալիստական ճարտարապետության մենթոր չի հանդես գալիս: Երբ խոսում են Անդրկովկասում ռուսական քաղաքականության մասին, կա սկզբունքային մի բան, խոսքը այն մասին չէ, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերահսկողություն վերականգնել Վրաստանի, Հայաստանի և Արդբեջանի նկատմամբ, հետաքրքրված չէ, դա իրեն ներկայումս հարկավոր չէ, նրա համար դա բալաստ է, բացարձակ բալաստ է: Բայց Ռուսաստանը հետաքրքրված է երկկողմ փոխշահավետ հարաբերությունների ձևավորմամբ, նա հետաքրքրված չէ, որպեսզի այդ տարածքները լինեն ագրեսիվ գործողությունների պլացդարմ, միևնույն ժամանակ չկա բացարձակապես որևէ խանդ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի նկատմամբ, երբ նրանք բազմավեկտորություն են զարգացնում»,- ասաց Տարասովը:

Ռուսաստանն այլևս չունի ազդեցության պատմական գոտիներ

Տարասովն ասաց, թե հիմարություն է, երբ ասում են, որ Ադրբեջանն ընկերություն է անում Թուրքիայի հետ: «Օ՜, դա Ռուսաստանի պատմական ազդեցության գոտին է: Ոչ, չկա նման բան, Ռուսաստան այլևս չունի ազդեցության պատմական գոտիներ: Օբյեկտիվորեն ապագայում գուցե դա ձևավորվի: Պուտինը փորձում է իր համար ձևավորել Եվրոպական տնտեսական միությանը նմանվող մի բան հետսովետական տարածքում՝ առաջին հերթին տնտեսության ոլորտում, բայց նա չի ձևավորում ընդհանուր քաղաքական ինստիտուտներ և դոկտրին: Այս փուլում դա փաստ է»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ այս քաղաքականությունը պետք է հիմք ընդունել:

Հայերը պետք է նոր աշխարհաքաղաքականություն ձևավորեն

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Տարասովի խոսքով, Հայաստանը կարող էր օգտագործել Ռուսաստանի ռեսուրսը, բայց Հայաստանն իրականացրեց բացարձակապես այլ դիվանագիտություն, Փաշինյանի իշխանության փուլն ամեն ինչ տապալեց: Սակայն, նրա խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ, տեղի էր ունեցել step-by-step, կամաց-կամաց:

«Իսկ ներկայումս հայերը պետք է նոր աշխարհաքաղաքականություն ձևավորեն, պետք է հստակորեն ախտորոշեն այն իրավիճակը, որում հայտնվել են, պետք է լինի սկզբունքայնորեն նոր արտաքին քաղաքականություն: Նրանք պետք է լինեն իրական գործընկերներ, եթե ցանկանում են այդպիսիք լինել, թող որ Արևմուտքի կամ Արևելքի համար, բայց նրանք իրենց այնպես են պահում, որ իբրև թե խելացի են և բոլորին կխորամանկեն՝ Արևմուտքին, Ռուսաստանին, թուրքերին, իսկ վերջնարդյունքում իրենք են հայտնվում հիմար իրավիճակում: Սրանում է ողբերգությունը: Պետք է սթափություն, իրատեսականություն՝ հասկանալ՝ ինչպիսի իրավիճակում է երկիրը ներկայումս, և ինչ է հարկավոր դրա համար անել: Իսկ մնացած էպիզոդները, որից սկսեցինք, ցավոք սրտի, կլինեն, և այն ուժերը, որոնք պղտոր ջրում իրենց խաղերն են խաղում, կշարունակեն իրենց մանր խաղերը՝ մեկը իշխանության համար է պայքարում, մեկը ինչ-որ սցենար է փորձում խափանել»,- ասաց Տարասովը:

Ալիևին ձեռնտու է հայկական հարցը լուծել ԵԱՏՄ տանիքի ներքո

Ամփոփելով՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ Ալիևը վաղուց հասկացել է, որ ԽՍՀՄ չի լինելու, ուստի Ռուսաստանի տնտեսական գոտուն միանալը նրան ձեռնտու է նաև տնտեսապես, անվտանգային բաղադրիչի առումով է ձեռնտու, նրան ձեռնտու է հայկական հարցը լուծել ԵԱՏՄ տանիքի ներքո: «Նա չի հանձնում Ղարաբաղը Երևանի հայերին, Ղարաբաղը իրենը չէ, բայց այնտեղ ռուսներն են, որոնց հետ նա միության մեջ է»,- ասաց Տարասովը:

Ինտրիգը, ըստ նրա, հետևյալում է՝ դեռ որևէ մեկին չի հաջողվել պատասխանել՝ ինչու հենց Ալիևին հաջողվեց սա անել:

«Ինչո՞ւ Ալիևին թույլ տվեցին իրականացնել նման օպերացիա, իրականացնել այն, ինչ իրեն թույլ չէին տալիս իրականացնել նախկինում»,- հռետորական հարց ուղղեց Տարասովը:

Նա նշեց, որ այս հարցին իր պատասխանն ու վարկածն ունի, սակայն դեռ չի հրապարակի, քանի որ այն կարող է սենսացիոն լինել:

Տեսանյութեր

Լրահոս