Չեմ կարող երևակայել, թե ինչ կարող է անել Վաշինգտոնում մի անփորձ անձ, որ որևէ գաղափար չունի դիվանագետի աշխատանքից. Հարութ Սասունյան
Դեռ տարեսկզբին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, շուտով հենց Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու:
Ընդամենն օրեր անց Մակունցը պարզաբանեց, որ հարցն օրակարգում է:
Ու քանի որ Միքայել Մինասյանի փոխանցած բազմաթիվ տեղեկություններ հետագայում հաստատվում են, այս մեկի հաստատումն էլ չուշացավ. Մակունցն օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում:
Մակունցի նշանակումն իրարամերժ գնահատականների արժանացավ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում քննադատությունների պակաս չեղավ. շեշտում էին՝ Մակունցը համապատասխան փորձառություն չունի:
Ի դեպ, անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում տիկին Մակունցի նշանակման մասին ծանուցման ներքևում մեկնաբանությունները բացասական էին:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ հայկական բազմաթիվ կառույցներ արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը ԱՄՆ դեսպանի փոփոխության հարցով. դեմ են Մակունցի նշանակմանը. «Ես լրիվ հակառակ եմ Մակունցի նշանակմանը. դա կոպիտ սխալ է վարչապետի կողմից, որ նման մեկը նշանակվի, այն էլ՝ Ամերիկայում:
Մակունցին չի կարելի նշանակել նույնիսկ փոքր մի երկրում Հայաստանի դեսպան, որովհետև ինքը դիպլոմատիկ փորձ չունի, և վարչապետը մեծ սխալ է անում՝ այսպիսի անփորձ մի մարդու նշանակելով աշխարհի ամենահզոր, թիվ մեկ երկրի մայրաքաղաքում որպես ՀՀ ներկայացուցիչ: Բոլոր երկրներում՝ անգամ ամենափոքր, հետամնաց երկրում, երբ հերթը գալիս է որոշելու, թե ում են նշանակելու ԱՄՆ-ում այդ երկրի դեսպան, ընտրում են իրենց ամենափորձառու դեսպանին և նրան են ուղարկում Վաշինգտոն, ոչ թե՝ որևէ մեկին, որ իրենց մտքով անցնի, կամ իրենց մտերիմն է (այդպիսի բան նույնիսկ ամենահետամնաց երկրները չեն անում)՝ մանավանդ այս վիճակում, երբ Հայաստանը հազարումեկ լուրջ հարցեր ունի, և լուծումը չենք կարող գտնել. այս ծանր վիճակում ուղարկել մի շատ անփորձ անձ՝ որպես Վաշինգտոնում դեսպան, լրիվ անհասկանալի է և վնաս է տալու Հայաստանի շահերին»:
Հարութ Սասունյանը անդրադարձավ նաև նախկին դեսպան Վարուժան Ներսիսյանի աշխատանքին՝ նշելով, որ նա արդեն իսկ բազմաթիվ կապեր էր հաստատել ամերիկյան իշխանությունների հետ. «Չեմ կարող երևակայել, թե ինչ կարող է անել Վաշինգտոնում մի անփորձ անձ, որ որևէ գաղափար չունի դիվանագետի աշխատանքից: Ավելի վատն այն է, որ մինչև վերջերս մենք ունեինք դեսպան Վարուժան Ներսիսյանը, որը շատ կարող անձնավորություն է և հոյակապ աշխատանք է տարել վերջին երկու տարիներին և ուներ մի տարի ևս, մանավանդ այս օրերին, որ նման դեսպանի աշխատանքը մեծապես գնահատելի է:
Նախագահ Բայդենի իշխանության օրերին ունենք ավելի հայանպաստ դիրքորոշում, ինչը պետք է օգտագործել, լավ կապեր հաստատել ԱՄՆ իշխանությունների հետ, Վարուժան Ներսիսյանն այդ դերն արդեն կատարել է, հոյակապ կապեր է հաստատել Վաշինգոտնում, և իր մեկնելով՝ այդ բոլոր դրական կապերը խզվելու են, մի նոր անձ է գալու, որը սկսելու է 0-ից: Տեսնենք, թե ինչ կարող է անել, և վերջին հարցն էլ կապված է ամերիկահայության հետ. ամերիկահայ զանազան գլխավոր կազմակերպություններ գրավոր հայտարարեցին, որ իրենք հակառակ են Մակունցին և չեն ուզում, որ դեսպան Ներսիսյանը փոխվի: Երբ Մակունցը գա ԱՄՆ, ամերիկյան իշխանությունների հետ աշխատանքից բացի՝ պետք է ուզենա գործակցել ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հետ. Դա էլ մեծ խնդիր է հարուցելու իր համար, քանի որ ամերիկահայությունն ընդհանրապես դեմ է իր նշանակմանը, ինչն էլ լավ առիթ չի լինելու, որ ինքը կարողանա գործակցել մեծաթիվ ամերիկահայերի հետ, որոնք նաև հզոր տնտեսական ուժ ունեն և մասնակցում են Հայաստան Հիմնադրամի աշխատանքներին, նվիրատվություններին, գալիս են Հայաստան և ներդրումներ են անում: Կտեսնենք, թե այդ բոլորն ինչ կլինեն այս նոր անփորձ դեսպանի նշանակումով»:
Վարչապետի կողմից նման նշանակումների տրամաբանության համատեքստում նա նաև հիշեցրեց երկու արտգործնախարարների հրաժարականի մասին՝ նկատելով, որ արտգործնախարարը ոչ մի դերակատարություն չունի, որևէ հարց որոշելու իրավասություն չունի. «Վարչապետն ինքնագլուխ և ինքնակամ որոշում է ամեն ինչ, նույնիսկ որոշումից առաջ ոչ միայն չի խորհրդակցում ԱԳ նախարարի հետ, այլև հետո էլ չի տեղեկացնում իր որոշման մասին:
Այդ է պատճառը, որ երկու արտգործնախարար հրաժարվեցին վերջին ամիսներին. եթե այդպես շարունակվի, ես մի առաջարկ ունեմ վարչապետին, որ ընդհանրապես չնշականակի ոչ մի նոր արտգործնախարար. ինքը նաև ստանձնի արտգործնախարարի պաշտոնը, որովհետև բոլոր որոշումներն ինքն է ընդունում, և եթե այսպես շարունակվի, նույնիսկ կարիք չունենք այլ նախարարների. բոլոր նախարարների որոշումները կարող է վարչապետն ընդունել ինքնագլուխ և այդպես միահեծան իշխել Հայաստանի վրա:
Այս խոսքերը ես ասում եմ մեծ ցավով. վարչապետը եկել էր իշխանության՝ խոսելով ժողովրդավարության, հանդուրժողականության մասին, բայց տեսնում ենք՝ այն փոքր ժողովրդավարություն էլ որ կար նախկինում, այդ էլ վերացվեց և կործանվեց, ու հիմա ունենք ոչ թե ժողովրդավարություն, այլ ունենք դիկտատուրա, դժբախտաբար»:
Նրա համոզմամբ՝ թեև թղթի վրա վարչակազմը խորհրդարանական է, բայց իսկության մեջ՝ խորհրդարանը որևէ լիազորություն չունի:
«Հայաստանում բոլոր որոշումներն ընդունվում են մի մարդու կողմից, որը վարչապետն է: Այսպիսով, պետք է ասել, որ Հայաստանում վարչապետական իշխանություն է և ոչ թե խորհրդարանական,- նշեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրը՝ հավելելով, թե չի կարծում, որ քաղաքական տարբեր ուժեր կկարողանան զսպել իշխանության միահեծան որոշումները,- Նախագահի պաշտոնը պրոտոկոլային է, Ազգային ժողովը պետք է իսկական Ազգային ժողով դառնա, որպիսին չէ։ Վարչապետն ինչ ասում է, դա է անում Ազգային ժողովը (այդտեղ էլ բալանս չկա), դատարանները իշխանությունների ազդեցության տակ են, և միակ որոշում առնողը վարչապետն է»:
Հարցին՝ արդյոք արդեն նաև խորհրդարանում ներկայացված ընդդիմությունն ի վիճակի՞ է ինչ-որ բան փոխել երկրում, Հարութ Սասունյանը պատասխանեց.
«Քանի որ ընդդիմությունը փոքրամասնություն է, և որոշումներն ընդունվում են մեծամասնության ձայնով, ընդդիմությունը չի կարող որևէ որոշիչ դեր խաղալ այդտեղ, որովհետև պարզապես քվեներ չունեն։ Բայց, անշուշտ, կարող է բողոքել, քննադատել, ցավոտ հարցեր բարձրացնել և ներկայացնել մեր ժողովրդի ուշադրությանը: Դա՛ է ընդդիմության անելիքը, բայց, դժբախտաբար, չի կարող որևէ որոշիչ դեր խաղալ նոր Ազգային ժողովում»: