Ռուսաստանը կընդունի՞ Հայաստանի առաջարկը
Ռուսաստանը պաշտոնապես դեռ չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի գաղափարին հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու վերաբերյալ:
Նա նշել էր, թե ռուսական կողմի հետ կքննարկի այս գաղափարը, սակայն ռուսական մեդիատիրույթում Փաշինյանի առաջարկն ակտիվորեն չի քննարկվում, ռուսական կողմին այդ առաջարկը կարծես չի ոգևորել, և հայ-ռուսական հարաբերություններն ավանդական ռեժիմում են: Նախօրեին նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Օրերս ՌԴ նախագահի մամլո խոսնակն այդ գաղափարի վերաբերյալ հարցին անորոշ պատասխան էր տվել՝ նշելով, թե Ռուսաստանն աշխատում է եռակողմ հայտարարությունների իրագործման ուղղությամբ: Պեսկովն ասել էր, թե ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հրադադարը վերականգնելու համար:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով այս առաջարկին, ասաց, որ նախ՝ Ռուսաստանն ունի իր օրակարգը և շահերը գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաև իր գործունեության, ակտիվության գոտիներում, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտության գոտին է ու դրան հարակից քաղաքական տարաձայնությունները:
Վերլուծաբանի դիտարկումների համաձայն, եթե առաջարկը տեղավորվում է ռուսական շահերի շրջանակում, եթե քննարկված է ռուսական կողմի հետ, ապա այն կիրականացվի:
Սակայն, ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության և հրադադարի համար ՌԴ-ն մեծ կոնտինգենտ է տեղակայել Ղարաբաղում, իսկ ամիսներ անց նաև սկսել ավելացնել հենակետեր Հայաստանի այն հատվածներում, որտեղ սահման է Ադրբեջանի հետ:
«Կան նաև քաղաքական ջանքեր՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ, առանձին Հայաստանի, Ադրբեջանի հետ, նրանց հետ միասին, Թուրքիայի, Ֆրանսիայի հետ: Սրանք ևս ռեսուրս են պահանջում, խոսք է գնում թե ապաշրջափակման բանակցությունների, թե սահմանագծման մասին, ժամանակ առ ժամանակ՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որի ուղղությամբ ակտիվ աշխատում է Ֆրանսիան: Սա ևս պետք է համարել ներդրում, ռեսուրս, որը պահանջվում է Ռուսաստանից, և սա միայն մեկ ուղղություն է: Ի դեպ, բացի հրապարակային աշխատանքից, կա նաև ոչ հրապարակային աշխատանք, դիվանագիտություն երկրների հետ, որոնք ակտիվ չեն, բայց որոշակի դերակատարում ունեն, ինչպիսին Վրաստանն է, Իրանը: Ռուսաստանն այս ամենում իր շահերը ևս ունի և իր դիվանագիտությունը կառուցում է՝ հաշվի առնելով բազմաշերտ հանգամանքներ»,- նկատեց նա:
Վերլուծաբանի կարծիքով, եթե դրան չի եղել անմիջապես պաշտոնական արձագանք, գուցե դա չհամաձայնեցված առաջարկ էր և դեռ պետք է քննարկվի:
«Սակայն դժվար է պատկերացնել, որ դրան ռուսական կողմը կհամաձայնի այն տեսքով, ինչ առաջարկվում է: Դա ի՞նչ է տալու ռուսական կողմին քաղաքական առումով, սա պետք է հասկանալ: Բացի դրանից, արդեն իսկ բավականին ծավալուն ռազմական ռեսուրս է օգտագործվում տարածաշրջանում, և կողմերը պետք է սկսեն ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, ավելի չռազմականացնելով ռեգիոնը, հատկապես, երբ Ռուսաստանը կենտրոնացած է այլ ուղղություններով, որոնցից մեկը բավականին վտանգավոր և անկանխատեսելի ռեգիոն է միջինասիական, որտեղ կարող է իրերի դրությունը դրամատիկորեն փոխվել՝ ուղիղ կերպով սպառնալով Ռուսաստանին:
Այս ուղղությամբ Ռուսաստանը պատրաստ է թե՛ դիվանագիտական, քաղաքական, թե՛ ռազմական ռեսուրս հատկացնել՝ հաշվի առնելով այս գոտու թեժությունն ու վտանգները: Իսկ Հարավային Կովկասի ուղղությամբ առավելապես քաղաքական լծակները գործի դնելու ժամանակն է: Սա ևս քիչ չէ՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի իր արտաքին քաղաքական բլոկում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա մոնիտորինգային առաքելությունը լուրջ քաղաքական պրոյեկտ չէ և կարող է իրագործվել, սակայն այս մասով ևս պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ուժերը, բացառությամբ այն երկրների, որոնք համաձայն չեն լինի, ակտիվ կաշխատեն միջինասիական վտանգները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասաց վերլուծաբանը: