Տնտեսական աճն ու աղքատության ֆենոմենը

«Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում՝ ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին՝ բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման»,- ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունից տարիներ անց տեսնում ենք, որ մեր տնտեսությունը գտնվում է խղճուկ վիճակում։ Երեք տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է ընդամենը 5,4 տոկոս։ 2018թ. Հայաստանում արձանագրվեց 5,2 տոկոս աճ, 2019թ.՝ աճը կազմեց 7,6 տոկոս։ Անցած տարի ընդհանրապես աճ չունեցանք։ Գրանցվեց 7,4 տոկոս անկում։ Երեք տարվա ընթացքում միջին տարեկան աճը Հայաստանում կազմել է ընդամենը 1,8 տոկոս։

Այս տարի էլ տնտեսությունը մեկնարկեց անկումով։ Առաջին եռամսյակում 3,3 տոկոսանոց նվազում ունեցանք։ Անցած տարվա խորը անկման ֆոնին, վերջին ամիսներին տնտեսությունն աճում է, բայց աճի տեմպը բարձր չէ։

Բացի այն, որ բարձր չէ, նաև խիստ բևեռացված է։

Աճի վրա ազդող ամենաէական գործոններից մեկը դարձել է ոչ թե տնտեսության զարգացումը, այլ մետաղների միջազգային գների բարձրացումը։

Նույնիսկ այդ պայմաններում ճգնաժամից հետո մեր տնտեսությունն ավելի դանդաղ տեմպերով է վերականգնվում, քան համաշխարհայինը։ Համաշխարհային բանկի գնահատումներով՝ համաշխարհային տնտեսության մեջ սպասվում է՝ 5,6, Հայաստանի տնտեսության մեջ՝ 3,4 տոկոս տնտեսական աճ։

Ամենալավատեսական սցենարի դեպքում, այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 5-6 տոկոս։ Բայց դա այն աճը չէ, որը թույլ կտա խոսել տնտեսության վերականգնման մասին։ Դրանով դեռ չենք հասնի 2019թ. մակարդակին։

Սա է մեր տնտեսության վերջին տարիների զարգացումների պատկերը։

Թռիչքային աճեր տնտեսության մեջ դժվար է գտնել։ Փոխարենը՝ սպառողական շուկայում թռիչքային աճերի պակաս չկա։ Ամեն ինչ թանկացել է, հատկապես այն ապրանքները, որոնք առավել հաճախ են օգտագործվում։

Թանկացումները բնակա՞ն են, թե՞ արհեստական, ոչ մի նշանակություն չունի սպառողի համար։ Երբ դրանց զուգահեռ չեն ավելանում նաև եկամուտները, դա բերում է հասարակության աղքատացման։

Պաշտոնական տվյալներն են փաստում, որ մեր երկրում տեղի է ունեցել աղքատության խորացում։

Միջին աշխատավարձն այս տարի ավելացել է 4,4 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 5,5 տոկոս։

Գնաճը 1,1 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան միջին աշխատավարձի աճը։ Դեռ չհաշված, որ սննդամթերքի գնաճը կրկնակի բարձր է, քան միջին աշխատավարձի աճը։

Սա նշանակում է, որ աղքատացել են ոչ միայն չաշխատողները, այլև աշխատողները։ Աշխատողների եկամուտներն ավելի դանդաղ տեմպով են ավելացել, քան գնաճն է։

Եթե աշխատողներն են աղքատացել, ի՞նչ ասես չաշխատողների մասին։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում 193 հազար գործազուրկ կա։ Գործազուրկների թիվն արտաքուստ մեր երկրում կրճատվել է, բայց ոչ այն պատճառով, որ ավելացել են աշխատատեղերը, և ավելի շատ մարդ է աշխատանք գտել։ Գործազրկությունը կրճատվել է, որովհետև պակասել է երկրի աշխատունակ բնակչության քանակը։ Մենք կորցրել ենք մեր աշխատուժը։ Պատճառները հայտնի են՝ պատերազմ, համավարակ, արտագաղթ։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք բերել են աշխատանք չունեցող քաղաքացիների թվի կրճատման։

Տխուր փաստ է, չնայած անգամ դրանից են իշխանությունները փորձում դիվիդենտներ շահել։

Խոսում են ոչ միայն գործազրկության կրճատման, այլև աշխատատեղերի ավելացման մասին։

ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում հայտարարագրված աշխատատեղերի նոր ռեկորդների վերաբերյալ։ Վերջին անգամ այդ հայտարարությունը վերաբերում էր հունիսի տվյալներին։

«2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար»,- արձանագրել էր ՊԵԿ-ը՝ միաժամանակ հիշեցնելով, որ «2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար: Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)`գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը»:

Տարօրինակ չէ, որ հայտարարագրվող աշխատատեղերի թիվը մեր երկրում ավելանում է։ Տարօրինակն այն է, որ այդ պայմաններում կրճատվում է զբաղվածությունը։ 2017թ. Հայաստանում ավելի շատ մարդ էր զբաղված, քան այս տարի։

Պաշտոնական տվյալներով՝ այն ժամանակ զբաղված էր 974,5 հազար, այս տարի զբաղված է եղել 943,8 հազար։ Գրեթե 31 հազարով ավելի քիչ։

Սրանից է, որ պետք է անհանգստանալ։ Ստվերից աշխատատեղերի դուրսբերումը լավ է, բայց դա չի նշանակում, թե հիմա ավելի շատ մարդ է զբաղված, քան 3 կամ 4 տարի առաջ էր։ Զբաղվածների քանակի կրճատումը նշանակում է, որ որոշակի խումբ մարդիկ կորցրել են իրենց նույնիսկ ցածր եկամուտները։

Իսկ այն 450 հազար թոշակառուները կամ 100 հազար նպաստառուները, որոնց եկամուտները մնացել են նույնը, փոխարենը՝ ծախսերն էապես ավելացել են։ Պարզ է, որ այդ մարդիկ աղքատացել են։ Աղքատացել են նաև աշխատող ու չաշխատող հարյուր-հազարավոր քաղաքացիներ։

Այնինչ, կառավարությունը խոստացել էր մեր երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը, աղքատությունն էապես նվազեցնել։  Ծայրահեղ աղքատության վերացման մասին ընդհանրապես չարժե խոսել, իսկ աղքատությունն ավելի է խորացել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս