«Ես ունեմ խնդիրներ, որոնց քանակն ավելացել է, և փորձում եմ լուծել այդ խնդիրները». Սանասարյանի գործով դատարանում հարցաքննվեցին ևս 2 վկաներ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
Դատական նիստի ընթացքում նախ դատարանը լսեց Վանաձոր ԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Օֆելյա Մկրտչյանին:
Վկան դատարանում նշեց, որ 2018թ. վերջին գրություն են ստացել ՊՎԾ-ից, որպեսզի փոխեն հեմոդիալիզի պարագաների նկարագրերը և հնարավորություն տրվի այլ ապրանքանիշների, որպեսզի մասնակցեն հեմոդիալիզի պարագաների մասով մրցույթներին:
Վկա Օֆելյա Մկրտչյանի խոսքով՝ ՊՎԾ գրությունը քննարկվել է հանձնաժողովում, ու եկել են եզրակացության, որ որոշակի չափով դա հնարավոր է, բայց հիմնականում կոնկրետ բաժիններով այդ փոփոխությունը չի կարելի անել, որովհետև հնարավոր է՝ հիվանդի կյանքին վնասեն: Արդյունքում՝ պատասխանը գնացել է ՊՎԾ, որ փոփոխություն անել հնարավոր չէ:
Օֆելյա Մկրտչյանի խոսքով՝ ինքը հանձնաժողովում հայտնել է, որ հեմոդիալիզների ֆիլտրերի ստերիլիզացիայի (դիալիզատորներ) բաժնում փոփոխություն անելը նպատակահարմար չէ:
Վկայի խոսքով՝ ՊՎԾ իր գրությամբ առաջարկել է օգտագործել ճառագայթային ստերիլիզացիա, մինչդեռ Վանաձորի ԲԿ-ում մինչ այդ պահը օգտագործվել է մեկ այլ մեթոդ՝ շոկով գոլորշային մեթոդ, որը դիտվել է՝ որպես ամենաանվտանգը:
ՊՎԾ գրությունից հետո Առողջապահության նախարարությունից է գրություն գնացել Վանաձորի ԲԿ, արդյունքում՝ հեմոդիալիզի պարագաների չափանիշների փոփոխություն է կատարվել, և հիմա ԲԿ-ում օգտագործվում է նաև ռադիացիոն մեթոդով ստերիլիզացիան:
Վանաձորի ԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Օֆելյա Մկրտչյանի խոսքով՝ ստերիլիզացիայի այդ մեթոդի փոփոխությունն ավելացրել է մինչ այդ երբեմն առաջացող խնդիրների թիվը:
«Մասամբ ունեցել ենք նման խնդիր… Ես ունեմ խնդիրներ, որոնց քանակն ավելացել է, և փորձում եմ լուծել այդ խնդիրները»,- դատարանում ասաց Օֆելյա Մկրտչյանը:
Ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց նաև Օֆելյա Մկրտչյանի՝ նախաքննության փուլում տրված ցուցմունքից մի հատված:
Այսօր դատարանը լսեց նաև մեկ այլ վկայի՝ Կադարյան Ռոբերտին, որն այժմ հանդիսանում է «Կասկադ էներգո» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն:
Վկան դատարանում նշեց, որ ամբաստանյալներից Տարոն Ավետիսյանն իր մանկության ընկերն է, Դավիթ Սանասարյանին ճանաչում է 2007թ.-ից, Սամվել Ադյանին ճանաչում է մոտ 10 տարի՝ Տարոն Ավետիսյանի միջոցով, իսկ Խաչատրյան Գևորգին՝ մոտ 6 տարի՝ ընկերության ծառայություններից է օգտվել, ստացել է խորհրդատվական ծառայություններ:
Ռոբերտ Կադարյանը նշեց, որ դատարանում քննվող գործին ծանոթացել է մամուլից՝ դիալիզի վերաբերյալ հարուցված քրեական գործից:
Վկայի խոսքով՝ քննիչի մոտ հարցաքննվել է մեկ անգամ, խոսել է այն մասին, թե ամբաստանյալներից ում որտեղից գիտի:
Ռոբերտ Կադարյանը նաև նշեց, որ Տարոն Ավետիսյանի հետ 2011թ.-ից ունեն հաշվապահական ընկերություն, իրենց համատեղ ընկերության գրասենյակն Ամիրյան 12-ն է, ու այդ նույն հասցեում ամբաստանյալներ Տարոն Ավետիսյանն ու Սամվել Ադյանը նաև իրենց ընկերությանն առնչվող հարցեր են քննարկել, ինքն էլ դեմ չի եղել:
Ըստ վկայի տեղեկությունների՝ այդ ընկերությունը զբաղվել է գնումների գործընթացով ու կահույքի գործով:
Վկայի խոսքով՝ 2018թ.-ից Սանասարյանը աշխատանքի է անցել ՊՎԾ-ում, իր հետ մի թիմ հավաքելու մասին խոսակցություն է ունեցել, նաև հարցեր է տվել Սամվել Ադյանի մասին, ստացել է դրական բնորոշում, հետո Ադյանը աշխատանքի է անցել ՊՎԾ-ում՝ որպես գնումների վերահսկողության վարչության պետ:
Վկայի խոսքով՝ տեղյակ չի եղել, թե արդյոք Սանասարյանն իմացե՞լ է, որ Սամվել Ադյանը Տարոն Ավետիսյանի հետ ունեցել է համատեղ ընկերություն, որը զբաղվում է գնումների գործընթացով, թե՞ ոչ:
Ապա դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված՝ պայմանավորված նախաքննական ցուցմունքի և դատավարության ընթացքում տրված ցուցմունքի մեջ առկա էական հակասություններով:
Հատվածն առնչվում էր ցուցմունքում առկա այն հատվածին, որում վկան նշել է, թե Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ Տարոնն ու Սամվելն ունեն համատեղ բիզնեսներ, մասնակցում են գնումների գործընթացների:
Վկայի խոսքով՝ վերջինս նկատի չի ունեցել այն, որ Սանասարյանը տեղյակ է եղել Տարոն Ավետիսյանի և Սամվել Ադյանի համատեղ՝ գնումներով զբաղվող ընկերության մասին: Ըստ Կադարյանի՝ հավանաբար քննիչն է որոշակիորեն սխալ ձևակերպմամբ ներկայացրել ցուցմունքը, ինքն էլ այդ հատվածին ուշադրություն չի դարձրել: Կադարյանը դատարանում նորից վստահեցրեց, թե չունի հստակ տեղեկություն՝ արդյոք Սանասարյանն իմացե՞լ է այդ ընկերության՝ գնումների գործընթացով զբաղվելու մասին, թե՞ ոչ:
Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով վկաների հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը դատարանում հարցաքննվելու է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։