Մենք հորդորում ենք Վրաստան եկող զբոսաշրջիկներին անպայման ունենալ ՔՈՎԻԴ ապահովագրություն. Գեդևանիշվիլի

Կորոնավիրուսով պայմանավորված՝ զբոսաշրջության նվազ թիվ արձանագրած 2020թ. հետո, տպավորություն էր, թե գոնե զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսը վաղուց հետևում է մնացել, սակայն թվերն այլ բանի մասին են վկայում:

Մի շարք երկրներ փակ են զբոսաշրջիկների համար, որոշ երկրներ կարելի է մուտք գործել միայն պատվաստված լինելու դեպքում, մի շարք երկրներում էլ զբոսաշրջիկների մուտքի համար միայն ՊՇՌ թեստ է անհրաժեշտ, բայց դրան զուգահեռ՝ կորոնավիրուսի նվազում չի նկատվում: Վերջին երկրների շարքում է նաև Վրաստան: Մեր հայրենակիցներից շատերն իրենց արձակուրդն անցկացնելու համար հաճախ նախընտրում են Վրաստանի սևծովյան ափերը:

Այսօրվա տվյալներով՝ հարևան Վրաստանում 24 ժամում արվել է 41.684 թեստ, որից ՔՈՎԻԴ ախտորոշվել է 2796 քաղաքացու մոտ: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 413.626 մարդու մոտ, նրանցից 5768-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Վրաստանում իրենց հանգիստը կազմակերպել ցանկացող քաղաքացիները պետք է իմանան, որ Վրաստանի սահմանը հատելու համար անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսի 3 ՊՇՌ թեստ:

Հայաստանից Վրաստան մեկնող քաղաքացին նախ մեկ ՊՇՌ թեստ պետք է հանձնի Հայաստանում՝ սահմանը հատելուց առաջ 72 ժամվա ընթացքում, և միայն բացասական պատասխանի դեպքում կկարողանան հատել սահմանը: Սահմանը հատելուց 3 օր հետո ՔՈՎԻԴ մեկ ՊՇՌ թեստ պետք է հանձնել Վրաստանում, ապա ևս մեկ ՊՇՌ թեստ պետք է հանձնել Հայաստան գալուց հետո:

Եթե անգամ քաղաքացին պատվաստված է, ունի պատվաստվածությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը, Վրաստանի ցամաքային սահմանը հատելուց առաջ նրան կրկին պետք կլինի ունենալ վերջին 72 ժամում հանձնած ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

«Վերջին կարգավորումների համաձայն, իսկ կարգավորումները հաճախ են փոփոխվում, եթե հատում եք ցամաքային սահմանը, ապա պատվաստման անձնագրից զատ, պարտադիր պետք է ունենալ ՊՇՌ բացասական պատասխանով թեստ, որն արված է սահմանը հատելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Դա պարտադիր է: Առանց դրա մարդիկ սահմանն անցնել չեն կարողանա: Եթե նրանք թռչում են օդանավով, ապա այդ դեպքում ՊՇՌ թեստի անհրաժեշտություն չի լինի: Տարբերությունը դրանում է: Պատվաստված քաղաքացին Վրաստանի տարածքում, անկախ նրանից, թե ինչ կերպ է հատել Վրաստանի սահմանը, ՊՇՌ թեստ անելու անհրաժեշտություն չի ունենա, եթե կունենա պատվաստված լինելու անձնագիր: Խոսքը պատվաստված լինելու իրական անձնագրի մասին է, որովհետև վերջերս շատ են հանդիպում դեպքերը, երբ սահմանը հատում են պատվաստման կեղծ անձնագրերով ու կեղծ ՊՇՌ թեստերով»,- այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին:

Եթե քաղաքացին մեկնում է Վրաստան, այնուհետև Վրաստանում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում վերջինիս մոտ հաստատվում է կորոնավիրուսը, քաղաքացին ՔՈՎԻԴ բուժում կստանա հենց Վրաստանում՝ բուժման ողջ ծախսը հոգալով:

«Ոչ մի դեպքում քաղաքացուն հետ չենք ուղարկում: Իրավիճակն այսպիսինն է: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են հատել Վրաստանի սահմանը և մեր տուրիստական ընկերությանն են դիմում, մենք հորդորում ենք անպայման ունենալ ՔՈՎԻԴ ապահովագրություն: Պարտադի՛ր: Անկախ նրանից՝ քաղաքացին պատվաստվա՞ծ է, թե՞ ոչ, որովհետև այդ ապահովագրությունը շատ մեծ պլյուսներ է տալիս: Աստված չտա՝ քաղաքացին հիվանդանա, նրան ոչ մի տեղ չեն թողնի: Եթե թեթև դեպք լինի, ապա հյուրանոցում կմնա, եթե բարդ դեպք լինի, ապա կտեղափոխվի հիվանդանոց: Այդ ամբողջը վճարում է զբոսաշրջիկը: Կառավարությունն այս հարցում որևէ մասնակցություն չի ստանձնում: Ամենայն պատասխանատվությամբ ավելի լավ է ունենալ ապահովագրություն»,- ասաց Իյա Գեդևանիշվիլին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս