Եթե այնտեղ շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու. Գիտաշխատողը՝ Էկոնոմիկայի նախարարին
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ: Պատճառն այն է, որ հաստատության տարածքում բնակելի շենք են ուզում կառուցել, ինչը, նրանց պնդմամբ՝ անթույլատրելի է:
Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն:
«Ինստիտուտի տարածքում ուզում են կառուցել բնակելի շենք, ու վաղը, երբ մարդիկ բնակվեն, հաստատ ինստիտուտն է փակվելու, ոչ թե բնակելի շենքն են քանդելու: Այսինքն, հիմա վտանգված է ՀՀ-ում գոյություն ունեցող, իր տեսակի մեջ եզակի գիտատեխնոլոգիական կենտրոնի ապագան»,- մեզ հետ զրույցում նշեց գիտաշխատողներից Ռոբերտ Հակոբյանը՝ հավելելով, որ ջրավազանի տարածքն էլ պետք է վերադարձվի ինստիտուտին, որովհետև այն հանդիսանում է անվտանգային կոմպլեքս՝ ընդհանուր ենթակառուցվածքի մեջ:
Գիտաշխատողներից Արփինե Հարությունյանն էլ հորդորեց թույլ տալ գիտնականներին պատշաճ կերպով զբաղվել գիտությամբ և չշեղել կողմնակի հարցերով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոտեցավ նրանց՝ ասելով, որ գիտության համար հոգատար են, ուզում են այնպես անել, որ հաջորդ 10-ամյակում մեր տնտեսությունն իսկապես գիտահեն լինի, դրա համար այս 10-ամյակում պետք է ինտենսիվ ներդրումներ անեն: Նախարարը շեշտեց, որ քիմիական արդյունաբերությունը նախընտրելի ինդուստրիաներից մեկն է լինելու:
«Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա, ըստ էության, այս գնորդը բարեխիղճ գնորդ է, բայց հարցին ձեր ասած տեսանկյունից չենք նայել, երբ քննարկում էինք ներդրումային ծրագիրը: Խոստանում եմ, որ հարցը կբարձրացնեմ»,- ասաց Վահան Քերոբյանը:
Ռոբերտ Հակոբյանն էլ նկատեց. «Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունը լինի և զարգանա, այս կենտրոնին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ: Չի կարելի վնասել, այդտեղ որևէ ոչ գիտական կառույց պարզապես վնասելու է: Եթե այնտեղ շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու: Շատ զգայուն, 2019թ. գնած վերջին սերնդի սարք կա, ու նման կենտրոնին վնասելը պարզապես վնաս է հասցնում ՀՀ ապագային»:
Գիտաշխատողները նախարարին փոխանցեցին իրենց նամակը, վերջինը խոստացավ հետամուտ լինել:
Գիտաշխատողներից Ռոբերտ ՀՀ Հակոբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պայմանավորվել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ, որպեսզի հանդիպեն և նամակ փոխանցեն: Նամակ փոխանցել են նաև վարչապետի պաշտոնակատարին: