Ո՞վ և ի՞նչ խնդիր է լուծում սահմանային բախումներով. մեկնաբանում է Ֆելգենգաուերը

Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները հայ-ադրբեջանական սահմաններին: Մայիսի 12-ից սահուն կերպով հայ-ադրբեջանական սահման տեղափոխված ադրբեջանական սադրանքները ժամանակ առ ժամանակ բռնկվում են սահմանի տարբեր հատվածներում:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմեցին սադրանքի, խախտելով հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթացան տեղային մարտեր:
ՀՀ ՊՆ-ն տեղի ունեցածը որակել էր հարձակում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղի ունեցածի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ:

«ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- այսօր առավոտյան հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ պատերազմից հետո պատահում են նման զարգացումներ:

«Ես չեմ տեսնում լուրջ էսկալացիայի հնարավորություն, տեղի ունեցածը կորակեմ՝ որպես փոխհրաձգություն, որը չի կրում լուրջ բնույթ՝ առանց ծանր հրետանու կիրառման, այսինքն՝ սրանք իրական ծանր ռազմական գործողություններ չեն: Իսկ թե ինչո՞ւ է սա տեղի ունենում, կողմերից յուրաքանչյուրն իր վարկածն է նշում։ Ես չգիտեմ, թե կոնկրետ ով է նախաձեռնել այդ ամենը, պատկերացում չունեմ, շատ բարդ է դա ասելը, երբ տեղում չկան անկախ դիտորդներ: Բայց նպատակները տարբեր են՝ Հայաստանն ունի իր նպատակները, Ադրբեջանը՝ այլ: Բայց հետագա էսկալացիան անհնար է: Ադրբեջանը չի պատրաստվում Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, Հայաստանն առանց Ռուսաստանի ներքաշվել չի կարող Ադրբեջանի դեմ, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին որևէ պատերազմում չի ցանկանում ներքաշվել, նա լիովին այլ նպատակներ ունի այսօր այլ ուղղությունների վրա, հետաքրքրված չէ լարվածությամբ:

Կարող է թվալ, որ Հայաստանն է հետաքրքրված Ռուսաստանին ավելի շատ ներքաշել այս ամենում իր կողմից, բայց Ռուսաստանը չի ներքաշվի: Ուստի լարվածություն հնարավոր չէ, իսկ որոշակի բախումներ կարող են լինել: Նման իրավիճակներում նախաձեռնողը կարող է լինել յուրաքանչյուր կողմ, առաջին հերթին՝ չեն սիրում միմյանց, երկրորդ՝ կան չլուծված խնդիրներ:

Ռուսաստանը ստատուս-քվոն երաշխավորում է և՛ Ղարաբաղում, և՛ սահմաններին, բայց ՌԴ-ն չի ցանկանում ներքաշվել, լարվածությամբ հետաքրքրված չէ, հիմա աշխատում է Աֆղանստանի և Ուկրաինայի, ընդհանուր առմամբ արևմտյան ուղղությամբ, և այս պահին հայերի ու Ղարաբաղի թեման ՌԴ-ին ամենաքիչն է մտահոգում»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ ՌԴ-ն այնուամենայնիվ երաշխավորելու է հետպատերազմյան ստատուս-քվոն, որը բոլորին ձեռնտու է ընդհանուր առմամբ, բացի Հայաստանից:

Բայց հայերը, նրա խոսքով, մեծ գործընթացների պատրաստ չեն, սակայն կրակել կարող են: «Բայց ես չեմ ասում, որ սա հայերն են նախաձեռնել, բացարձակապես ո՛չ, նման բաներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ կողմերը դեմ չեն մի քիչ կրակել, քանի որ ունեն խնդիրներ, ու դրանք եզակի խնդիրներ չեն»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրներից է՝ ինչպես ճանապարհների, այնպես էլ՝ դեմարկացիայի հարցը, որը բարդ գործընթաց է, քանի որ սովետական սահմանը պետք է վերածել միջազգային սահմանի:

Սակայն, նրա խոսքով, դա կարելի է իրականացնել, այնուամենայնիվ, առանց փոխհրաձգության, ինչի փորձը կա:

«Մեծ բախումների հնարավորություն չկա, ավելի լայնածավալ լարում հնարավոր չէ, որևէ մեկի դա պետք չէ: ՌԴ-ն էլ միջամտել է վերջին իրադարձություններին: Ադրբեջանն այնքան աշխատանք ունի անելու այն տարածքներում, որոնք գրավել է, որ տարիներ են պահանջվելու, բացի դրանից՝ հարկավոր է ականազերծում, որը ևս տարիների հարց է, նրանք հավելյալ խնդիրները չեն հաղթահարի: Ծրագրեր ունեն դեպի Շուշի ճանապարհ կառուցել, երկաթուղի և այլն:

Տեղում դեռ աշխատանքներ չեն ընթանում, հարմարվողականություն չկա, անվտանգության գոտի չկա, այսինքն՝ ահռելի աշխատանք կա անելու, որևէ մեկին պետք չէ լարվածություն»,- ասաց Ֆելգենգաուերը:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Սենտոպի այն դիտարկմանը, թե Թուրքիան և Ադրբեջանը քննարկում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման հարցը, Ֆելգենգաուերն ասաց, որ այս մասին քննարկումները դեռ դեմոնստրատիվ բնույթ են կրում, միտված երկու թյուրքական ժողովուրդների հարաբերությունների խորությունը ցույց տալուն:

Ըստ նրա, համատեղ ինչ-որ զորամիավորումներ ժամանակի ընթացքում գուցե ձևավորվեն, համագործակցությունն այդ ոլորտում այս երկրների միջև արդեն իսկ չափազանց խորն է:

«Այս ամենը ավելի շատ քաղաքական հայտարարություն է թվում, քանի որ համատեղ ռազմական ստրուկտուրան ենթադրում է ընդհանուր հրամանատարություն, որը չափազանց կասկածելի հեռանկար է և դժվար թե ադրբեջանական կողմը համաձայնի աշխատել այդ ռեժիմով: Բայց ինչ-որ համատեղ միավորումներ կստեղծեն ցույց տալու համար, թե որքան սերտ են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս