Հեղուկ գազի գինը մի քանի օրում բարձրացել է 100 դրամով․ վարորդները նկատել են, որ նաև քիչ են լցնում գազը
Մի քանի օր է՝ հեղուկ գազի շուկայում խառնաշփոթ է: Գինը 180-200 դրամից դարձել է 250-280 դրամ:
Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ խնդիրը համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացումն է, ինչն էլ նպաստել է սեղմված և հեղուկ գազի գների թանկացմանը։
«Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 500 դրամով: Կան կանխատեսումներ, որ հնարավոր է՝ առաջիկայում ևս թանկացումներ լինեն, քանի որ նավթի գինը շարունակում է բարձրանալ:
Վարորդների փոխանցմամբ՝ մայրաքաղաքում դեռ որոշ տեղերում հեղուկ գազը 240 և 250 դրամ է: Խոսքը, մասնավորապես, Մասիվի և Ավանի մասին է:
«Հեղուկ գազը մի քանի օր առաջ 180 դրամ էր, բայց դարձավ 280 դրամ, 100 դրամով միանգամից բարձրացավ: Չեմ հասկանում, թե գնի կտրուկ բարձրացումն ինչի՞ հետ է կապված: Կարծում եմ՝ թանկացումն անհիմն է, պետք է վերահսկեն շուկան»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեղուկ գազի թանկացման վերաբերյալ ահազանգեր շատ է ստանում վարորդներից:
«Վարորդները նկատել են, որ նաև քիչ են լցնում գազ՝ ի տարբերություն առաջվա ու չափման հետ կապված բողոքում են: Իրենք իրենց բաքի տարողությունը գիտեն, ու ասում են, որ նախկինի համեմատ քիչ է լցվում: Դժգհում են նաև որակից: Բազմիցս դիմել եմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
Մենք չունենք պատկեր, որովհետև քննարկում չենք արել, այդ հանդիպումները չեն կայանում: Ինձ ասում են՝ երբ ուզում ես, արի: Գնամ, դուք էլ եկեք՝ վիճակը տեսեք: Իսկ նախկինում՝ որպես հասարակական խորհուրդ, ավելի կանոնակարգված էինք աշխատում: Քննարկելը մի բան է, իսկ սիստեմատիկ աշխատելը՝ այլ բան: Հանդիպենք, քննարկենք, հարցը բարձրացնենք, բայց հետո տեսնենք, թե երկու ամիս հետո ինչ է արվել, ու դա վերլուծենք»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հեղուկ գազ ներկրողները Իրաքում և Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին:
Հավելենք, որ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում գազի գնի սրընթաց աճը սկսվել է հուլիսին՝ նոր պատմական ռեկորդ գրանցելով, և դրան նպաստել են մի շարք գործոններ։ Նորոգվելու են ռուսական գազի առաքման «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա խողովակաշարերը», իսկ «Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով տարանցման ծավալների աճ չի նախատեսում։ Ասիայում գազի գները շարունակում են աճել, ինչը նշանակում է, որ եվրոպացի գնորդների համար սեղմված գազի հասանելիությունը կասկածի տակ է: Վերջին ամսվա ընթացքում գազի գինն աճել է 31%-ով (տարեսկզբից` 80%-ով): «Գազպրոմը» վերջերս ազդարարել է դեպի հեռավոր արտերկիր արտահանվող գազի միջին գնի նոր ցուցանիշը՝ 2021 թվականի համար 240 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Փորձագետները համոզված են եղել, որ սեղմված գազն ամռանը հեղեղելու է եվրոպական շուկան, բայց նրանց հույսերը չեն արդարացել. հեղուկ գազի հասանելի ծավալներն ամբողջությամբ ուղղվել են դեպի ասիական շուկաներ, ուր առաջարկվող գինը զգալիորեն բարձր էր եվրոպականից։ Արդյունքում՝ սեղմված գազի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 463 ԱՄՆ դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն էլ տեղեկացրել է, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ և այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:
ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ՏՄՊՊՀ-ն հիշեցրել է, որ ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա և տեղեկացրել է, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմել է 185-220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):