«Էս ժողովրդի ջրի՞ մեջ են ինչ-որ բան լցնում, թե՞ հացի, թե՚՞ էս ազգի դեդլայնը լրացել է». Հռիփսիմե Առաքելյան

Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի ելքը կանխորոշել է ժողովուրդը:

«Ես ուղղակի ցավում եմ, որ մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե իր գլխի գալիքը որն է լինելու: Որքան էլ մենք ասացինք, որքան էլ փորձեցինք ապացուցել, հասանելի դարձնել, թե ինչ աղետ է մեզ սպառնալու, աղետը եկավ: Այսինքն՝ ոչ մի անկանխատեսելի գործողություն այս պահին տեղի չի ունենում, այն ամենն է, ինչին մենք սպասում էինք: Դուք ինչ-որ բանից զարմանո՞ւմ եք: Ես ամեն օր սպասում եմ, որ նույն ԱԹՍ-ները կարող են մեր պատշգամբի վերևում հայտնվել, վաղը-մյուս օրը, միգուցե «Բայրաքթարները»: Անտարբեր չեմ խոսում, ուղղակի այդ ամենն ինձ համար սպասելի է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ապագա կա այնքանով, որ ամեն օր կրակում են, և դա սովորական է:

«Ապագա կա այնքանով, որ թուրքը արդեն երրորդ ամիսն է՝ մեր երկրում նստած է, և մենք այսօր տեսանք, որ և՛ Երասխի հատվածից էին կրակում, և՛ Գեղարքունիքից: Այդ մարզերի բնակչության մեծ մասը ասել է՝ լավ է, թող կրակեն, և ձայն են տվել Փաշինյանին: Ես էլ հաճախ զայրանում եմ, ասում եմ՝ այ, հասնում է, տեսեք՝ ինչ արեցիք, և այլն, բայց անկախ այդ չտրամաբանող և անհասկացող զանգվածից՝ մենք մեր երկրի սուվերեն սահմանները վերջնականապես կորցնելու ենք»,- նշեց նա:

Հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի այդ բնակիչները գոնե այսօր հասկանո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելն է նման հետևանքների բերել, նա պատասխանեց.

«Եթե մարդը ինչ-որ բան հասկանում է, ուրեմն՝ միշտ է հասկանում, եթե մարդը չի հասկանում, ուրեմն՝ երբեք էլ չի հասկանում: Երբ ինձ ասում են՝ այ, հես է՝ թուրքը կմտնի իրենց տուն՝ կհասկանան, կամ երբ ասում են՝ ձեթն ավելի կթանկանա՝ կհասկանան, ես ավելի լավ է՝ գետինը մտնեմ, քան մեր երկրի այս բոլոր աղետների ընթացքում ձեթի թանկացման համար պետք է մարդիկ աղմկեն կամ բոյկոտեն: Սա ամենամեծ խայտառակությունն է: Բայց ոնց հասկացա՝ ո՛չ ձեթի համար են նեղվում, ո՛չ բենզինի: Դուք տեսնում եք, չէ՞, ինչ է կատարվում: Ես ապշում եմ՝ էս ժողովրդի ջրի՞ մեջ են ինչ-որ բան լցնում, թե՞ հացի, թե՚՞ էս ազգի դեդլայնը լրացել է: Երբ մենք թթվասեր ենք գնում, վրան կա ժամկետ, միգուցե այս 5000 տարին խփելիս ժողովուրդն ընտրել է ինքնաոչնչացման տարբերակը: Ես սա ցավով եմ ասում, ամեն օր այս ողբերգությունից չեմ կարողանում դուրս գալ»:

Ճշտող հարցին՝ Փաշինյանին ընտրել է ընտրելու իրավունք ունեցողների 27 տոկոսը, այսինքն՝ փոքրամասնությունը մեծամասնությանն օրակա՞րգ է թելադրում, նա պատասխանեց. «Դե, փաստորեն, այդպես է ստացվում: Ես չգիտեմ՝ ինչ բեկում պետք է լինի, որ այս անկումը կանգնի: Ես այս պահին որևէ բան չեմ տեսնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս