Եթե Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնի, մենք չենք մասնակցի դատական նիստին. Փարամազյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Քաջարանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը:

Դատական առաջին նիստի ընթացքում Փարամազյանի փաստաբանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքի քննության մակագրման կարգի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն առգրավել էր Վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչները և դրա արդյունքում Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը Արմեն Դանիելյանին մակագրելու որոշում էր կայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

«Սա, բնականաբար, օրենքով սահմանված կարգով չէ, որովհետև օրենքը նախատեսում է միայն մեկ դեպք՝ դա անհաղթահարելի ուժն է, որի պայմաններում նախագահն իրավունք ունի իրականացնել մակագրություն: Սա, բնականաբար, չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, որովհետև այդ համակարգը շատ արագ հնարավոր էր վերականգնել, և մակագրությունը իրականացվեր օրենքով սահմանված կարգով…

Մենք խնդրել ենք, որպեսզի ինքն ինքնաբացարկ հայտնի, եթե ինքն իր մեջ ընդհանրապես ուժ ունի գոնե այդպիսի որոշում կայացնելու համար: Ընդ որում՝ մենք ներկայացրել ենք նաև Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, որը ներկայացրել է, որ ինքը ցանկանում էր այս բողոքի քննարկմանը մասնակցել և դատարանի առջև իր խոսքը ասել, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ դա լինելու է Արմեն Դանիելյանը, քանի որ ձևական բնույթ է կրում այլևս այս դատական նիստում բարձրացված հարցերը, ուստի նա չի ցանկանում այս դատական նիստին մասնակցել:

Մենք ևս նշել ենք, որ չենք մասնակցի դատական նիստին, եթե դատարանը որոշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարում, և այս դատական ստուգումը (եթե դա արդեն կլինի դատական ստուգում), կիրականացնի Արմեն Դանիելյանը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք նաև, որ Ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 10-ի որոշմամբ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս