Երևանի ավագանին կվերանայի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը
Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրակարգում երկու հարց է: Առաջին հարցով քաղաքային իշխանությունը կքննարկի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ֆոնդը:
«Նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը: Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը: Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում, և ներկայիս պայմաններում, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որն ըստ էության բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին»:
Նախագծում նշվում է, որ մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում, կիրառել է հավելավճարների բաշխումը, որով ոչ թե պարգևատրել է լավ աշխատող աշխատակիցներին, այլ պարզապես կոմպենսացրել է աշխատավարձի ցածր լինելը:
«Նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի բյուջետային միջոցների վերաբաշխման գործոնը, մասնավորապես նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարին»:
Ստացվում է, որ աշխատավարձերը կբարձրանան պարգևատրման ֆոնդի հաշվին, և ընդհանուր գումարում որևէ տարբերություն չի լինի, սակայն պետք է հաշվի առնել, որ պարգևատրում կարող են չտալ, իսկ աշխատավարձ՝ ոչ:
Օրակարգի երկրորդ հարցով կքննարկվի «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու և կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու հարցը: