2,26 մետր հասակ. Չինաստանում բասկետբոլի ապագան կապում են 14-ամյա աղջկա հետ
Չինաստանի Շանդուն նահանգի 14-ամյա բնակչուհի Չժան Ցզիյուն հայտնվել է ուշադրության կենտրոնում իր արտասովոր հասակի շնորհիվ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինուհին, որը բասկետբոլով է զբաղվում, 2,26 մետր հասակ ունի և արդեն համեմատվում է չինացի հանրահայտ բասկետբոլիստ Յաո Մինգի հետ, որի հասակը 2,29 մետր է:
Ինչպես երևում է համացանցում հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում, դեռահաս աղջիկն առանձնանում է մինչև 15 տարեկանների շրջանում անցկացվող մրցաշարերի ժամանակ: Նա գրեթե կրկնակի բարձրահասակ է ինչպես իր թիմակիցներից, այնպես էլ մրցակիցներից:
Աղջկա ծնողները երկուսն էլ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ են եղել, սակայն նրա հասակը զարմանալի է` հաշվի առնելով տարիքը: Նա արդեն իսկ ավելի բարձրահասակ է, քան իր մայրը (1,98 մ) և հայրը (2,13 մ):
Առաջին դասարանում չինուհու հասակը 1,6 մետր է եղել, իսկ վեցերորդ դասարանում` արդեն 2,1 մետր: Երկրի բնակիչներից շատերը Չինաստանի բասկետբոլային ապագան կապում են նրա հետ: