Ռուսաստանը հարավկովկասյան ուղղությամբ կտրուկ «շարժումներ» չի անելու, աշխատելու է բոլոր ճակատներով
Փաշինյան-Պուտին հանդիպումից 13 օր անց Կրեմլում կայացան Ալիև-Պուտին բանակցությունները Երասխի հատվածում հայ-ադրբեջանական ռազմական սրացման և Փաշինյանի արևմտյան ռևերանսների պայմաններում:
Այս հանդիպումների ընթացքում արված պուտինյան շեշտադրումները բավականին ուշագրավ էին, և այն, ինչ նկատել են գրեթե բոլոր հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները, Պուտինի շնորհակալությունն էր Ալիևին:
«Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին, բնականաբար, շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- դիմելով իր ադրբեջանցի պաշտոնակցին՝ նշել է Ռուսաստանի նախագահը։
Իր հերթին՝ Ալիևը ևս շնորհակալություն է հայտնել Պուտինին. «Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այս խնդրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև կարևոր և զգայուն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած անձնական մասնակցության համար։ Մենք մշտական կապի մեջ ենք, ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր անձնական շփումները՝ թե՛ հունվարին կայացած մոսկովյան հանդիպման, և թե՛ հեռախոսազրույցների տեսքով, լուրջ դեր խաղացին իրավիճակի կայունացման առումով»։
Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը խոսել էր դժվար, սուր և զգայուն հարցերը լուծելու մասին, որտեղ ժողովրդի վստահությունը կարևոր է:
Իհարկե, տարօրինակ է, երբ Փաշինյանը շնորհակալության չի արժանանում հետպատերազմյան բոլոր ծրագրված և չծրագրված զիջումներն իրականացնելու համար, սակայն դա, ըստ էության, արտացոլում է Հայաստանի և Ադրբեջանի ու հատկապես Փաշինյանի ու Ալիևի վարած քաղաքականությունների կշիռները ՌԴ իշխանությունների համար:
Իհարկե, Երասխի հատվածում լարվածության, հայ-ադրբեջանական սահմանի Սև լճի հատվածում սահմանախախտման, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվող բոլոր պահվող անձանց առանց նախապայմանների վերադարձնելու կետը չիրականացնելու ֆոնին՝ Պուտինի շնորհակալությունն Ալիևին փոխզիջումային լուծումների համար, առնվազն տարօրինակ է թվում, քանի որ պատերազմի ավարտից հետո հայկական կողմն է, որ շարունակում է զիջումներ անել՝ իրականացնելով նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը, թույլ տալով ադրբեջանական զինվորականներին անարգել խախտել հայ-ադրբեջանական սահմանը, հանձնելով ականապատ դաշտերի քարտեզները, ինչը չէր նախատեսվում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով, և այլն:
Ալիև-Պուտին հանդիպմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հրատապ հարցերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների հաշվառմամբ»,- ասված Էր ՌԴ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը:
Պեսկովը հիշեցրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին հնարավոր է եղել հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ, և ներկայումս կողմերը զբաղված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով:
168.am-ի հետ զրույցում, գնահատելով Պուտինի հանդիպումը Ալիևի հետ, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանն այս փուլում պահպանում է պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ փորձելով չանել կտրուկ որևէ հայտարարություն, «շարժում»՝ չվնասելու համար հետպատերազմյան երկփուլ պայմանավորվածությունները, հատկապես, երբ կան դրանք զրոյացնելու և նոր գործընթաց ծավալելու արևմտյան փորձեր:
Մալաշենկոյի խոսքով, քննարկվել են հետհակամարտային ընթացիկ հարցերը՝ գլխավորապես տրանսպորտային միջանցքներն ու սահմանային հարցերը:
Ըստ նրա, ՌԴ հարավկովկասյան դիվանագիտության համար ոչ պարզ իրավիճակ է ստեղծվում, որտեղ Ռուսաստանը փորձում է հարմարվողական քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով այն նոր իրավիճակը՝ իր բոլոր վտանգներով, որը հասունանում է Աֆղանստանում:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանին հարկավոր է կայունություն Հարավային Կովկասում, քանի որ այս փուլում անհրաժեշտ է լինելու զբաղվել միջինասիական երկրների խնդիրներով, եթե այնպես ստացվի, որ իշխանությունն անցնի թալիբներին: Այս սցենարները դիտարկվում են, և դա հավելյալ դիվանագիտական հաշվարկներ և ծրագիր է պահանջում:
Երևի թե նկատել եք՝ ինչպես է ակտիվացել ՌԴ-ն միջինասիական ուղղությամբ, իսկ հարավկովկասյան ուղղությամբ կան խնդրահարույց հարցեր գործընթացում ընդգրկված բոլոր երկրների ու կողմերի հետ: Ասել, որ կան լիարժեք վստահելի հարաբերություններ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ՝ սխալ կլինի, քանի որ յուրաքանչյուրն իր խաղն է տանում, այդ թվում՝ Ռուսաստանը, որը սկսում է չմերժել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն Ադրբեջանը կարող է դիտարկել իր դեմ, մեկ այլ բան Հայաստանը կարող է դիտարկել իր դեմ: Սա մեծ քաղաքականություն է: Ռուսաստանն ակնկալում էր, և ներկայումս տեսնում ենք, որ ԵՄ-ն է սկսում կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերել, որը չի բացառվում, որ այս փուլում չի հակասում ՌԴ շահերին, քանի որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնումը, չնայած այն իր օրակարգում ունի հարցեր, որոնք Ռուսաստանը չի համարում, որ պետք է քննարկել այսօր, կարող է իսկապես կայունություն ապահովել, նպաստել հրադադարին, նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասաց Մալաշենկոն՝ հավելելով, որ սա բազմակոմբինացիոն քաղաքականություն է:
Ըստ նրա, այսօր լիովին նոր դասավորություն կա, բոլոր խաղացողները փոխել են իրենց քաղաքականությունը:
«Նախկին ստատուս-քվոյից ոչինչ չի մնացել: Ռուսաստանը հասկանում է նաև, որ Արևմուտքը որոշ իրողությունների չի համակերպվելու, գործընթացներ է նախաձեռնում, այդ թվում՝ միջազգային կառույցներում։ Ադրբեջանն իր հերթին՝ իր քաղաքականությունն է վարում, որը միշտ չէ Ռուսաստանի հետ համաձայնեցված, նույնը՝ Հայաստանը։ Ուստի այս փուլում Ռուսաստանը զգուշավոր քաղաքականություն է իրականացնում, որը նշանակվում է, որ կշարունակվի ապաշրջափակման հարցի շուրջ եռակողմ աշխատանքը, սահմանազատման հարցն ընթացքի մեջ է, այդ ուղղությամբ ևս, կարծում եմ՝ բանակցություններ են ընթանում։ Զուգահեռ աշխատում են ԵՄ-ն, ԱՄՆ-ը ու Մինսկի խումբը՝ փորձելով տարածաշրջանում արևմտյան ազդեցությունն ամրապնդել:
Ռուսաստանը Հարավային Կովկասում այս փուլում կաշխատի բոլոր ճակատներում հավասարապես, քանի որ իրադարձությունները որքան կանխատեսելի, այնքան էլ՝ անկանխատեսելի են, իսկ Ռուսաստանին այստեղ նոր խնդիրներ հարկավոր չեն»,- նկատեց նա: