«Այս հայտարարությունով այդ անձը հենց ճշտում է, որ բոլորն են պատասխանատու այդ ամեն ինչի համար, դա հստակ է». Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Հուլիսի 15-ին՝ կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրությունների արդյունքում քաղաքացիներից ստացած Արցախի և Հայաստանի զարգացման դարաշրջան բացելու մանդատին՝ նշելով, թե՝ անկախ Ադրբեջանի գործողություններից, ամեն ինչ անելու են Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:
Արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը ենթադրում է, որ հետագա գործընթացների ողջ պատասխանատվությունն ուղղակի դրվելու է «ժողովրդի» ուսերին՝ 168.am–ի հարցին ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց.
«Ամիսներ շարունակ ասում եմ, որ այն մարդիկ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար շարունակում են օժանդակել կամ համաձայնել այն քաղաքականության հետ, որը վարվում է քաղաքացի Փաշինյանի ղեկավարությամբ, այո՛, նրանք, դառնում են հանցակից՝ և՛ արդեն տեղի ունեցած հանցագործությունների, և՛ պետական անվտանգության դեմ այն հանցագործությունների, որոնք նախատեսվում են մոտ ապագայում:
Եվ այս հայտարարությունով այդ անձը հենց ճշտում է, որ բոլորն են պատասխանատու այդ ամեն ինչի համար, դա հստակ է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի տարածաշրջանային տեսլականին, որը նիստում ամփոփվեց «երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում» ձևակերպմամբ, Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց.
«Այդ նույն անձնավորությունը բազմիցս է կրկնել, որ ապաշրջափակումը հարյուր տոկոսով օգուտ է հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին, սակայն այն «օգուտները», որն Արցախն ունեցել է այդ ուժի կառավարումից և այդ անձի կողմից միայնակ ստորագրած փաստաթղթերով՝ ակնհայտ են. մենք ունենք տասնյակ-հազարավոր արցախցիներ, որոնք զրկվել են իրենց պատմական բնակավայրերից, մենք ունենք ամբողջովին տապալված դիվանագիտական աշխատանք, Արցախին պատկանող հողերի և Ադրբեջանին չպատկանող 7 շրջանների բռնակցում:
Եվ հիմա, երբ խոսքը Սյունիքի մասին է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան տեղ չեն թողնում կասկածների, որ իրենց անհրաժեշտ է տարածաշրջանում ամբողջովին փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը՝ իրենց հեռահար նպատակների, այն է՝ նեոօսմանյան, նեոթուրան կամ այլ անուններով, և երբ իշխանությունն ասում է, որ դա հարյուր տոկոսով համապատասխանում է հայ ժողովրդի նպատակներին, դա նշանակում է, որ այս իշխանությունն ամբողջովին համաձայն է թուրք-ադրբեջանական ռազմավարության հետ և, մասնավորապես, հայերի ցեղասպանության ավարտի հասցնելու հետ:
Հիշեցնեմ, որ անցյալ դարում նպատակ էին դրել ամբողջովին ոչնչացնել հայ ժողովրդին, առնվազն՝ որպես պետական ազգ, ու այժմ, քանի որ դա չեն հասցրել այն ժամանակ անել, նրանք շտապում են դա անել այս դարում մինչև 2023 թվականը. Ցեղասպան Թուրքիան և իր կողմից ծնած ցեղասպան Ադրբեջանը 100 տարվա կարճաժամկետ ծրագիրն ուզում են հասցնել ավարտին:
Այն, ինչ Փաշինյանը կոչում է «կոմունիկացիա», Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են «միջանցք», և նրանք, ովքեր համաձայնում են Փաշինյանի մոտեցումների հետ, թող գոնե ընթերցեն՝ ինչ է նշանակում՝ կոմունիկացիա։ Ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ կոմունիկացիաներ, ո՞ւմ համար է դա արվում. դա արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար»:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փարատել է մտահոգությունները՝ վստահեցնելով, որ «Ադրբեջանի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ», իրավապաշտպանն արձագանքեց.
«Շատ լավ կլիներ՝ ինքն ասեր, թե ինչի մասին է խոսքը. Ադրբեջանը հստակ է ասում, թե ինչի մասին է խոսում, իսկ Հայաստանն անընդհատ շարունակում է անորոշ հերքումները. Ինչո՞ւ՝ որովհետև Հայաստանը չի ունեցել և չունի ընդհանուր հեռահար ռազմավարական ծրագիր. անգամ այն, ինչ ունեցել է մինչև 2018 թվականը, ամբողջովին մի կողմ շպրտվեց (գոնե անվտանգության ռազմավարություն եղել է):
Թող մեզ չասեն՝ ինչը չէ. թող ասեն՝ ինչն է:
Անգամ կոմունիկացիաները, եթե ոչ՝ միջանցք, պետք է ունենան սպասարկող զարգացած համակարգեր, և պետք է իրավական տեսանկյունից հստակ լինի հիմնավորումը, նաև պարզաբանվի, թե տնտեսական այդ ինչ օգուտների համար է Հայաստանը համաձայնում: Մինչ այսօր մենք ունենք միայն Ադրբեջանի, Թուրքիայի, մասամբ Ռուսաստանի կողմից արձագանքներ, թե ինչ գլոբալ օգուտներ են լինելու:
Հստակեցնենք՝ այդ ճանապարհները Ադրբեջանի՝ իրավական առումով իրեն չպատկանող մի հատվածը` Նախիջևանը, միացնում են մյուս մասի հետ, ի դեպ, նորից իրեն չպատկանող՝ այն 7 շրջաններից երկուսը: Սա գծված ճանապարհային քարտեզ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որով իրենք իրականացնում են իրենց դարավոր նպատակները. դրա գինը, որպես խոչընդոտի վերացում, Հայաստանի՝ դե ֆակտո և դե յուրե պետության վերացումն է. մենք արդեն ունենք ՀՀ միջազգային սուբյեկտայնության կորուստ. ո՞վ է հաշվի նստում Հայաստանի հետ»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ, մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին:
Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»: