Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը հսկայական ներուժ են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:
Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և մասնավորապես Ձեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:
Հուսով եմ, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացնենք նոր գաղափարներով և նախաձեռնություններով:
Մեծարգո պարոն Նախագահ,
Լիահույս եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ենք ունեցել քննարկել: Հատկապես կցանկանայի նշել ATOM (Advanced tomorrow – Ժամանակն առաջ) նախագահական նախաձեռնությունը, սննդի անվտանգությունը, փոքր և հաջողակ պետությունների ակումբի ստեղծումը, «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:
Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություն, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»: