Իրականություն, որը, ինչպես միշտ, խեղաթյուրված է ներկայացվում․ այսպիսի կեղծ աճերով ո՞ւր ենք հասնելու
Կառավարությունը հպարտանում է, որ այս տարի բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Այդ մասին վերջին շրջանում ավելի հաճախակի են սկսել խոսել։ Բայց չեն ասում, թե ինչ կա թաքնված այդ ամենի տակ։
Որ բյուջեի եկամուտները փաստացի ավելացել են, այդպես է։ Սակայն դա քիչ կապ ունի տնտեսության իրական զարգացումների հետ։ Կան գործոններ, որոնք նպաստել են հարկային եկամուտների ավելացմանը։ Այդ գործոնները տնտեսական չեն։ Մի մասն էլ մեկանգամյա են։
Ասենք՝ շահութահարկը, որը պիտի գանձվեր անցած տարի, տեղափոխվեց ու գանձվեց այս տարի։ Արդյունքում՝ ապրիլին ունեցանք մուտքերի բարձր ցուցանիշ, բայց դա կապ չուներ այս տարվա զարգացումների հետ։
Այդպիսի աճերով չպետք է հպարտանալ։ Դա իրականում աճ էլ չէ։ Այդ գումարները պետք է մուտք լինեին անցած տարվա բյուջե, մուտք են եղել այս տարվա բյուջե։ Ուղղակի տեղափոխվել են։
Առաջիկայում այն այլևս չի լինելու։ Ու հետևանքներն արդեն սկսել են նկատվել մուտքերի վրա։ Դա երևում է, մասնավորապես, հունիսի ցուցանիշներում։
Ճիշտ է, նախորդ տարվա տնտեսական անկումից հետո, այս տարվա հունիսին ավելի շատ հարկային եկամուտներ են հավաքվել, բայց դրանք ավելի քիչ են, քան 2019թ. մուտքերն էին։
Այս տարվա հունիսին հավաքվել է 132 մլրդ դրամ, 2019թ. հունիսին՝ 142 միլիարդ։ Այսինքն՝ 10 միլիարդով քիչ։ Դեռ չհաշված օրենսդրական փոփոխությունների ու գնային գործոնների ազդեցությունները։
Միայն դրոշմանշային վճարների մասով՝ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այս տարի 3 անգամ ավելի շատ գումար է հավաքվել, քան 2020թ. կամ 2019թ.։ Խոսքը գրեթե 10 մլրդ դրամ ավելի հավաքված գումարի մասին է, որը քաղաքացիները վճարել են զինծառայողների հիմնադրամին։
Սակայն դա էլ տնտեսության զարգացումների հետ կապ չունի։ Կապ չունի նաև բյուջեի հետ, թեև կառավարությունը դա ներկայացնում է՝ որպես բյուջեի եկամուտ։
Գնային գործոնը ևս ազդել է հարկային եկամուտների ավելացման վրա։
Որքան ապրանքները թանկանում են, այնքան ավտոմատ ավելանում են գանձվող անուղղակի հարկերը։ Դրանք վաճառքից գոյացող հարկեր են, որոնք վճարում են սպառողները։ Սպառողների գրպանից գումարները դուրս են գալիս ու մտնում բյուջե։
Բյուջեի հարկային եկամուտներն այս տարվա առաջին կեսին կազմել են 750 մլրդ դրամ, ինչը 10 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա, և 5 տոկոսով ավելի՝ 2019թ. ցուցանիշից։ Բայց դա իրական աճ չէ, ու պետք չէ դրա վրա հենվելով՝ հեռուն գնացող եզրակացություններ անել։ Այդ աճն արհեստական է։
Միայն դրոշմանշային վճարների և անցած տարվանից տեղափոխված շահութահարկի գումարների ազդեցությունը բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների վրա գնահատվում է գրեթե 35-40 մլրդ դրամի չափով։ Առնվազն այդքան գումարի մուտքերը կապ չունեն այս տարվա իրական հարկային եկամուտների հետ։
Ու երբ սա դիտարկում ենք անցած, առավել ևս՝ նախանցած տարվա հարաբերության մեջ, տեսնում ենք, որ պատկերն այնքան էլ մխիթարական չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Եթե տեղափոխված շահութահարկի գումարները հանում ենք այս տարվա մուտքերից ու տեղափոխում անցած տարի, ստացվում է, որ կիսամյակի կտրվածքով ունենալու ենք չնչին աճ, անգամ մուտքերի վրա ազդող մյուս գործոնները հաշվի չառած։
Դա 2020թ. նկատմամբ, երբ տնտեսությունը համատարած ճգնաժամի մեջ էր։ Իսկ 2019թ. նկատմամբ ավելի մտահոգիչ պատկեր կունենանք։ Հունիսի ցուցանիշներն արդեն մտահոգվելու տեղիք են տալիս։ Այդ ամսին 10 միլիարդով ավելի քիչ հարկ է հավաքվել, քան 2 տարի առաջ։ Անկումը հասնում է 7 տոկոսի։ Առաջիկա ամիսներին տարբերությունն ավելի կխորանա։
Սա է իրականությունը, որը, ինչպես միշտ, խեղաթյուրված է ներկայացվում։
Նաև դա է պատճառը, որ երբեմն տպավորություն է, թե երկրում ամեն ինչ փայլուն է, բայց հանկարծ բախվում ենք ինչ-ինչ խնդիրների հետ ու տեսնում ենք, որ իրավիճակն այն չէ, ինչ պիտի լիներ։ Իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելը մեզ մոտ դարձել է սովորական երևույթ։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած վարչապետից՝ վերջացրած նախարարներով ու գերատեսչությունների ղեկավարներով, զբաղված են մարդկանց խաբելով ու մոլորեցնելով։ Չկան տնտեսության ու տնտեսական իրավիճակի խորքային վերլուծությունները։ Խնդիրները վեր հանելու փոխարեն, թաքցնում են հասարակությունից՝ կարծես թե, այդպիսով դրանք լուծվեցին։
Այդպես է ոչ միայն տնտեսության մեջ, այլև հարկային մուտքերի առումով։
Այս տարի, անշուշտ, նշված գործոնների արդյունքում, բյուջեի փաստացի եկամուտներն ավելի շատ կլինեն, քան անցած տարի էին։ Բայց դա չի նշանակում, թե իրական վիճակը տնտեսության մեջ ու հարկային եկամուտների առումով շատ է փոխվել։ Այն, որ պղնձի գինը միջազգային շուկայում գրեթե կրկնակի բարձրացել է, ու դրա արդյունքում մեծացել է այդ ոլորտից հարկային լրացուցիչ եկամուտներ գեներացնելու հնարավորությունը, դեռ տնտեսության իրական զարգացումների ու դրա հաշվին հարկերի հավաքման ավելացումների մասին չի խոսում։
Լավ է, իհարկե, որ հարկային մուտքերի, թեկուզ և՝ ոչ օրինաչափ, բայց ավելացում կա, որովհետև անցած և այս տարվա բյուջետային գործընթացների հետևանքով մենք արդեն անցել ենք դեֆիցիտի թույլատրելի սահմանը՝ խախտելով հարկաբյուջետային ոսկյա կանոնը։ Հարկային եկամուտների ավելացումը թույլ կտա հնարավորինս սեղմել դեֆիցիտի մակարդակը, եթե, իհարկե, իշխանությունները կարողանան զսպել պարտքերի հաշվին չհիմնավորված ծախսեր կատարելու գայթակղությունը։ Հասարակությանը դուր գալու համար վերջին տարիներին բյուջեի սոցիալական բեռն ավելի մեծ տեմպերով են ավելացրել, քան հարկային եկամուտներն են աճել։ Դրա հետևանքով գնացել պարտք են վերցրել, որպեսզի կատարեն ծախսերը։ Այդ պայմաններում չեն վարանել ու հիմա էլ չեն վարանում իրենց բարձր պարգևավճարներ բաժանել, չնայած երկիրը շատ ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ ունի լուծելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ