ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի ուղերձները. ի՞նչ էին նախազգուշացնում «Լույս» հիմնադրամի փորձագետները 44-օրյա պատերազմից առաջ

«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր հանված հիմնական արտաքին քաղաքական խնդիրներից ու մարտահրավերներից հոդվածաշարում արդեն ներկայացվել է ԼՂ հակամարտության հարցում չորս գործոնների դերակատարության մասին, իսկ հոդվածաշարի այս հատվածում անդրադարձ կկատարվի ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի հիմնական ուղերձների վերաբերյալ վերլուծությանը։

2019թ. աշնանը «Լույս» հիմնադրամը հրապարակեց «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը․ կարևոր ուղերձները տարածաշրջանի և Հայաստանի համար» վերլուծությունը, որում անդրադարձ էր կատարվել 2019-ի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նստաշրջանին՝ առանձնացվել էր դրա շրջանակներում կարևոր դերակատարների ելույթները։

Օրինակ, Էրդողանն իր ելույթում ի ցույց էր դնում Թուրքիայի գլոբալ հավակնությունները և միջուկային երկիր դառնալու ձգտումը՝ նշելով, որ «միջուկային զենք ունենալու իրավունքը պետք է կա՛մ թույլ տրվի բոլորին, կա՛մ արգելվի բոլորին»։ Ուշագրավ է, որ հետագայում Էրդողանի միջուկային հավակնությունները միայն ավելացան, և վերջինս շարունակեց տարբեր հարթակներում հնչեցնել դրա մասին։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ելույթի բովանդակությանը՝ ուշադրության էին արժանացել ժողովրդավարության մասին նրա հայտարարությունները. «Փաշինյանի՝ արտաքին աշխարհին ուղղած հիմնական ուղերձը Հայաստանի ժողովրդավարական կերպարի մատուցումն էր»։ Մասնավորապես իր ելույթում Փաշինյանը հույս էր հայտնել, որ «ﬕջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի»։ Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, Փաշինյանի հույսերը անհիմն էին և որևէ կերպ չարդարացվեցին, իսկ մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը (կամ առնվազն դրա պատրանքը)՝ որպես արտաքին քաղաքական կամ անվտանգային կապիտալ, Հայաստանին ոչինչ չտվեց, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ։

ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի արտգործնախարարի ելույթից հիմնադրամի փորձագետներն առանձնացրել էին այն դրվագը, որտեղ նա «նշեց, որ նախորդ 2 տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել, որի համար պատասխանատվությունը գցեց հայկական կողմի վրա։ Մամեդյարովը Հայաստանի իշխանություններին մեղադրեց խաղաղ գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ»։ Մամեդյարովն իր ելույթում, ի պատասխան ՀՀ վարչապետի՝ 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին կոչին, հանդես եկավ բոլոր տարածքները վերադարձնելու պահանջով՝ միաժամանակ սպառնալով, որ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել։ Վերլուծելով երկու կողմերի ելույթները, փորձագետները հանգել էին այն եզրակացությանը, որ «ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի ամբիոնից Արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների ու տեսակետների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները խիստ հակասական են, իսկ բանակցային գործընթացը գրեթե փակուղում է հայտնվել»։ Այսինքն՝ արդեն այդ ժամանակ ակներև էր, որ բանակցային գործընթացում տեղի են ունենում անբարենպաստ զարգացումներ, և ադրբեջանական կողմը փորձում էր հետագա սրացումների պատասխանատվությունը նախապես գցել հայկական կողմի վրա։ Այդ ընթացքում Հայաստանի փորձագիտական շրջանակները ահազանգում էին պատերազմի վերահաս վտանգի մասին, մինչդեռ իշխանությունները հանրությանը հանգստացնում էին կեղծ պնդումներով, թե սահմանային լարվածությունը ցածր է։

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրելով ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի կարևոր ելույթներն ու իրադարձությունները՝ առանձնացվել է աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետևյալ հիմնական միտումները։ Անդրադառնալով գերտերությունների ներկայացուցիչների ելույթներին՝ նշվում է, որ «ընդհանուր առմամբ՝ հետխորհրդային տարածաշրջանի մասին հիշատակումները գերտերությունների ներկայացուցիչների կողմից գրեթե բացակայում էին, ինչը կարող է վկայել տարածաշրջանի նկատմամբ վերջիններիս հետաքրքրության որոշակի թուլացման մասին»։ «ՌԴ արտգործնախար Լավրովի ելույթում կարևոր տեղ էր հատկացված Մերձավոր Արևելքի վերաբերյալ մոտեցումներին, ինչը ընդգծում է տարածաշրջանի նկատմամբ ՌԴ-ի աճող հետաքրքրությունը։ Ռուսաստանը դառնում է այս տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը, իսկ Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգ ձևավորելու՝ Մոսկվայի առաջարկը համընկնում է նաև Իրանի, ՉԺՀ-ի ներկայացուցիչների տեսակետների հետ»։

Ըստ այդմ՝ նաև արձանագրվել է, որ «Տարածաշրջանում մի շարք երկրներ վերանայում են իրենց աշխարհաքաղաքական կեցվածքը․ Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ ավելի մեծ կարևորություն են տալիս ՌԴ-ի հետ հարաբերություններին։

Նույն միտումը նկատվում է Հարավային Կովկասում․ Վրաստանը զգալիորեն մեղմացրել է հակառուսական հռետորաբանությունը և Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիներ է փնտրում։ Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը զուգորդվում է ՌԴ-ի հետ համագործակցությունը խորացնելու Ադրբեջանի փորձերով։ Ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու դեպքում Հայաստանը կարող է կանգնել մեծ ռիսկերի առաջ»։ Ցավոք, նախորդ տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ մինչ տարածաշրջանի բոլոր երկրները փորձում էին վերականգնել կամ բարելավել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ սթափ գնահատելով առկա ուժային հավասարակշռությունը, Հայաստանը այդ հարաբերություններում միայն արհեստական խնդիրներ էր ստեղծում։ Այս քաղաքականությունն իր ազդեցությունը ունեցավ նախապատերազմյան, պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում ՌԴ-ի որդեգրած քաղաքականության վրա, որը Հայաստանի նկատմամբ անհամեմատ ավելի սառն էր, քան ենթադրում է ավանդական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունը։

Մեկ այլ ուշագրավ արձանագրում էր այն, որ «ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին անմիջապես հաջորդած իրադարձությունները, առաջին հերթին՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը, ցույց տվեցին, որ գերտերությունները պատրաստ են մի շարք առանցքային հարցերի շուրջ կուլիսային «առևտրի» գնալ։ Ընդ որում, այդ առևտուրը կարող է ընդգրկել շատ տարբեր տարածաշրջաններ և տարաբնույթ հարցեր, մի ուղղությամբ զիջումները կարող են հանգեցնել մեկ այլ ուղղությամբ ձեռքբերումների։ Հայաստանը, ներգրավված լինելով Արցախյան հակամարտության մեջ, գերտերությունների հետ իր հարաբերությունները կառուցելիս պետք է հաշվի առնի այս հանգամանքը, քանի որ թերհաշվարկը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»։ Չնայած այս նախազգուշացումներին, ՀՀ գործող կառավարությունը ամեն ինչ արեց, որպեսզի Արցախի հարցը դառնա նմանօրինակ կուլիսային առևտրի առարկա, իսկ ահա դրա անդառնալի հետևանքները արդեն իսկ տեսանելի են բոլորի համար։ Պետք է նշել, որ այդ կործանարար քաղաքականությունը այսօր էլ շարունակվում է, ինչը կարող է ավելի վատ հետևանքներ առաջացնել։

Անդրադառնալով Թուրքիային, նշվում էր, որ «Թուրքիայի հետ տարածաշրջանի երկրների հակասությունները կարող են Հայաստանի համար որոշ ռիսկեր պարունակել, սակայն դրանք նաև որոշակի հնարավորություններ են ստեղծում։ Հարկավոր է ակտիվացնել աշխատանքը Իսրայելի, Եգիպտոսի, Սիրիայի, տարածաշրջանի մյուս երկրների իշխանությունների հետ, որոնք Թուրքիայի հետ ակնհայտ հակասություններ ունեն՝ փորձելով վերջիններիս կողմից Հայաստանի համար առանցքային հարցերում աջակցություն ստանալ»։ Նմանօրինակ աշխատանք այդպես էլ չիրականացվեց, թերևս, միայն կարելի է հիշատակել Իսրայելի հետ հարաբերությունների ակտիվացման անհաջող օրինակը, իսկ մյուս ուղղություններով որոշակի ակտիվություն նկատվեց միայն աղետալի պատերազմից հետո, ինչը, սակայն, որևէ տեսանելի հետևանք չունեցավ։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև մեկ այլ կարևոր արձանագրմանն այն մասին, որ «Ավելի է ընդգծվում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան տանդեմը, որը մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Չնայած Հնդկաստանի, Իրանի հետ հարաբերությունները ակտիվացնելու փորձերին՝ դրանք դեռևս այն մակարդակի վրա չեն, որ հնարավորություն տան չեզոքացնելու վերոհիշյալ եռյակի սպառնալիքները»։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս տանդեմը լիարժեք աջակցեց և անմիջական մասնակցություն ունեցավ Արցախի դեմ ագրեսիային, մինչդեռ հայկական կողմը դրան հակադրելու ոչինչ չուներ։

Արցախի վերաբերյալ կարևոր արձանագրումներից մեկն էլ այն էր, որ «Արցախյան բանակցությունները հայտնվել են փակուղում․ հայկական կողմի զիջողական կեցվածքը միայն ավելի է մեծացնում Բաքվի ախորժակը։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների կողմից այն աստիճանի զիջողականությունը, որը ընդունելի լինի Ադրբեջանի համար, կասկածի տակ կդնի ՀՀ իշխանությունների ճակատագիրը հենց Հայաստանում։ Իսկ մի կողմից՝ կոշտ դիրքորոշում ցուցադրելու փորձերը, մյուս կողմից՝ որոշակի զիջողականության դրսևորումները, ինչպես նաև բոլորի համար ընդունելի լուծում գտնելու առաջարկները Բաքվի կողմից գնահատվում են՝ որպես բանակցությունները ձգձգելու, դրանց վերաբերյալ ուտոպիստական պատկերացումների, գործընթացը փակուղի մտցնելու փորձեր։ Ադրբեջանը օգտագործում է Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՀ իշխանությունների իրարամերժ հայտարարությունները՝ միջազգային հարթակներում այն ներկայացնելով՝ որպես հակամարտության կարգավորման հարցում վերջինիս շահագրգռվածության բացակայություն։ Այսպիսով, Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու հող է նախապատրաստում՝ ձգտելով ստանալ աշխարհում և տարածաշրջանում գլխավոր դերակատարների լուռ համաձայնությունը։ Այս հարցում Ադրբեջանի համար լրացուցիչ ոգեշնչող հանգամանք կարող է դառնալ Թուրքիայի հերթական ներխուժումը Սիրիա և միջազգային հանրության համեմատաբար զուսպ արձագանքը»։ Փաստորեն, այն, ինչ տեղի ունեցավ 2020թ. աշնանը, նշմարվում էր և կանխատեսելի էր դեռևս 2019-ի աշնանը։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի կանխատեսումներն ու նախազգուշացումները որակում էին՝ որպես խուճապային տրամադրությունների տարածում, և ոչինչ չէին անում աղետալի սցենարից խուսափելու համար։

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս