«Հայաստանում թուրք-ադրբեջանական բազմամիլիարդանոց ներդրումների իրականացումը հերթական միֆերից է, որի միջոցով փորձ է արվում կոմպենսացնել տարածքային ու մարդկային կորուստները»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Հայաստանում թուրք-ադրբեջանական բազմամիլիարդանոց ներդրումների իրականացումը հերթական միֆերից է, որի միջոցով փորձ է արվում կառավարել հասարակական սպասելիքները, կոմպենսացնել տարածքային ու մարդկային կորուստները, ցույց տալ, որ ՛՛ապագա կա ապագա՛՛:

Մյուս կողմից, այս միֆն ակտիվորեն սնուցում է նաև Ապշերոնի սուլթանը՝ պնդելով, որ եթե հայերը վերանայեն սեփական ադրբեջանաատյացությունը, ապա Բաքուն պատրաստ կլինի տնտեսական լուրջ ծրագրեր նախաձեռնել Հայաստանում՝ դուրս հանելով հայերին աղքատությունից: Դրանով իսկ մինի-սուլթանը հող է պարարտացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ու հայկական Արցախի կոնցեպտը վերջնականապես ապաակտուալիզացնելու համար:

Պարզ է, սակայն, որ դրա դիմաց թուրք-ադրբեջանական տանդեմը չի տալու Հայաստանին ոչինչ: Լավագույն դեպքում՝ միջանցքից օգտվելու հնարավորություն, ինչը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից կլինի խիստ կասկածելի: Բնականաբար, բազմամիլիարդանոց ներդրումների ակնկալումն այս պարագայում ևս չունի որևէ հիմնավորում: Ու ահա թե ինչու:

1. 2018 թ.-ից ի վեր թուրքական տնտեսությունը գտնվում է ճգնաժամային պայմաններում: Լիրայի անվերահսկելի արժեզրկում, շարունակվող գնաճ, ներդրումնարի կտրուկ կրճատում՝ բոլոր այս գործոնները առնվազն պետք է ստիպեն մեզ որոշակի հոռետեսությամբ վերաբերել Հայաստանում թուրքական հսկայական ներդրումների իրականացման հեռանկարին: Անգամ քաղաքական ամենահարմար կոնյունկտուրայի ձևավորման պարագայում:

2. Հայաստանը պարզապես պատրաստ չէ ընդունել բազմամիլիարդանոց ներդրումներ, անկախ դրանց ծագումից: Երկրում խոշորագույն ներդրումային ուղղություններն արդեն ՛՛ծանարաբեռնված՛՛ են՝ էներգետիկա, տրանսպորտ, հանքաարդյունաբերություն, ֆինանսական սեկտոր: Որտե՞ղ պետք է ուղղվի այդ ակնկալվող մի քանի միլարդ դոլարը: Հյուրանոցների ու ռեստորանների՞ վրա: Ի վերջո, զուտ տեսականորեն, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը գրականությունից մեզ հայտնի է որպես ՛՛հոլանդական հիվանդություն՛՛, երբ առանձին սեկտորներում տնտեսական բումը կարող է հանգեցնել արտարժույթի մեծ ներհոսքի, ինչի արդյունքում շարունակաբար ուժեղացող ազգային արժույթը տնտեսական անվտանգության ռիսկեր կստեղծի:

Պարզ ասած՝ ադրբեջանցու ու թուրքի հետ բարեկամանալով՝ հաստատ ավելի լավ չենք ապրելու (խոսքը, իհարկե, չի գնում իշխանության հետ աֆիլացված որոշ գործարարների մասին):
Իսկ լավ ապրելու համար նախևառաջ անհրաժեշտ է ներքին մոդեռնիզացիա՝ քաղաքական, տնտեսական, եթե ուզում եք՝ մշակութային: Դա, սակայն, այս իշխանությունների օրակարգից դուրս է»:

Տեսանյութեր

Լրահոս