Ի՞նչ հարցեր են քննարկվելու Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Ria Novosti-ն, հղում անելով Կրեմլին, հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը: Ռուսական լրատվամիջոցի համաձայն, Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են Արցախում մարտական գործողություններից տուժած շրջանների ազգաբնակչությանն աջակցության, տարածաշրջանում կապերի վերականգնման հարցեր:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ պետք է ֆիքսել, որ սա ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցն է, որը տեղի է ունենում դեպի ՌԴ, ինչը հասկանալի և սպասելի էր:

Ըստ նրա, սպասելի էր, քանի որ նոյեմբերի և հունվարի հայտարարությունների ստորագրումից հետո ներքաղաքական զարգացումներն ընդհատել էին ընդհանուր կարգավորման գործընթացը և ապաշրջափակման բանակցությունները, ինչին նպաստել է նաև ԱԳ նախարարի բացակայությունը, որն իր հերթին՝ դադարեցրել է հայ-ռուսական շփումները դիվանագիտական գերատեսչությունների մակարդակով: Իսկ ամենածավալուն ու ծանր աշխատանքը, նրա հավաստիացմամբ, իրականացնում են հենց ԱԳ նախարարությունները:

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն գործընթաց է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, Սյունիքի անվտանգային միջոցառումները, հատկապես՝ ռուսական հենակետերի հարցը, հումանիտար խնդիրների կարգավորումը՝ ռազմագերիների հարցը, սահմանազատման գործընթացը, ՀԱՊԿ-ը, որի շուրջ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Միջին Ասիայում ակտիվ զարգացումներ են ընթանում, երկու գոտում էլ ՀԱՊԿ-ից ակնկալիքներ կան, որոնցից մեկում ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Տաջիկստանին, պայմանավորված աֆղանական զարգացումներով:

Այս գոտում նոր դերակատարություն է ստանում Թուրքիան, որի Պաշտպանության նախարարն այցով գտնվում է Միջին Ասիայում, փորձում է աջակցություն առաջարկել միջինասիական երկրներին և դառնալ այս տարածաշրջանի երկրների անվտանգության թիվ մեկ երաշխավորը, թեև կա նաև ՀԱՊԿ-ը, ու հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիային է հանձնվել Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը, այս ցանկությունը շատ իրատեսական է:

Իհարկե, բացի արտաքին խնդիրներից՝ կոնկրետ ԼՂ-ում կան հումանիտար խնդիրներ, խաղաղությանը սպառնացող իրավիճակներ, և ՌԴ-ն աշխատում է բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ նաև տեղում»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական մերձեցումը և նրանց առաջ քաշած օրակարգերը, ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը, ԵՄ-ն՝ տարածաշրջանում իր ակտիվությամբ, Վրաստանը՝ իրեն վերագրվող դերով, նոր իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում, որոնք ևս քննարկման արժանի են, ուստի Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեն քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին:

«Աշխարհում անկայունության մի քանի օջախներ են ստեղծվում, որոնցում էական դերակատարություն ունեն՝ ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ռուսաստանը, այդ գոտիներում նրանք հակադիր ճամբարներում են, թուրք-ամերիկյան առճակատմանը զուգահեռ՝ համագործակցայնություն է նկատվում մասնավորապես Միջին Ասիայում, որոնք այս կամ այն կերպ իրենց անդրադարձը կարող են ունենալ նաև հարավկովկասյան իրողությունների վրա, քանի որ Թուրքիայի հետ կարող է դերակատարություն ունենալ նաև Ադրբեջանը, և ամենատարբեր բանակցություններ կարող են ընթանալ:

Այսինքն՝ առաջիկա այցի ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը տարածաշրջանային և արտատարածաշրջանային ու աշխարհաքաղաքական է: Սակայն առաջնային հարցերն են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս