«Ցավոք, Խծաբերդի տղաները դարձան Փաշինյանի և Ալիևի մութ գործարքների գործիքը». Կարապետ Պողոսյան
Հուլիս 4-ին Հայաստան վերադարձվեցին Ադրբեջանում բռնի պահվող ևս 15 հայ ռազմագերիներ, նրանք բոլորն էլ Շիրակի մարզից են և գերեվարվել էին Արցախի 44- օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել էր եռակողմ փաստաթուղթը։
Հայ ռազմագերիների վերադարձին զուգահեռ՝ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հայկական կողմը՝ որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»:
Հիշեցնենք, որ Հայաստանը հայ ռազմագերիների մի խմբի դիմաց Ադրբեջանին հանձնել է նաև Ակնայի ականապատ տարածքների քարտեզները։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն գերիներին, որոնք այս պահին բռնի պահվում են Բաքվում։
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն անդրադառնալով այս հարցին՝ դժվարացավ հստակ որևէ բան ասել՝ նշելով, որ այսօր Հայաստանում որևէ գործողության մեջ ինչ-որ տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է։
«Եթե հիշում եք, ես հենց սկզբում ասել էի, որ այս գերիները Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանին հանձնված պատանդներ են՝ հետագայում որոշակի գործողություններ կատարելու համար։ Այդ ժամանակահատվածում ինձ շատ քննադատեցին, փորձեցին ամեն ձևով ճնշումներ գործադրել, բայց իրականում պարզվեց, որ ես ճիշտ էի։ Գոնե հիմա պարզ է, որ 15 գերիներին փոխանակեցին ականապատված քարտեզների հետ։ Հիմա հաջորդ գերիներին ներկայիս վարչակազմը ինչի՞ հետ է փոխանակելու, ես դա չեմ կարող ասել, որովհետև Հայաստանում, բացի վարչապետի աթոռը զբաղեցնող անձից, որևէ մեկն առհասարակ տեղյակ չէ, թե ինչ է ուզում, ինչի է ձգտում կամ ինչ է անելու վաղը»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Նա նշեց, որ դեռևս չի զրուցել վերադարձած տղաների հետ, և չի հետաքրքրվել, թե նրանք ինչպես են գերեվարվել, և ինչու այդ ժամանակ չեն կրակել։ Նրանց հետ դեռ չի խոսել՝ գիտակցելով, որ վերջիններիս մոտ ծանր հոգեբանական վիճակ է, այլ կերպ չէր էլ կարող լինել։
«Այս պահին նրանց հետ շփվել, առավել ևս՝ քաղաքական հարցեր տալ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Ամեն դեպքում իմ բարոյականությունն ինձ թույլ չի տալիս, որպեսզի ես փորձեմ նրանց հետ խոսել և նրանց արտահայտած մտքերը բերել քաղաքական դաշտ ու դարձնել քննարկման առարկա, իսկ խոսելու դեպքում հնարավոր չէ դրանք չբերել քաղաքական դաշտ»,- հավելեց Կ. Պողոսյանը։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի այն քաղաքականությանը, որ գերեվարված հայ տղաների մի մասին որակում է՝ որպես ահաբեկիչ, դատապարտում ազատազրկման, մյուս մասին՝ ռազմագերի, ու ինչ-որ բաների դիմաց վերադարձնում Հայաստան։
«Կարծում եմ՝ սա ևս երկարաժամկետ գործընթացի հերթական պայմանավորվածությունն է, այսինքն՝ ում պարտավորվել են ինչ-որ զիջումների դիմաց վերադարձնել Հայաստան, նրանց որակել են ռազմագերի, իսկ ում կանգնեցրել են Ադրբեջանի դատարանի առջև, նրանց պետք է փորձեն այլ ծրագրեր իրականացնելու համար օգտագործել։ Իհարկե, գուցե կոպիտ եմ արտահայտվում, բաց ցավոք, այսօր այդ իրավիճակն է։ Ըստ իս, մեր երկրի ղեկավարը շատ էլ լավ գիտի՝ ինչ է անելու, այսինքն՝ նախապես ամեն ինչ պլանավորված էր, և իրեն ապահովագրելու համար սարքեց Խծաբերդի խայտառակ իրավիճակը։ Նման բան ուզում էր անել նաև Հին Շենի հատվածում, սակայն հասարակության ճնշումների և բարձրացրած աղմուկի շնորհիվ գնացին ու տղաներին հետ բերեցին։ Ցավոք, Խծաբերդի տղաները դարձան Փաշինյանի և Ալիևի մութ գործարքների գործիքը, սա փաստ է»,- շեշտեց իրավապաշտպանը։
Հարցին, թե ինչո՞ւ հայ ռազմագերիներին հայաստանյան իշխանությունը նույն քարտեզների դիմաց ավելի շուտ չվերադարձրեց հայրենիք, այլ միայն պատերազմից 6-7 ամիս անց, Կարապետ Պողոսյանը պատասխանեց, որ գուցե այն ժամանակ հասարակական կրքերը, առավել ևս՝ ազգային ֆոնի վրա բարձրացված ալիքը շատ ավելի մեծ էր, ուստի փորձեցին գործընթացն ավելի ուշ իրականացնել։
«Ցավոք, այս արտահերթ ընտրություններն այդ ալիքն իջեցրեցին, բայց ոչ վերջնականորեն։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այդ ալիքը նորից բարձրանալու է։ Հասարակության լիցքաթափումն օգտագործվեց այդ քարտեզների փոխանակման և գերիների մի մասի վերադարձի համար։ Սրանք շատ պարզ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են, որոնց շատ լավ տիրապետում է ներկայիս վարչապետը։
Հիմա ֆավորիտ քաղաքական ուժերը դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչի, քանի որ եղել են բազմաթիվ խախտումներ։ Այ, երբ ասում են՝ Նիկոլին Գյումրիից մեծ քվե են տվել, ուրեմն՝ ամենամեծ խախտումները կամ կրկնակի քվեարկություններն իրականացվել են Գյումրիում։ Ուղղակի Հայաստանում իրականացվեցին կեղծված ընտրություններ, մի մոռացեք, որ այսօր Հայաստանում կան մոտ 200 հազար օտարերկրյա գործակալներ, երկրաշարժից հետո նրանց մեծ մասն աշխատել է Գյումրիում և Շիրակի մարզում։ Գյումրիում կա գիտակից ու արժանապատիվ մարդկանց մի մեծ բանակ, որոնց պոռթկումն օրերից մեկ օր կտեսնեք, ես վստահ եմ, որ Հայաստանում իշխանափոխությունը սկսվելու է Գյումրից»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը։