Երևի պատահական չէ, որ իմ ծննդյան և ՀՀ Սահմանադրության օրերը համընկան. Պարույր Հայրիկյան

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է՝ որպես Սահմանադրության օր: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

«Այս օրը պատմական օր է, հայ ժողովրդի առաջին հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրն է: Ճակատագրի բերումով ԱՄՆ-ում էլ նշվում է Անկախության օրը: ԱՄՆ-ը առաջինն էր, որ ինձ տրամադրեց իր հպատակությունը: Նաև Ֆրանսիան և Կանադան այդպես վարվեցին: Այնպես որ, այսօր ինձ համար եռատոն է, որովհետև Աստծո կամքով ծնվել եմ այս օրը»,- իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց՝ Հայաստանի համար անվտանգային խնդիրները հրատապ են, սակայն պատահական չէ, որ Սահմանադրությունը կոչվում է հիմնական օրենք, և ինչով էլ զբաղված լինենք, ինչ կարևոր խնդիրներ էլ լինեն, Սահմանադրության հարցը մնում է հարցերի հարցը:

«Ես առիթ ունեցել եմ խոսելու այսօրվա իշխանությունների ոչ համարժեք վերաբերմունքի մասին ոչ միայն Սահմանադրության նկատմամբ, այլև իրենց իսկ որոշումների վերաբերյալ: Ինչպես գիտեք՝ տարիներ առաջ Հայաստանում որոշում ընդունվեց, որ պետք է ստեղծվի սահմանադրական հանձնաժողով: Ստեղծվեց, և որպես շարքային աշխատող՝ ես պատրաստ էի աշխատել այդ հանձնաժողովում, բայց ինձ ներկայացնող հասարակական կազմակերպությունները մերժում ստացան, որովհետև իշխանությունները կարծում են, որ իրենց քաղաքական աջակիցները միայն պետք է աշխատեն այդ հանձնաժողովում: Հետո ազդարարվեց ժամանակացույց, որոշվեց, որ մինչև անցած տարվա հունիսը պետք է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացվեր, այնուհետև մինչև սեպտեմբեր նախագիծը պետք է պատրաստ լիներ: Հետո այդ օրը փոխվեց, և կառավարությունը որոշեց, որ Սահմանադրության հայեցակարգը պետք է փոխվի սեպտեմբերին: Ինչպես գիտեք՝ դա տեղի չունեցավ, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր հարցի նկատմամբ մեր իշխանություններն անհրաժեշտ, համարժեք վերաբերմունքը չունեն: Կամ գիտակցությունը, կամ փորձառությունն է պակասում, կամ էլ այլ նկատառումներ կան: Սահմանադրությունն ինձ համար եղել է կարևոր հարցերից մեկը: Եվ երևի պատահական չէ, որ իմ ծննդյան և ՀՀ Սահմանադրության օրերը համընկան»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը դեռևս հնարավորություն ունի կանգնել ճիշտ ճանապարհին: Մենք առաջարկել ենք մի նախագիծ, որի նմանն աշխարհում չկա: Այն հենվում է համամարդկային բոլոր ձեռքբերումների վրա՝ տարբեր ոլորտներից: Նաև աշխարհի տարբեր պետությունների փորձառության վրա: «Բացարձակ ժողովրդավարության» մեր սահմանադրության նախագծի ընդունումով Հայաստանը ոչ միայն կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, այլև կդառնա օրինակելի երկիր՝ աշխարհի բոլոր երկրների համար»:

Հավելենք, որ հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1967 թվականից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը ծնվել է 1949 թ. հուլիսի 5-ին՝ Նուբարաշենում: Դեռևս դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնել է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ են տարածվել Երևանում և Կիրովականում։ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն է եղել Հայաստանի տարածքային վերամիավորումը։

Հայրիկյանը չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում:

Տեսանյութեր

Լրահոս