Ձյուդոյում պետք է համադրել ֆիզիկականը, հոգևորը և մտքի աշխատանքը. Ֆերդինանդ Կարապետյան
Օլիմպիական խաղերը եղել և մնում են այն բացառիկ մրցաշարերից, որոնք մարզիկներին ստիպում են անվերապահ նվիրումով նախապատրաստվել: Թեպետ ժամանակակից խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենն ընտրեց «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսը, սակայն որոշ մարզաձևերում Հայաստանը կարող է չհետևել այս կարգախոսին: Դրանցից մեկը ձյուդոն է: Այս խաղերում Հայաստանը կունենա միայն մեկ ձյուդոիստ: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը միակ ձյուդոիստն է` Ֆերդինանդ Կարապետյանը: Վերջինս Եվրոպայի առաջնության չեմպիոն է, ձյուդոյի Գրան Պրիների բազմակի մեդալակիր է:
-Պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ձյուդո մարզաձևով:
-Այն քաղաքում, որտեղ ծնվել եմ և ապրում եմ մինչ օրս, ձյուդոն ամենատարածված մարզաձևն է: Եվ դրա հետ մեկտեղ, մեր հարևանը, ով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր է, Տամերլան Տմենովն է: Սիդնեյի Օլիմպիական խաղերում Տմենովը դարձավ բրոնզե մեդալակիր, մենք ընտանիքով հետևում էինք նրա ելույթներին և հենց այդ խաղերից հետո էր, որ հասկացա, թե ինչ է ձյուդոն:
-Արդյոք ձեր կյանքում եղել է մի մրցաշարը, որից հետո հասկացաք, որ ձյուդոն ձեր մարզաձևն է:
-Այո, եղել է նման մրցաշար: Եթե անկեղծ՝ հիմա չեմ հիշում, թե որ թվականն էր, բայց 2000-ականներին էր: Մեզ մոտ անցկացվում էր Ռուսաստանի պատանեկան ներքին առաջնությունը, և ինքս ինձ ասեցի, եթե հաջող եմ հանդես գալիս, հաղթում եմ, ապա մնում եմ ձյուդոյում, եթե ոչ` հեռանում եմ: Ես հաղթեցի ու դրանից հետո սկսվեց` մրցաշարը մրցաշարի հետևից, ուսումնամարզական հավաքը հավաքի հետևից: Ու ինձ սկսեց դուր գալ այդ պայքարը, որը վերջանում է հաղթանակով:
-Դուք ի սկզբանե հանդես էիք գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, բայց 2015 թվականից ի վեր ներկայացնում եք Հայաստանը: Ինչպե՞ս ստացվեց այդ ամենը:
-Մեծահասակների պայքարում եղել եմ Ռուսաստանի առաջնության արծաթե, բրոնզե մեդալակիր և երկար տարիներ հանդես էի գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Բայց ես հայ եմ և միշտ էլ ցանկացել եմ ներկայացնել Հայաստանը: Մրցաշարերում հանդիպում էի Հայաստանի հավաքականի անդամների հետ և տեսել էի ընտրանուն, գիտեի մարզիչներին: Պարզապես այնպես ստացվեց, որ 2015 թվականից հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում և չեմ փոշմանել ընդունածս որոշման համար:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերն ձեր առաջին Խաղերն են: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ ինձ համար էլ է կարևոր մեդալի համար պայքարելը: Չեմ գնում պարզապես մասնակցության համար, գնում եմ ոսկե մեդալի` հաղթանակի հետևից: Մարզավիճակս լավ է և հաջող արդյունքների ակնկալիքներ ունեմ: Մարզչի հետ ամեն ինչ անում ենք դրա համար: Հայաստանի ձյուդոյի պատմության մեջ դեռևս չկան Օլիմպիական խաղերի մեդալակիրներ, ես ուզում եմ առաջինը լինել` ճանապարհ բացելով մյուսների համար ևս:
-Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Խաղերը հետձգվեցին մեկ տարով: Ի՞նչ հետևանք ունեցավ այն ձեզ վրա:
-Դեռևս 2020 թվականի սկզբին, երբ մասնակցում էի Թել-Ավիվի Գրան Պրիին, ստացվեց այնպես, որ կիսաեզրափակիչում` իսպանացի մարզիկի հետ գոտեմարտի ընթացքում, կոտրեցի ձեռքիս մատերից մեկը: Սարսափելի կոտրվածք էի ստացել: Մտածում էի, որ Օլիմպիական խաղերի մեկնարկին այսքան մոտ ես ստանում եմ այս վնասվածքը, և, կարծես, ամեն ինչ «ջուրն է գնում»: Սակայն խաղերը հետաձգվեցին և ինչ-որ տեղ ինձ համար այս ամենը դրական էր, քանի որ բուժեցի մատս:
-Օլիմպիական խաղերը ոչ աշխարհի առաջնություն են, ոչ էլ Եվրոպայի: Դրանք բացառիկ են նրանով, որ 4 տարի մեկ են անցկացվում և մասնակցում են միայն այդ պահին լավագույնները: Ձեր քաշային կարգում ովքե՞ր են ձեր հիմնական մրցակիցները:
-Գիտեք, ձյուդոն այն մարզաձևը չէ, որտեղ ամենաուժեղն անպարտելի է, իսկ թույլերը միշտ են պարտվում: Ձյուդոն մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում: Այո, ամենաշատ պայքարը հիմնականում հենց իմ քաշային կարգում է: Կան մարզիկներ, որոնք լավագույններից են, օրինակ` ճապոնացիները, ռուսները և այլն:
-Ամեն մարզաձև իր ներքին գեղեցկությունն ունի, որը յուրաքանչյուր մարզիկ հասկանում է՝ երկար տարիներ մարզվելով: Ըստ ձեզ, որ՞ն է ձյուդոյի գեղեցկությունը:
-Ձյուդոյի գեղեցկություն նետումներում է, պայքարի ոճի մեջ է: Ձյուդոյում չես հաղթում միայն ֆիզիկապես լավ պատրաստվելով, այլ նաև գլխով աշխատելու շնորհիվ: Ձյուդոյում պետք է համադրել ֆիզիկականը, հոգևորը և մտքի աշխատանքը: Մեր մարզաձևում ամենաչնչին սխալն անգամ քեզ դուրս է թողնում պայքարից:
-Ֆերդինանդ, մրցապայքարի ժամանակ հաշվի ե՞ք առնում ձեր ուժեղ կողմերը, թե՞ հիշում եք նաև մրցակցի թույլ կողմերի մասին:
-Տատամի մտնելուց առաջ հնարավոր է, որ նայում եմ մրցակիցներիս գոտեմարտերը, հասկանալու համար նա ձախլիկ է, թե աջլիկ: Ինձ համար կարևոր է դա: Հենց սա էլ հաշվի առնելով հասկանում եմ, թե որոնք են մրցակիցներիս ուժեղ և թույլ կողմերը:
-Սպորտում այսպես է՝ դու մեծ հաջողությունների հասնում ես կամ տաղանդի, կամ աշխատասիրության շնորհիվ: Դուք ձեզ տաղանդավոր ե՞ք համարում, թե՞ աշխատասեր:
-Անկեղծ ասած՝ ես աշխատասեր եմ: Սիրում եմ մարզումները, սիրում եմ ջանասեր աշխատանքը: Իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր արդյունքներ ունեմ գրանցած: Իմ հաջողության բանալին աշխատանքն է:
-Բնութագրեք խնդրեմ Օլիմպիական խաղերը մի քանի բառով:
-Էմոցիաներ ու երազանք:
-Մի քանի բլից հարցեր. լե՞ռ, թե՞ ծով:
-Ծով:
-Թո՞մը, թե՞ Ջերին:
-Ջերին:
-Նարդի՞, թե՞ շախմատ:
-Նարդի:
-Դոլմա՞, թե՞ խորոված:
-Խորոված:
-Պիցցա՞, թե՞ պաղպաղակ:
-Պաղպաղակ:
-Գի՞րք, թե՞ ֆիլմ:
-Ֆիլմ:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ:
-Թեյ:
Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան