Օլիմպիական խաղերը շանս են տարիների աշխատանքիս «վարձատրությունը» ստանալու համար. Արման Դարչինյան
Հայաստանի օլիմպիական հավաքականն արդեն իսկ կազմավորված է: Օլիմպիական խաղերի ընթացքում բռնցքամարտը միակ մարզաձևն է, որ մեկնարկում է Օլիմպիական խաղերի բացման օրն ու ավարտվում ամենավերջում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այս խաղերում կունենա 3 մարզիկ` նրանց մեկը Արման Դարչինյանն է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հենց Արման Դարչինյանն է: Նա 27 տարեկան է, ծնունդով Վանաձորից է: Դարչինյանն արդեն մեկ մենամարտ անցկացրել է պրոֆեսիոնալ ռինգում:
-Արման, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս սկսվեց բռնցքամարտում ձեր ճանապարհը:
-Իմ դեպքում բռնցքամարտով հետաքրքրվելը ստացվել էր ինքնըստինքյան: Մեր ազգում Դարչինյաններից շատերն են մարզվել բռնցքամարտով: Փոքր տարիքից էլ հետաքրքրված էի հենց միայն բռնցքամարտով: Գիտեք, մեր տանը բոլորն են ապրում բռնցքամարտով: Ինչ-որ ժամանակահատված ապրում էի Ուկրաինայում, այդ ընթացքում չէի զբաղվում բռնցքամարտով: Տևական ժամանակ ֆուտբոլով և ըմբշամարտով էլ եմ զբաղվել, սակայն, երբ վերադարձա հայրենիք, 10 տարեկանից լրջորեն անցա բռնցքամարտով զբաղվելուն:
-Բռնցքամարտը Վանաձորում, որտեղ դուք ապրում եք, այլ մակարդակի վրա է: Ո՞րն է դրա պատճառը:
-Վանաձորում բռնցքամարտը ամենազարգացած մարզաձևերից մեկն է: Մեր բռնցքամարտի «դպրոցը» լավն է, շատ լավ մարզիկներ ենք ունեցել` Խաչատրյանը, Ջավախյանը, Դարչինյանը, Պապյանը: Լուրջ հաջողությունների հասած մարզիկներ կան Վանաձորում, նրանք ովքեր Օլիմպիական խաղերի մասնակից են, մեդալակիրներ:
-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Այո, առաջին Խաղերն են, որոնց պետք է մասնակցեմ և շատ լուրջ եմ մոտենում այս ամենին: Օլիմպիական խաղերն հնարավորություն են տարիների աշխատանքիս «վարձատրությունը» ստանալու համար, նաև մարզիչներիս, հարազատներիս «վարձատրությունը»: Ձգտելու եմ առաջին հերթին մեդալի, իսկ արդեն հետո միայն կարևոր կլինի այդ մեդալի գույնը:
-Իսկ իրատե՞ս եք համարում մեդալների համար ձեր պայքարը:
-Թող մեծամիտ չհնչի ասածս, բայց մրցել եմ աշխարհի նախկին և դեռևս գործող չեմպիոնների հետ, ճիշտ է պարտվել եմ, բայց հավասար հավասարի հետ պայքար եմ տվել նրանց դեմ: Օլիմպիական խաղերն առհասարակ այլ մրցաշարեր են: Այնտեղ կան այնպիսի ուժեղ մարզիկներ, որոնցից ցանկացած մեկն ունակ է պատվանդանի վրա իր տեղը գտնելուն: Կարևորն այդ պահին լավ տրամադրությունն է, ռինգը լավ «զգալը»: Այն կարծիքին եմ, որ մեդալների համար պայքարից հեռու չեմ:
-Բռնցքամարտի աշխարհն արդեն ունի մեկ մեծանուն Դարչինյան` դա Վախթանգ (Վիկ) Դարչինյանն է` ձեր հորեղբայրը: Ի՞նչ շարժառիթ է այն ձեզ համար:
-Անշուշտ հաճելի է, որ Վիկ Դարչինյանն արդեն իսկ հանրահռչակել է Դարչինյան ազգանունը: Կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ ես բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել հենց նրա շնորհիվ: Բռնցքամարտի աշխարհը հիմա գիտի Դարչինյանին, ուզում եմ այնպես անել, որ Արման Դարչինյանին էլ իմանան: Մենք շատ ենք խոսում իրար հետ բռնցքամարտից, սիրով լսում եմ նրա խորհուրդները:
-Արման, ռինգում Դուք ձեր հույս դնո՞ւմ եք սեփական ուժեղ կողմերի վրա, թե՞ հիշում եք նաև մրցակցի թույլ կողմերը:
-Միշտ առաջինը գիտեմ իմ ուժեղ կողմերի մասին: Այն կարծիքին եմ, որ ինքս պետք է իմ գործը կատարեմ ռինգում` հույսս դնելով ինձ վրա: Ռինգում մտածում եմ իմ հնարավորությունների առավելագույնն անել: Բայց մենամարտի ընթացքից շատ բան է կախված` ինչ անել, ինչը` ոչ: Երբեմն մարզիչն է հուշում անկյունից, երբեմն դու ես հասկանում ինչ անել հաջորդիվ:
-32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային դեռևս անցած տարի, բայց հետաձգվեցին: Ձեր կարծիքով ինչ-որ ազդեցություն թողե՞ց այս հետաձգումը:
-Եթե նայենք համաշխարհային սպորտի տեսանկյունից, ապա դրական այն չես անվանի: Բայց ինչ կապված է ինձ հետ, ապա բացասական ազդեցություն չթողեց: Պարզապես ամեն ինչ մեկ տարի հետ ընկավ:
-Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերում:
-Իսկապես, անցած տարին դժվար էր մեր ազգի համար: Պատերազմի օրերին մենք` մարզիկներս, բարդ փուլ էինք ապրում, ինքներս մեզ ստիպում էինք շարունակել մարզումները: Հիմա մեր հաղթանակների արժեքն այլ է. այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր: Արժևորել ենք, կրկնապատիկ անգամ ավել ենք գնահատում ամեն ինչ: Հաղթանակներով օգնում ենք մեր ժողովրդին, օգնում ենք առաջ շարժվել:
-Մի քանի բլից հարց. Ալի՞ թե՞ Թայսոն:
-Թայսոն:
-Լե՞ռ, թե՞ ծով:
-Ծով:
-Դոլմա՞, թե՞ խորոված:
-Խորոված:
-Պիցցա՞, թե՞ պաղպաղակ:
-Պաղպաղակ:
-Գի՞րք, թե՞ ֆիլմ:
-Ֆիլմ:
-Նարդի՞, թե՞ շախմատ:
-Ոչ մեկը:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ:
-Սուրճ:
-Թո՞մը, թե՞ Ջերին:
– Ջերին:
– Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան