Հայ-իրանական համագործակցությունն էներգետիկ ոլորտում. ի՞նչ էին նախազգուշացնում «Լույս» հիմնադրամի փորձագետները 44-օրյա պատերազմից առաջ
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր հանված հիմնական արտաքին քաղաքական խնդիրներից ու մարտահրավերներից հոդվածաշարում արդեն ներկայացվել է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ միասնական մոտեցման կարևորության համատեքստում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճակատագիրը, ադրբեջանական գազի և հայ-չինական օրակարգի գործոնները։
Հոդվածաշարի այս հատվածում անդրադարձ կկատարվի էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցությանը։
«Լույս» հիմնադրամը 2019թ. ամռանը հրապարակել է «Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում» վերլուծությունը, որտեղ անդրադարձ է կատարվում ինչպես վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին, այնպես էլ՝ էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության խնդիրներին ու հեռանկարին։
Վերլուծության մեջ անդրադառնալով վարչապետի Իրան կատարած այցին և այդ կապակցությամբ հանրային-փորձագիտական դաշտում նկատվող մեծ իրարանցմանը և այցը որպես աննախադեպ ներկայացնելու փորձերին՝ հիմնադրամի վերլուծաբանները նշում էին, որ «Ինչպես արտաքին քաղաքական մի շարք այլ ոլորտներում, այնպես էլ Իրանի հետ հարաբերություններում ավելորդ ու անիրատեսական սպասումներ ձևավորելը ի վերջո կարող է հանգեցնել հիասթափության, ինչը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա»։ Ինչպես ցույց տվեց Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա ընթացքը, վարչապետի այցը ոչ միայն անարդյունավետ էր, այլև դրանից հետո երկկողմ հարաբերություններում ի հայտ եկան մի շարք խնդիրներ ու տարաձայնություններ։
Հաշվի առնելով Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության շրջանակներում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի կարևորությունը՝ նշվում էր, որ, ի թիվս այլ հզորությունների զարգացման՝ «Կարևոր է ատոմակայանի գործունեությունը երկարացնելու նպատակով վերջինիս արդիականացման ընթացող ծրագիրը։ Մյուս կողմից Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի ճակատագիրը առաջիկա տասնամյակներին կախված կլինի այն հանգամանքից, թե նոր ատոմակայան կառուցելու համար արդյոք հնարավո՞ր կլինի անհրաժեշտ ներդրումներ ապահովել, և այս հարցում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ներկայիս կառավարությունը»։ Հայտնի է, որ 2020 թվականին գործող կառավարությունը հրաժարվեց ռուսական վարկից, որի շրջանակներում պետք է իրականացվեին ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները և երկարացվեր վերջինիս գործունեության ժամկետը։ Մյուս կողմից՝ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման մասին, բացի վերջերս Մոսկվայում Փաշինյանի արած բարձրագոչ հայտարարություններից, որևէ էական քայլ չի կատարվել, մինչդեռ ըստ փորձագիտական կանխատեսումների՝ Հայաստանը, հատկապես Արցախում մի շարք հէկ-երի կորստից հետո, ունենալու է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատում։ Սա կարող է բացասաբար ազդել նաև ՀՀ-Իրան «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների վրա։
Միաժամանակ հիմնադրամի փորձագետներն առաջարկում էին Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում «աշխատել ստացվող գազի դիմաց մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալի հաշվառման գործակիցը վերանայելու ուղղությամբ», ինչը թույլ կտար իրանական գազը մատակարարել ավելի մրցունակ պայմաններով։ Այս ուղղությամբ արված որևէ քայլի մասին մինչ օրս հայտնի չէ։ Ավելին, որևէ առաջընթաց չի նկատվում նաև էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք այլ ծրագրերում, ինչպիսիք են, օրինակ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա հայկական կողմում Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը և այլն։
Առհասարակ, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությանը, «Լույս» հիմնադրամի փորձագետները նշում են, որ «Լինելով տարածաշրջանում Հայաստանի ամենահուսալի գործընկերները՝ Իրանն ու Ռուսաստանը բազմիցս աչքի են ընկել իրենց տարածաշրջանային մտածողությամբ և բարիդրացիությամբ։ Հետևաբար, այս երկու երկրների հետ հարաբերությունները արտաքին ուժերի ազդեցությունից հնարավորինս զերծ պահելը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել Իրանի շուրջ վերջին շրջանում ստեղծված ճգնաժամի պայմաններում Հայաստանի ռազմավարական գերակայությունները սահմանելիս, այդ թվում՝ ճգնաժամի այս կամ այն սցենարի պարագայում Հայաստանի համար ի հայտ եկող ռիսկերը հաշվարկելիս»։
Ամփոփելով՝ ակներև է դառնում, որ գործող իշխանություններն այդպես էլ չեն կարողացել ճիշտ գնահատել տարածաշրջանում՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Իրանի կարևոր դերակատարությունը՝ հաճախ այդ հարաբերությունները ենթարկելով անիմաստ ցնցումների, ինչը հանգեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ Թեհրանի և Մոսկվայի չափից ավելի «չեզոք», իսկ հաճախ՝ նաև Հայաստանի շահերն անտեսող վարքագծին։
Շարունակելի․․․