Պետք է որոշել՝ սա բնակա՞ն, թե՞ լաբորատոր հարուցիչ է. ՍԱՊԾ նախկին պետը՝ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի մասին
Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։
Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ սիբիրախտը հողային ինֆեկցիա է, և չոր հողերում, ինչպես մեր մոտ է՝ ամենաշատն է տարածված:
«Այստեղ տեսեք, ինչն է հետաքրքիր. արոտային շրջանը մեզ մոտ սկսվում է ապրիլի վերջից: Այսինքն, երբ օրերը տաքանում են, անասուններին քշում են արոտ: Հիմնականում նույն գյուղի կենդանիներն արածում են նույն տեղը: Իսկ սիբիրախտը հարյուրամյակներով հողում պահպանվում է, ու ՀՀ ամբողջ տարածքն ազատագրված չէ դրանից: Դրա համար մենք բոլոր անասուններին սրսկում ենք, ներառյալ՝ խոզերին: Սիբիրախտը չի փոխանցվում կենդանուց կենդանուն. հողով, մսով է փոխանցվում: Հարց է, թե ինչու հենց Վարդենիսի տարածաշրջանում՝ դեպի Սոթք տանող ճանապարհի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:
ՍԱՊԾ նախկին պետը նշեց՝ շատ հնարավոր է, որ դա լինի սիբիրախտի այլ շտամ, որը բավականին ուժեղացված է և որից չի պաշտպանում ամբողջ աշխարհում երկար տարիներ կիրառվող պատվաստանյութը:
Խոսելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին՝ Գրիգոր Գրիգորյանն առաջին հերթին կարևորեց անասնագլխաքանակի պատվաստումը, հատուկ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը:
«Արոտավայրը պետք է փակվի, հականախվի, հողից նմուշներ վերցնեն և հասկանան տարածվածությունը: Պետք է որոշել՝ սա բնակա՞ն, թե՞ լաբորատոր հարուցիչ է: Արոտավայրում պետք է զոնավորում կատարվի, որպեսզի կենդանիներն անապահով տարածքում չգնան արածեն, որովհետև հնարավոր է, եթե չվարակվեն՝ սիբիրախտի սպորները տարածեն, բերեն բնակավայր»,- եզրափակեց ՍԱՊԾ նախկին պետը:
Հավելենք, որ սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է:
Վարակի աղբյուրը խոշոր և մանր եղջերավոր անասուններն են, ձիերը և ուղտերը:
Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:
Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:
Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:
Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով:
Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև՝
Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով:
Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի և խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սև կենտրոնով, այտուց խոցի շուրջը:
Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք:
Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խռպոտություն, սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:
Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ:
Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հևոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր:
Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:
Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները: