Ուր են ներդրումներն ու ներդրողները. Հարցեր, որոնք Էկոնոմիկայի նախարարն անպատասխան թողեց
Հունվարի 14-ին կառավարության հերթական նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցում անդրադարձել էր ներդրումների թեմային՝ նկատելով, որ կան շատ ներդրողներ: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, իր հարցազրույցներից մեկում էլ նշել էր. «Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և ինվեստորը, և պրոյեկտը: Հիմա մեր գերխնդիրն այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է»:
168.am-ն այս և այլ թեմաներով հունվարի 18-ին գրավոր հարցադրումներ էր հղել նախարար Վահան Քերոբյանին.
«Խնդրում ենք նշել, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին և առաջին հինգ խոշոր ներդրողների (ներդրումային ընկերությունների) անունները:
Ձեր նշանակումից հետո տարբեր շրջանակներ հիշեցրին «Սթար» առևտրային ցանցի մասին, որտեղ զբաղեցնում էիք գործադիր տնօրենի պաշտոնը, եղան հրապարակումներ, որոնցում ուղղակիորեն նշվում էր, որ սուպերմարկետների հայտնի ցանցը սնանկացել է Ձեր «ԱՊԱՇՆՈՐՀ կառավարման հետևանքով»: Հիշատակումներ եղան նաև «Կրպակ» խանութների ցանցի մասին, որի հինգ հիմնադիրներից մեկն էիք, և որը բացվել էր անմիջապես «Սթար»-ի լուծարումից հետո և դրանով հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր գործունեության, գործարար համբավի մասին այս դրվագները: Արդյո՞ք անցյալի՝ նաև հիշյալ փորձառությամբ կկարողանաք ստանձնել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատվությունը:
Խնդրում ենք նշել, թե որքան բաժնեմաս ունեք menu.am-ում, ովքե՞ր են մյուս բաժնետերերը (եթե կան), որքա՞ն գրանցված աշխատակից ունի menu.am-ը»:
Հունվարի 19-ին նախարարությունից ստացանք «մտից գրություն». ասել է թե՝ մեր դիմումը մուտքագրված է Էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ և ուսումնասիրվում է, բայց այդպես էլ չստացանք «ելից գրությունը», այն է՝ նախարարի պատասխանը:
Թե ինչո՞ւ՝ կարող ենք միայն ենթադրել. գուցե ներդրողներն այնքան շատ են, որ նախարարը չի կարողանում ընտրել նրանցից հինգի՞ն, գուցե մոռացե՞լ է «Սթար»-ի ու «Կրպակ»-ի հետ իր առնչակցության մասին, գուցե…
Փետրվար ամսին նախարարը հարցազրույցներից մեկում վերահաստատել է. «Ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ»: Սակայն նա նորից չէր նշել՝ ո՞ւր են այդ ներդրումները, ովքե՞ր են նրանք: Հուսանք՝ մի օր նախարարն ու իր թիմը կբացահայտեն այդքան խնամքով թաքցված այդ խոշոր ներդրողներին, որոնց մասին լսում ու լսում ենք: