Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ  բողոքների քննությունը:

Ապրիլի 6-ին էր հրապարակվել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը բավարարել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները  չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Միևնույն ժամանակ դատարանը վերացրել էր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գույքի ու արխիվների վրա դրված կալանքը:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում մարտի 26-ի ՍԴ որոշումն էր, որով ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել էին դատախազները՝ պնդելով  վերացնել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանում  իրենց բողոքը ներկայացնելիս նշեցին նաև, որ քրեական հետապնդման դադարեցումը խախտում է քրեական գործով տուժողների իրավունքները: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որը, միջազգային իրավական ակտերի համաձայն, տարածվում է նաև տուժող կողմի վրա, տուժողի՝ արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանվի ռեալ, ոչ թե՝ թղթի վրա, մինչդեռ  վիճարկվող դատական ակտը հակասում է նշված սկզբունքներին:

Փաստաբան Հայկ Ալումյանը նախ ղատարանից խնդրեց տրամադրել նիստի ձայնագրությունը, որպեսզի դատախազի ներկայացրած գրավոր միջնորդությանը մեկ անգամ ևս ծանոթանալու հնարավորություն ունենան և ժամանակ՝ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ապա հայտարարությամբ հանդես եկավ՝  նշելով, որ դատախազների կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթուլատրելի է, քանի որ որոշումը  կայացրել  է սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանի դատարանը, այն վերջնական է և ենթակա կատարման: Ալումյանի խոսքով՝ցանկացած մարդ կարող է քննադատել ՍԴ որոշումը, կարծիք հայտնել այդ որոշման մասին, բայց ՀՀ-ն ու տվյալ դեպքում ՀՀ անունից պաշտոնապես ներկայացված դատախազությունն այն քննադատել չի կարող, քանի որ կստացվի, որ ՀՀ-ն քննադատում է ՀՀ անունից հանդես եկող դատարանին:

Դատական նիստի ձայնագրությունը, ինչպես նաև անհրաժեշտ ժամանակ  տրամադրելու վերաբերյալ փաստաբանի միջնորդության առնչությամբ կարծիք հայտնեցին նաև փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը, Էրիկ Ալեքսանյանը, Կարեն Մեժլումյանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 15-ին:

Նշենք նաև, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝  Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս