«Այսպես Հայաստանը կտանեն և կդնեն թուրքի ոտի տակ». Գուրգեն Խանջյանը՝ ընտրությունների արդյունքների մասին
Առավոտյան ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները որոնց համաձայն՝ ընտրողների 53.92%-ն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 21.04%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 5.23%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին:
Ընտրություններից օրեր առաջ 124 մտավորական հանդես էր եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով, թե պետությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած, իսկ իշխող վարչախումբն իրականացնում է ազգակործան քաղաքականություն:
Կոչին միացած մտավորականներից մեկն էլ գրող Գուրգեն Խանջյանն է, որը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ընտրության հետևանքների մասին մտածելն այժմ կարծես թե անիմաստ է:
«Ես հիմա աշխատում եմ չմտածել այդ ուղղությամբ, որովհետև արդեն անիմաստ է: Փաստորեն, չգիտեմ, գուցե խախտումներ եղել են, թե չեն եղել, բայց փաստը մնում է փաստ, որ ժողովուրդը գտավ իր առաջնորդին նորից, նորից գրկախառնվեցին և այդպես գրկախառն՝ Հայաստանը չգիտեմ, թե ուր կտանեն: Համենայն դեպս, լավ Հայաստան ես չեմ սպասում»,- ասաց Խանջյանը:
Գրողի խոսքով՝ հանրության մի հատվածը, Նիկոլ Փաշինյանին ընտրելով, ընտրեց իր կերպարը.
«Ներդաշնակվեցին իրար հետ: Խելացի մասը, իհարկե, չէ, նա, ով դեմ քվեարկեց, իսկապես հեռուն տեսնող, խելացի մարդիկ էին: Բայց իրեն ներդաշնակ մարդիկ, իր նման մարդիկ… դրանց վրա հենվելով, թե ինչ կկարողանան կառուցել, եթե ինքն առհասարակ կառուցելու միտք ունի և ընդունակ է, ես չգիտեմ, արդեն կերևա… Չնայած՝ ի՞նչ պիտի երևա, տեսանք, էլի, 3 տարվա մեջ: Մի խոսքով, ոչ մի լավ բան ես չեմ սպասում:
Լավ էլ, նայած՝ ով, ինչ է հասկանում լավի տակ: Այն լավը, որն իրենք են սպասում, դա՝ մի քիչ փող լինի, մի քիչ առևտուրն աշխուժանա, թե ում հետ և դրա հետևանքները ինչ կարող են լինել, իրենց արդեն քիչ է հուզում: Մի մասին գլոբալիստական «յանն» է տարել, մյուսներին էլ փորի, ստամոքսի «յանը»: Ու այսպես՝ խառը, Հայաստանը կտանեն և կդնեն թուրքի ոտի տակ: Մի բան, որ 30 տարի մի կերպ, չարչարանքներով, զրկանքներով, բայց ընդդիմացել էինք, սխալով թե ճշտով, համենայն դեպս, այդ բանը ոչ ոք չէր արել: Իրանք կանեն, և ոչինչ չես կարող ասել: Մեծամասնության որոշումն է: Այդպես խաչեցին Քրիստոսին, այդպես բերեցին Հիտլերին՝ դեմոկրատիայի «քաղցր պտուղներն են»»,- նշեց գրողը:
Հարցին՝ թե ինչպես ստացվեց, որ այս 3 տարվա ընթացքում իշխանության, ինչպես մտավորականների կոչում է ասված՝ «ազգակործան» քայլերը հանրության մի հատվածի համար տեսանելի չեղան, Գուրգեն Խանջյանը պատասխանեց.
«Հանրության այդ մասը ոնց որ միջնադարյան ճորտատիրական հասարակարգի ժողովրդից լինեն: Առաջնորդի, գերառաջնորդի փնտրտուքների մեջ ճաշակը կորցրել են, գերառաջնորդին էլ չեն տեսնում, գոնե տեսնեն: Նա, ով իրեն առաջնորդ է հայտարարում, մի քիչ մեծ-մեծ խոսում է, մի քիչ թափ է տալիս, մի քիչ իրան անադեկվատ է պահում, իրենց թվում է՝ «դա է, եկել է փրկիչը»:
Դե, հիմա մարդիկ այդպես են տեսնում, երկիրն էլ ոնց որ ավելի շատ իրենցն է, քան թե մերն է, այդպես ստացվեց: Որովհետև ես ընդդիմությանն էլ արդեն ոչ մի բարի խոսք ասել չեմ կարող: Դեռ մի երկու օր առաջ կարող էի, բայց ավելին էի սպասում: Ես ավելին էի սպասում դեռևս այն ժամանակ, երբ այդ թուղթը ստորագրել էր (2020թ. նոյեմբերի 9.- Ա.Հ.): Եվ բնական էր՝ ոչ մի երկիր պարտվող առաջնորդի չի տանում, որովհետև չես կարող դու պարտվող խորհրդանիշ ունենալ աչքիդ առաջ և գնալ հաղթանակների, բարիքներ բերելու: Հնարավոր չի: Դու տեսնում ես մի մարդու, որը պարտվել է, ամեն օր տեսնում ես իրեն: Եվ պարտվել է՝ չես հասկանում, թե ոնց, որովհետև դա շատ կասկածելի էր:
Ենթադրենք՝ ուղիղ ճակատամարտ չէր, որ ասես՝ ճակատ ճակատի խփեցին, պարտվեց մարդը: Մութ… մութը շատ է այդտեղ: Կասկածները շատ են: Վերջապես այդ երեք տարվա մեջ կատարված ամեն ինչի գոնե կեսը լիներ, 10%-ը լիներ նորմալ որևէ երկրում, ամբողջ իշխանությունը հրաժարական կտար, որովհետև այդպես չի լինում, այդքան սուտ ասել չի լինում, այդքան պառակտել չի լինում նորմալ երկրում: Ես նենց հավատում էի, որ մենք նորմալ երկիր ենք: Այնքան հիասթափված եմ հիմա, բոլոր առումներով: Որովհետև դեռևս 30 տարի առաջ մենք շատ ավելի նորմալ էինք, շատ ավելի հայրենասեր, շատ ավելի հեռատես էինք: Ի՞նչ կատարվեց, ինչի՞ այսպես եկանք այդ վիճակին: Դրա պատասխանը, իհարկե, կա, բայց պետք է փնտրել սա: Ես մենակ չեմ կարող, և՛ հոգեբաններ են պետք, և՛ սոցիոլոգներ են պետք: Ես ընդամենը իմ գրողական հայացքով եմ նայում»: