Գազի գինը կորոշվի ընտրություններից հետո
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Նախկինում գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարվա վերջին, իսկ նոր պայմանագիր դեռևս չի կնքվել։
Նախկին պայմանագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս ամսվա վերջ մատակարարումներն իրականացնել գործող գնով։
Ենթադրվում է, որ իշխանությունները խնդրել են ռուսական կողմին՝ մինչև ընտրությունները ձեռնպահ մնալ գազի գնի վերանայումից։ Թե ինչո՞ւ, պարզ է։
Գազը միշտ էլ եղել է կարևոր քաղաքական ապրանք, առավել ևս՝ ընտրություններից առաջ։ Հատկապես որ, խոսք չկա ներմուծման էժանացման մասին։
Եթե հնարավոր լիներ էժանացնել, հիմա ընտրություներից առաջ էին դա արել։
Ընդհակառակը՝ քննարկվում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի բարձրացման հարցը։ Բայց դա կլինի արդեն ընտրություններից հետո։
Ընտրություններից հետո պետք է սպասել ներմուծվող գազի թանկացման։
Այս պահին Հայաստանը ռուսական գազը շարունակում է գնել հազար խորանարդ մետրը 165 դոլարով։
Թե ի՞նչ է նշանակում գազի թանկացումը ներքին սակագների բարձրացման առումով, հավանաբար հարկ չկա բացատրելու։ Առանց այդ էլ ներքին սակագների վրա ֆինանսական ճնշումը զգալիորեն մեծացել է՝ կապված՝ ինչպես բարձր գնաճի, այնպես էլ՝ դոլարի թանկացման հետ։
Սրանք այն 4 կարևոր տարրերից 2-ն են, որոնք էական դեր ունեն ներքին սակագների ձևավորման գործում։
Գնաճը Հայաստանում կտրուկ ակտիվացել է, բազմաթիվ ապրանքներ թանկացել են, ու դա ուղղակի ազդեցություն է ունենում նաև գազամատակարարման համակարգի ծախսերի վրա։ Ծախսեր, որոնք գործող սակագներում հաշվարկված չեն։ Դրանք հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն են առաջացնում համակարգում։
Համակարգի ֆինանսական ծանրաբեռնվածությունը մեծացել է նաև դրամի արժեզրկման կամ դոլարի թանկացման հետևանքով։
Գործող սակագները հաշվարկված են դոլարի 480 դրամ փոխարժեքով։ Այնինչ՝ վերջին ամիսներին դոլարի գինը տատանվում է 520 դրամի սահմաններում։
Դրա հետևանքով համակարգը ֆինանսական կորուստներ է ունենում։ Կորուստները ձևավորվում են այն սպառողների մատակարարումների հաշվին, որոնց համար գազի սակագինը սահմանված է դրամով։
Խոսքը փոքր սպառողների մասին է։ Խոշորների դեպքում հիմնականում խնդիր չի առաջանում, որովհետև նրանց համար սակագինը հաշվարկված է դոլարին համարժեք դրամով։ Թեև այս պարագայում էլ վնասներ են կրում գազի խոշոր սպառողները, այդ թվում՝ տնտեսությունը։
Խոշոր սպառողների համար արտաքուստ սակագները չեն փոխվել, մնացել են նույնը, սակայն հիմա նրանք՝ դոլարի թանկացման հետևանքով, ավելի շատ են վճարում, քան վճարում էին նախկինում՝ մինչև դոլարի թանկացումը։
Սա իրականում սակագների անուղղակի բարձրացում է, ու դա առաջիկայում կարող է խորանալ՝ կապված այս անգամ ներմուծման թանկացման հետ։
Որ Հայաստանին մատակարարվող գազի ներմուծման գինն առաջիկայում վերանայվելու է, կասկած չկա։ Այլապես, գոնե այս տարվա համար մատակարարման պայմանագիրը հիմա վաղուց էր ստորագրվել։ Նախկինում գործող պայմանագիրը 2 անգամ՝ անցած տարվա վերջին և այս տարվա մարտին, երկարաձգվել է, այն էլ՝ ընդամենը 3-ական ամսով։ Ընտրություններից հաշված օրեր հետո այդ ժամկետն ավարտվելու է ու կրկին կանգնելու ենք նույն խնդրի առաջ։
Այդ ժամանակ, ըստ ամենայնի, այլևս հնարավոր չի լինի խուսափել ներմուծման գնի բարձրացումից։
Անշուշտ, ներմուծման թանկացումը սպառողները միանգամից չեն զգա։ Ժամանակ է պետք, որպեսզի վերնայվեն նաև ներքին սակագները։ Դրա համար նախ հարկավոր է, որպեսզի մատակարար ընկերությունը հայտ ներկայացնի։ Հայտի ներկայացումից հետո էլ դեռ բավական ժամանակ պետք կլինի՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն ուսումնասիրի ու նոր սակագներ սահմանի։ Եվս 1 ամիս էլ պետք է, որպեսզի նոր սակագները մտնեն ուժի մեջ։
Իհարկե, սակագների վերանայման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև Հանձնաժողովը, չնայած դա քիչ հավանական է։ Ամեն դեպքում՝ դրանից ժամկետներ չեն փոխվի։
Սակագների վերանայումը շուրջ 3 ամսվա գործընթաց է։ Բայց այդ խնդիրն այսօր արդեն կանգնած է մեր առաջ։ Ու եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ենթադրվում է, ապա տարեվերջին կամ լավագույն դեպքում նախորդ տարվա սկզբին առերեսվելու ենք գազի ներքին սակագների բարձրացման հետ։
Բայց էներգետիկ համակարգում սակագնային ճնշումը միայն դրանով չի ավարտվի։
Արդեն այսօր խնդիրներ կան էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված։ Որքան էլ հիմա էժան հոսանք ենք ներկրում Վրաստանից, որտեղ առաջ արտահանում էինք, դրանով համակարգի խնդիրները չեն լուծվելու։ Վրաստանից ներմուծվող էժան հոսանքը սեզոնային բնույթ է կրում։
Գարնանը գետերի վարարման արդյունքում Վրաստանի հէկ-երում ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրվում, որը հաջողվում է համեմատաբար ցածր գներով ներմուծել Հայաստան։
Չնայած ցածր գին ասածն էլ հարաբերական է։ Այն ցածր է մեր փոխարինող ջերմային կայաններում արտադրված հոսանքի համեմատ։ Հրազդանի ՋԷԿ-ում սակագինը 33 դրամ է, Վրաստանից ներմուծումը՝ 24 դրամ։
Բայց սա էլ ժամանակավոր է։ Շուտով այդ հնարավորությունն էլ փակվելու է, ու կրկին ստիպված ենք լինելու ապավինել մեր թանկ ռեսուրսներին։
Բնականաբար, եթե առաջիկայում գազի գինը բարձրանա՝ բարձրանալու է նաև ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Դա ավելի է հարվածելու մեր էներգետիկ հզորությունների մրցունակությանը։ Թեև այսօր էլ դրանք մրցունակ չեն։
Սրանք խնդիրներ են, որոնք համակարգային են, բայց դրանք ամեն անգամ սրվում են՝ էներգակիրների թանկացման հետևանքով։ Ու այսօր մենք կրկին կանգնած ենք այդպիսի փաստի առաջ։ Շուտով պարզ կլինի, թե ինչ տեսք կստանա գազի ներմուծման գինը։ Դրանից ու մյուս գործոններից էլ կախված՝ կփոխվեն նաև ներքին սակագները։ Բայց դա արդեն ընտրություններից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ