Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարճաժամկետ գործիք է, որը նաև ունի տնտեսությունն ապախթանող էֆեկտ. Տնտեսագետ
Երեկ տեղեկացանք, որ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս:
«Հաշվի առնելով արտաքին հատվածից և ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։
Միևնույն ժամանակ, խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ թեև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կիրառվում է գնաճը կառավարելու և ազգային արժույթի արժեզրկումը կանխելու համար, այդուհանդերձ, այն տնտեսության համար ունի ապախթանող էֆեկտ:
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի և ազգային արժույթի արժեզրկման դեմ կիրառվող կարճաժամկետ հիմնական գործիքներից է:
Սակայն այն ակնհայտ բերում է փոխատվական կապիտալի թանկացման. այսինքն՝ պարտքով փողը կամ վարկային ռեսուրսը թանկանում է: Ու եթե շարունակելու լինենք այս տրամաբանությունը, ապա դա տնտեսությունն ապախթանող գործոն է»,- ասաց տնտեսագետը 168.am-ի հետ զրույցում:
Անդրադառնալով արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվող գնաճային ազդեցությանը՝ Թադևոս Ավետիսյանն օբյեկտիվ համարեց միջազգային մի շարք գործոններով պայմանավորված գնաճը, սակայն նկատեց, որ դրան նպաստում է նաև երկրում մենաշնորհների առկայությունը. «Այս երեք տարիներին որքան խոսել են մենաշնորհների վերացման և շուկայի ազատականացման մասին, այնքան ավելի վիճակը վատացել է. հատկապես ներմուծվող շուկաներում շարունակվում են ակներև պահպանվել մենաշնորհները:
Բայց գիտեք, այստեղ լուծումները բազմաթիվ են, և հույսը դնելով միայն կարճաժամկետ գործիքների՝ փողի քաղաքականության վրա, կարծում եմ, մենք չենք ունենա էֆեկտ. հիմնական լուծումը, որ մենք դուրս գանք այս գնաճային ցիկլից և կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ կայունություն ունենալ, կայուն զարգանալն է. մեր տնտեսությունը պետք է գրանցի կայուն աճ»:
Այս առումով տնտեսագետը կարևորեց նաև ներմուծելու փոխարեն՝ հայրենական արտադրությունը խթանելու անհրաժեշտությունը. «Խելքները չի հերիքում, որ մտածեն նաև ներմուծման փոխարինման մասին. ինչո՞ւ ներմուծենք ապրանքներ, որոնք, ակնհայտորեն, այս գնաճային պայմաններում կարող ենք ավելի ցածր գնով արտադրել մեր երկրում, և դրանով ոչ միայն կլուծենք մրցակցության, ներմուծման, գների կայունացման խնդիրները, այլ նաև՝ ավելի կարևոր՝ նոր աշխատատեղերի, ներքին հարկերի և, ընդհանուր առմամբ, տնտեսական զարգացման խնդիրները»:
«Քանի որ 4 օր է մնացել ապիկարներին, անիմաստ է արդեն գնահատել իրենց քաղաքականությունը»,- եզրափակեց տնտեսագետը: