12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. ԿԲ նախագահ

«ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ապա ներկայացրեց տնտեսության վիճակը նկարագրող մի քանի թվեր,- 2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%»:

ԿԲ նախագահը հավելեց, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում արձանագրվում են տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով և զգալի խթանող  քաղաքականությունների իրականացմամբ, իսկ համաշխարհային պահանջարկի արագ աճի և մի շարք այլ ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետևանքով հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:

«Նշված առաջարկի և պահանջարկի գործոններով պայմանավորված՝ գործընկեր երկրներում կանխատեսվում են նախկին գնահատականների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակներ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն»,- նկատեց Մ. Գալստյանը:

2021թ. ընթացիկ զարգացումների մասին էլ նա հավելեց, որ դրանք նախանշում են ՀՀ տնտեսական աճի և համախառն պահանջարկի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին, որին հիմնականում նպաստում են համաշխարհային պահանջարկի արագ աճը, արտերկրից դրամական փոխանցումների ավելացումը և մասնավոր սպառման աճի բարձր տեմպը,  մինչդեռ մասնավոր ներդրումային ակտիվությունը շարունակում է մնալ թույլ:

«Հաշվի առնելով արտաքին հատվածից և ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ, խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- եզրափակեց Մ. Գալստյանը՝ հավելելով՝  ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Տեսանյութեր

Լրահոս