
«ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոսներից և ասպիրանտներից շատերը հայրենասեր և պետականաշինության գործին անմնացորդ նվիրված քաղաքացիներ են». Վլադիմիր Հովհաննիսյան

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բավականին անպարկեշտ ձևով արտահայտվեց Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների մասին՝ նրանց անվանելով «կլոնացված իրավաբաններ, ովքեր ատում են սեփական ժողովրդին»:
Այդ առնչությամբ հոդվածով է հանդես եկել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կրթության կազմակերպման հարցերի մասին, ի թիվս այլնի, ասել է.
«Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել, և էսօր էլ էդ համակարգը վերացված չի, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, երբ ինքն իրեն անընդհատ վերարտադրում էր։ Եթե որևէ աշխատատեղ՝ դա էդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ՝ դա էդ էլիտայի ներկայացուցիչների համար է։ Էսօր ամենաշատը դա երևում է իրավաբանների վրա։ Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60%-ը պարզապես ատում է սեփական ժողովրդին»:
Չեմ կարող ենթադրել, թե ինչ կոնկրետ հեռահար նպատակով է նման հայտարարություն արվել, սակայն վստահաբար կարող եմ պնդել, որ այն հորինված և իրականության հետ որևէ կապ չունեցող բացարձակ կեղծ տեղեկություն է: ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հսկայական և անուրանալի աշխատանք է կատարել, որպեսզի ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հանրապետությունում իրավագիտությունը զարգանա ոչ միայն ժամանակակից ժողովրդավական արժեհամակարգերի պահանջներին համահունչ, այլև, որպեսզի իրավագիտության ողջ «գործիքակազմը» ծառայի մեր պետության ներքին իրավական անվտանգության և միջազգային հարաբերությունների կարգավորման արդյունավետության ապահովմանը:
Չեմ կարող ենթադրել, թե ով և ինչ համակարգիչով է հաշվել և եզրակացրել, որ մեր ֆակուլտետի ուսանողների «60%»-ը պարզապես ատում է սեփական ժողովրդին» (իսկ ինչո՞ւ ոչ 50%-ը կամ 70%-ը), սակայն կարելի է կռահել, որ վերոնշյալ հայտարարության հեղինակը նման եզրահանգման է եկել անմիջապես իրեն ենթակա և իր հանձնարարությունները կուրորեն կատարող իրավաբանների հետ շփումների արդյունքում:
Անվերապահ կարելի է պնդել, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոսներից և ասպիրանտներից շատերը իրենց մասնագիտական պատրաստվածությամբ ոչ միայն լիովին բավարարում են միջազգային չափորոշիչներին, այլև հայրենասեր և պետականաշինության գործին անմնացորդ նվիրված քաղաքացիներ են:
Իմ շատ լավ ընկեր Յուրի Մկրտումյանը, որը համալսարանական էր, իսկ հետագայում նշանակվեց ՀՀ դեսպան Ռուսաստանի Դաշնությունում, շատ չափավոր և զուսպ անձնավորություն էր, ոչ մի անգամ նրանից շատ կոպիտ խոսք կամ հայհոյանք չեմ լսել: Սակայն, երբ որևէ մեկը նրան շատ էր զայրացնում, Յուրան նրան ասում էր «անխիղճ անաստված, այդ ի՞նչ ես ասում»:
Այո՛, սուտ էլ կա, սուտ էլ: Մեր այս դեպքում, սուտը Աստծո և բարձրագույն մարդկային բարոյականության դեմ ուղղված քայլ է, քանզի այն նպատակ ունի ոչ միայն վարկաբեկել, այլև ավերել, քանդել, ոչնչացնել կայացած և միջազգային լուրջ հեղինակություն ունեցող այնպիսի հաստատություն, ինչպիսին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն է:
Ն. Փաշինյանի դատողությունն այն մասին, որ պետական պաշտոնները և իրավաբանական կրթությունը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում «էլիտայի ներկայացուցիչների համար է», զուրկ է որևէ փաստական հիմքից:
Ֆակուլտետում ուսանելուց հետո տարբեր կարգավիճակով հանդիսացել, այժմ էլ հանդիսանում եմ այդ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, ուստի կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ աշխատասեր և սովորելու ձգտում ունեցող ցանկացած ուսանող, անկախ թե ում երեխան է, իսկույն շրջապատվել է հոգատարությամբ բոլոր առումներով:
Բավական է ուսումնասիրել վերջին տարիների մագիստրոսների և ասպիրանտների կենսագրությունը, որպեսզի համոզվեք, որ դրանք ոչ թե սոցիալական ծագումով են էլիտար, այլ իրենց սովորելու և որակյալ կրթություն ստանալու ձգտում ունենալու առումով:
Ես չէի անդրադառնա վերոնշյալ հայտարարությանը, եթե ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը ինձ համար շատ թանկ չլիներ: ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում մոտ չորս տարի ծառայելուց հետո, պատկերավոր ասած, փողոցից եկա և որպես ուսանող՝ մտա Համալսարանի շենք: Տարիներ անց այդ շենքից դուրս եկա և նշանակվեցի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, իսկ հետագայում՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև փոխնախագահ: Իմ ծնողները սովորական բանվորներ էին: Ամենայն ազնվությամբ և պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ ոչ պակաս հոգատարության ներքո են գտնվում ֆակուլտետի այսօրվա արժանավոր ուսանողները:
Չեմ պնդում, որ, անկախ սոցիալական ծագումից, վատ սովորող ուսանողներ ֆակուլտետում չկան: Սակայն, ամենապարզունակ ուսումնասիրության միջոցով անգամ շատ արագ կարելի է համոզվել, որ ֆակուլտետի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի նպաստի՝ անկախ սոցիալական ծագումից, հենց խելացի, աշխատասեր և բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները նշանակվեն պետական պաշտոնների:
Ինձ համար իմ կենսաբանական ծնողները սրբություն և բարձրագույն արժեք են, սակայն ուրացում կլինի, եթե չընդունեմ, որ Երևանի պետական համալսարանը, և Իրավագիտության ֆակուլտետը, սոցիալական կյանքի նախապատրաստման հարցում, ինչպես ինձ, այնպես էլ շատ-շատերի համար ծնողից ոչ պակաս դերակատարություն են ունեցել:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյան»: