Չարլզ 3-րդը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, այնուհետև մասնակցել պետական ընթրիքի
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթում հայտարարել է, որ չնայած Եվրոպայում և Մերձավոր Արևելքում անորոշությանն ու հակամարտությանը, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն միշտ կլինեն հավատարիմ դաշնակիցներ՝ միավորված ժողովրդավարության պաշտպանության գործում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Անկախ այն տարաձայնություններից և անհամաձայնություններից, որ կարող են լինել մեր միջև, մենք միասնական ենք ժողովրդավարությունը պահպանելու, մեր ժողովուրդներին վնասից պաշտպանելու և մեր երկրներում ծառայելու գործում ամեն օր իրենց կյանքը վտանգող մարդկանց քաջությունը գովաբանելու հարցում», – ասել է թագավորն ամերիկացի օրենսդիրներին։
Չարլզ 3-րդը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի կարևորությունը, Ռուսաստանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական օգնության անհրաժեշտությունը, մեկուսացման վտանգները և անդրադարձել է կլիմայական ճգնաժամին։
Չարլզ 3-րդը Մեծ Բրիտանիայի երկրորդ միապետն է, որ ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսին։ Նրա մայրը՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ էր ունեցել 1991 թվականին։
Կոնգրեսում ելույթից հետո Սպիտակ տանը մատուցված պետական ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չարլզ թագավորը չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Թագավորն այս հայտարարությունը չի մեկնաբանել։
«Մենք հիմա մի փոքր աշխատանք ենք կատարում Մերձավոր Արևելքի հարցում, և ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մենք ռազմական առումով հաղթել ենք այդ կոնկրետ հակառակորդին, և մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը, Չարլզն ինձ հետ նույնիսկ ավելի քան համաձայն է, մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը միջուկային զենք ունենա», – ասել է Թրամփը։
Իր հերթին, Չարլզ 3-րդը կատակել է՝ անդրադառնալով վերջերս Թրամփի արած հայտարարությանը՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցության հետ։
«Պարոն նախագահ, Դուք վերջերս ասել էիք, որ եթե չլիներ Միացյալ Նահանգները, ապա եվրոպական երկրները գերմաներեն խոսելիս կլինեին։ Կհամարձակվեմ ասել, որ եթե չլինեինք մենք, ապա դուք ֆրանսերեն խոսելիս կլինեիք», – ասել է Մեծ Բրիտանիայի թագավորը՝ ներկաների մոտ ծիծաղ առաջացնելով։



