«Պահանջում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար՝ այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու՝ ամաչեք». Թագուհի Թովմասյանը՝ Լենա Նազարյանին

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում հարց բարձրացրեց Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների դիերը ոչ պատշաճ պայմաններում պահելու մասին։

«Դժվար էր պատկերացնել ավելի զարհուրելի տեսարան, քան այն, որ մեր տղաների դիերը լցված էին տոպրակների մեջ և գցված էին դիահերձարանում։ Ընդհանրապես դիերը մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ կյանք են զոհել, բայց իրենց ընկերոջ դիակը հանել են, որպեսզի չմնա չպղծվի։ Հիմա ստացվում է, որ մենք մազապուրծ արել բերել ենք այդ դիակները ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ երկրի համար արժե մահանալ։ Սա վատ մեսիջ է, և չգիտեմ՝ դրա հետևանքն ինչ կարող է լինել, հատկապես, երբ մենք հիմա գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում։ Ես հիմա գալիս եմ իմ ծննդավայրից, Վարդենիսի այն շրջաններում, որտեղ լցված են ադրբեջանցի զինուժի ներկայացուցիչներով, ամեն վայրկյան կարող են նոր բռնկումներ լինել։ Անընդհատ լինում են միջադեպեր, նույնիսկ բահերի պոչերով են իրար հետ կռվում, քանի որ միմյանց չեն կրակում»,- ԱԺ արտահերթ նիտում ասաց Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանի ելույթի ավարտից հետո, առանց բարձրախոսն անջատելու՝  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատգամավորին անվանեց «իդիոտկա», նրա խոսքն այնքան բարձր էր, որ լսելի էր ոչ միայն դահլիճում եղածների, այլ նաև նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևողների, տեսագրությունը դիտողների համար։

Պատգամավորների ելույթի ժամանակ Թագուհի Թովմասյանը կրկին բարձրացավ ԱԺ ամբիոն և Լենա Նազարյանից պահանջեց  անհապաղ ներողություն խնդրել՝ իր  հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար։

«Քիչ առաջ ես խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին և որպես արձագանք՝ ԱԺ նախագահողն իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն իմ հասցեին։ Տիկին Նազարյան, պահանջում եմ ամբիոնից ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Լրատվամիջոցները ողողված են ձեր խոսքով՝ հերքելու կարիք չկա, բարձրախոսը միացված է, և դուք պարզ իմ հասցեին ասում եք վիրավորական արտահայտություն։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, Դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորական արտահայտությա՞մբ, դրա փոխարեն՝ ամաչեք։ Ընդհանրապես այս ի՞նչ վարքագիծ է, ի՞նչ եք ուզում ապացուցել։ Ես երբ ասում եմ, որ այս պատերազմը հետք է թողել կոնկրետ ինձ վրա, ես այն իմ մաշկին զգացել եմ, ձեզ թվում է՝  ուղղակի խոսքեր եմ ասում։ Դուք այստեղ Երևանում նստած՝ ոչնչից տեղյակ չեք, դուք ի՞նչ գիտեք՝ Հայաստանում ինչ է կատարվել նոյեմբերի 9-ից հետո, դուք չեք զգում, թե ձեր մանկության տարածքներն այսօր թշնամին ոնց է պղծում, ես դա իմ մաշկի վրա եմ զգում։ Մի հատ սթափվեք ու հետևություններ արեք»,- ընդգծեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Լենա Նազարյանը, իհարկե, արձագանքեց գործընկերոջ ելույթին, անդրադարձավ իր ապրումներին, բայց այդպես էլ ներողություն չխնդրեց վիրավորական արտահայտություն թույլ տալու համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս